97 լավագույն սկսնակ նկարիչները անցան մրցութային փուլ. մեկնարկեց «Էտյուդ»  մրցույթ փառատոնը

- in Մշակույթ

Հոկտեմբերի 13-ին «Սպիտակ» մարզամշակութային կենտրոնում՝ նկարչության նախընտրական փուլով, մեկնարկեց «Էտյուդ» հանրապետական մանկապատանեկան  առաջին մրցույթ- փառատոնը: 

Ժյուրիի անդամների՝ գեղանկարիչ,  Հայաստանի նկարիչների միության անդամ, վարչության անդամ, գեղանկարչության սեկցիայի նախագահ՝ Համլետ Ասատրյանի և գեղանկարիչներ, Հայաստանի նկարիչների միության անդամներ, վարչության անդամներ, գեղանկարչության բյուրոյի անդամներ՝ Արտյուշա Ավետյանի և Մարտին Ակողլյանի համար  ներկայացված 268 նկարներից  լավագույնների ընտրությունը բարդ եղավ:  Առաջնորդվեցին մի շարք սկզբունքերով.

-Մենք նկարների ընտրության հարցում շարժվել ենք մի սկզբունքով: Ուշադրություն  ենք դարձրել նախ և առաջ այն հանգամանքին, որ նկարները սկզբից մինչև վերջ նկարված լինեն երեխաների ձեռքով: Եթե  նկարի մեջ նկատել ենք պրոֆեսիոնալ մարդու ձեռագիր,առաջինն ենք մի կողմ դրել, – նշեց Համլետ Ասատրյանը, հավելելով, որ իրենք շատ լավ գիտեն յուրաքանչյուր տարիքային խմբի երեխաների մաքսիմալ ընդունակությունները և  ուսուցչի ձեռագիրը երևում է միանգամից:

Ավելի բարձր՝ 12-14 տարիքային խմբում ներկայացված աշխատանքները ըստ ժյուրիի անդամների զիջում էին իրենց որակով, մաքրությամբ և վառ երևակայության արտահայտվածությամբ, այդ պատճառով հենց այդ տարիքային խմբից ընտրված նկարները քիչ են: Ընդհանուր առմամբ 268 նկարներից ընտրվեց 97-ը:

Փառատոնի նկարչության ոլորտի հաջորդ՝ մրցութային փուլը կանցկացվի հոկտեմբերի 23-ին՝ Մոսկովյան 3 հասցեում գտնվող Մանկապատանեկան ստեղծագործության քաղաքային կենտրոնում: Հենց այս փուլում պարզ կդառնա մասնակիցներից յուրաքանչյուրի իրական կարողությունները, քանի որ նրանք  այդ օրը կնկարեն տեղում, իսկ թեման կընտրեն ժյուրիի անդամները:

Առաքել Տոնոյան

Լուսանկարը՝ Էլենա Խաչատրյանի

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments