Բլից. «Ըստ երևույթին, ես սիրահարվող եմ եղել». Ռուբեն Հովսեփյան

- in Մշակույթ
Ruben Hovsepyan

Մեծ արվեստագետ, մտավորական Ռուբեն Հովսեփյանի հետ այս հարցազրույցը ավագ դուստրս վարել է անցած տարի ամռանը. 3 Jun 2015, բլից-երի շարքում ամենալավագույնը, որ մեծ արձագանք գտավ, որովհետև իրեն հատուկ շատ անկեղծ էր խոսել: Աստված հոգիդ լուսավորի, Ռուբեն Հովսեփյան …

Գրող, թարգմանիչ, հրապարակախոս, «Նորք» ամսագրի գլխավոր խմբագիր, Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ, ժամանակին ԱԺ պատգամավոր, դաշնակցական գործիչ, հրաշալի մարդ Ռուբեն Հովսեփյանի հետ է մեր հերթական բլից հարցազրույցը: Կարդացե´ք ու գնահատեք մտավորական մարդու անկեղծությունը:

– Ո՞վ եք Դուք և ինչպիսի՞ն եք: 

– Սովորական մի հայ, ով պատահաբար գրող է դարձել: Ես դժվարանում եմ ինձ բնորոշել, ես ավելի շատ վարժվել եմ ուրիշներին բնորոշելուն:  

– Մանկությունից կամ պատանեկությունից ի՞նչն է ամենաշատը տպավորվել Ձեր մեջ:

– Ամբողջ մանկությունս: Շատ հարուստ օրեր և ակնթարթներ են եղել: Ընկալումս է այդպիսին, որովհետև եթե խորը մտածեմ, այդքան էլ հետաքրքիր օրեր չեն եղել, բայց մանուկի ընկալումը շատ է սպունգի նման: Դրա համար մանկությունը ինձ համար դարձել է ամենահարուստ ժամանակաշրջանը:

– Ձեր առավելությունները որո՞նք են:

– Երևի անմիջականությունը և սուտ չխոսելը:

– Իսկ թերություննե՞րը:

– Թերևս այս առավելությունները երբեմն դառնում են թերություններ: Կյանքում երբեմն այնպիսի պահեր են լինում, երբ անմիջական և անկեղծ չպետք է լինես:

– 5 ածականով բնութագրե՞ք Ձեզ:

– Համբերատար, հանդուրժող, անկեղծ, հնարավորինս ազնիվ և պրպտող:

– Ձեր մեղքերը, որոնց համար դատապարտվելու եք:

– Ես մեղքի մասին ժամանակին մի պատմվածք եմ գրել, որտեղ այդ մեղքը նկարագրված է: Ես դա մեղք եմ համարում, որը կապված էր հորս հետ: Երկուսով նստած թեյ էինք խմում: Այդ պահին ես բարկացած էի հորս, թե՞ կյանքի վրա, չգիտեմ: Մի գդալ կար, որով ես պտտացնում էի թեյը, շաքարը խառնում, հայրս էլ սպասում էր, թե երբ ես կվերջացնեմ, որ ինքը խառնի, հետո` այլևս չդիմացավ և ասաց, որ տամ գդալը, ես էլ ասացի, որ չեմ տալիս, իսկ նա կոպտելու կամ բարկանալու փոխարեն ասաց. «Լավ, դու գիտես»: Դրա համար ես ինձ ավելի մեղավոր զգացի:

– Ձեր կյանքի ամենամեծ սխալը:

– Մեծ սխալներ երևի թե չեմ ունեցել, միայն փոքր սխալներ են եղել: Բայց դրանք էլ թերևս պետք չէ փոքր համարել, որովհետև մեծանալու հատկություն ունեն: Սուտն, ինչպես են ասո՞ւմ, երբ մի սուտ են ասում, այն պահելու համար նորն են ստում, որի արդյունքում էլ այդ փոքր և չնչին ստերը մեծանում են: Ես շատ շուտ եմ գլխի ընկել, որ այդպես է և դրա համար ինձ կոփեցի ու դաստիարակեցի, որպեսզի այլևս չստեմ:

– Ձեր կյանքի ամենահամարձակ քայլը:

– Իմ ամենահամարձակ քայլը` երկրաբանականն ավարտելուց հետո մասնագիտությամբ աշխատելու նպատակով Թուրքմենիա գնալն էր: Այստեղ էին թե՛ հարազատներս, թե՛ ընկերներս, և թե՛ աշխատանք ունեի այստեղ, բայց որոշեցի մեկնել:

– Որո՞նք են Ձեր խոցելի կողմերը:

– Շուտ եմ երևի վիրավորվում, շատ հաճախ ցույց չեմ տալիս, բայց ներքուստ գիտեմ, որ վիրավորվել եմ: Բարեբախտաբար, հիշաչարությունը շատ հզոր չէ իմ մեջ, որովհետև հիշաչարությունն ու վրեժխնդրությունը, այն ինչ ես չեմ կարողանում անել, հասկացել եմ, որ բնությունն է անում իմ փոխարեն:

– Թշնամիներին և հակառակորդներին ինչպե՞ս եք դիմագրավում:

– Ես շատ վաղուց սկսել եմ ընտրողականություն ցուցաբերել: Օրինակ. հավաքույթների ժամանակ, երբ իմանում եմ որ այդտեղ լինելու է այն մարդն, ով ինձ համար տհաճ է, չեմ գնում: Այսինքն` խուսափելով եմ դիմագրավում, որովհետև չեմ սիրում պայքարել մեկի դեմ, ում` չեմ սիրում:

– Սկզբունքներ, որոնք խախտել եք, և որոնք երբեք չեք խախտի:

– Ես չեմ խախտի իմ ընկերականությունը, ես միշտ աշխատել եմ չկորցնել այն: Հավատարմության նման մի զգացողություն կա իմ մեջ, աշխատում եմ հավատարմությունս պահեմ, երբեմն չի ստացվում, երբեմն սխալվում եմ, բայց միևնուն է` հնարավորինս պահում եմ: Կենցաղային հարցերում որոշումներ եղել են, որոնք խախտել եմ: Օրինակ. որոշել եմ, որ վաղվանից չեմ ծխելու, բայց չեմ կարողացել: Թեև` շատ չեմ փորձել: Սկզբունքային չեմ եղել, որովհետև այն, ինչը սկզբունքային ես համարում, երբեք չես խախտում:

– Տխրությունը և ուրախությունը ո՞ւմ կերպարով են Ձեզ այցելում:

– Որախությունը համակում է ինձ իմ մտերիմների, հարազատների հաջողությունների ժամանակ, երբ տեսնում եմ, որ օրինակ թոռս հաջողության հասավ, առաջին քայլն արեց: Կամ` ընկերներիցս մեկը երբ գիրք է տպագրում: Ինձ պես նաև ուրախանում եմ, երբ օրինակ, կինոնկար եմ նայում, ուր ինչ-որ հաջող դրվագ է, հաջողված արտահայտություն:

Տխրությունը, երբ օրինակ, որևէ մեկի հետ վատ բան է պատահում: Ինձ հետ կատարված տխրություններին և ուրախություններին ես այդքան էլ սուր չեմ արձագանքում, որքան շրջապատի, որովհետև ինձ հետ պատահածը, չգիտես ինչու, բնական եմ համարում:

– Դուք Ձեզ երջանիկ մարդ համարո՞ւմ եք, կատարյալ երջանիկ լինելու համար ի՞նչ է Ձեզ պակասում:

– Երջանիկ լինել ամբողջ կյանքում, կարծում եմ, ճիշտ չէ, որովհետև երջանկության պահեր են լինում, և այդ պահերը եթե գումարես մի քանի տարի հազիվ կազմեն: Ես էլ երջանիկ պահեր շատ եմ ունեցել: Կատարյալ երջանկության համար, երևի թե, ոչինչ չի պակասում, քանզի գիտեմ, որ կատարյալ երջանկություն չկա: Դրա ետևից չեմ ընկնում, որովհետև գիտեմ` հնարավոր չէ:

– Ո՞րն է հաջողության հասնելու Ձեր երեք պայմանը:

– Ես ինձանից վերանամ և ասեմ, որ հաջողության հասնելու ամենակարևոր բանը Աստծուց տրված, բնությունից տրված շնորքն է, գումարած աշխատանքը: Շնորքն իր մեջ պարունակում է բոլորը, որոնք անհրաժեշտ են հաջողության հասնելու համար, բացի` աշխատասիրությունից: Շնորքի մեջ բոլոր տեսակի բաները կան՝ ազնվությունը, անկեղծությունը, անմիջականությունը, մնում է, որ աշխատասեր լինի մարդը, որովհետև կյանքում ես շատ մարդկանց եմ հանդիպել, ովքեր շնորք ունեին, բայց ոչնչի չհասան ծուլության շնորհիվ:

– Ի՞նչ կփոխեիք Ձեր մեջ, եթե նորից ծնվեիք …

– Իմ կողմից դավաճանություն կլինի, եթե ասեմ, որ այսինչ բանը կփոխեի, որովհետև, այն ինչ կայացել է, արդեն ստացվել է ու, եթե ես ինձ թույլ տայի ուզել մեկ այլ կյանք, ապա այն կլիներ այնպես, ինչպես ուզում էի/եմ կամ, թե այնպիսին, ինչպիսին եղել է, որովհետև այն, ինչը որ ունեմ, ես դա եմ սիրում: Այդ միտքը նաև Տոլստոյն ունի, ասում է. «Ես երջանիկ եմ ոչ թե նրա համար, որ ունեմ այն ամենը ինչ սիրում եմ, այլ նրա համար, որ սիրում եմ այն ամենն, ինչն ունեմ»:

– Ի՞նչն է  Ձեզ զարմացնում և զայրացնում:

– Զայրացնում է անարդարությունը, ոչ միայն իմ նկատմամբ այլև հարազատի, հարևանի, բայց չգիտեմ` ի՞նչ անեմ, որ այդպես չլինի:

Շատ բան է զարմացնում: Ես բնությունից շնորհակալ եմ, որ մինչ օրս զարմանալու շնորքս չեմ կորցրել: Մինչև հիմա ես զարմանում եմ, թե ինչպե՞ս է ինքնաթիռը թռչում, ինձ համար դա հաճելի զարմանք է: Ժամանակին ռադիոներ էինք պատրաստում և ամեն անգամ զարմանում էի, թե ինչպե՞ս է մարդը հասնում այն բանին, որ հանկարծ առանց էլեկտրականության լսվում է ռադիոյի ձայնը:

– Ինչի՞ց եք հոգնում, և ո՞վ է Ձեզ կյանքում օգնել:

– Հոգնում եմ միօրինակությունից և դժբախտաբար այն ամեն տեղ կա՝ թե՛ տանը, թե՛ աշխատավայրում, թե՛ դրսում: Երիտասարդ ժամանակս, երբ էներգիաս ավելի շատ էր` կարողանում էի այդ ամենի դեմ պայքարել՝ աշխատանքն ու տունն էի փոխում, գնում էի արտերկիր, նոր բաներ էի տեսնում … Տարիքի հետ շարժումը պակասում է և միօրինակությունը սկսում է իշխել, ծերության ամենամեծ թերությունը հենց դա է:

Օգնողներ շատ կան՝ ընտանիքից սկսած, ընկերներով վերջացրած, բայց այն աշխատանքը, որով դու զբաղվում ես, քո զբաղմունքը, արվեստը երևի թե այն չէ, որ օգնողի կարիք զգաս: Ու հնարավոր է, որ օգնել ցանկանալով` խանգարեն:

– Ձեր կյանքի ամենամեծ պարտությունը և հաղթանակը:

– Փոքր պարտություններ են եղել, էլի մեծ չեն, իսկ մեծ հաղթանակ չի եղել:

– Ի՞նչ խոչընդոտներ և վտանգներ եք հաղթահարել կյանքում:

– Թուրքմենիայում, այնտեղ որտեղ ես աշխատում էի՝ անապատում, հիմնական աշխատողները, բանվորները նախկին կալանավորներ էին: Բնականաբար երկու, այսպես կոչված, տարբեր աշխարհների ներկայացուցիչներ ամեն օր հանդիպում էին իրար: Այնտեղ բախումներ շատ են եղել ու հատկապես հարբած ժամանակ ձեռքներին ազատություն էին տալիս: Մի քանի անգամ չգիտեմ իմ պահվածքից, թե` պատահաբար, փրկվել եմ: Այնտեղ, որտեղ ես աշխատում էի, շատ մոտիկ մի մեծ ճահճուտ կար, որտեղ հետագայում պարզվեց, որ միլիոնավոր օձեր կան, և մենք այդ ճահճուտով էինք անցնում, դեպի մոտակա քաղցրահամ լիճը: Մի անգամ օձը դուրս եկավ իմ դիմաց, ես քարացա և դա փրկեց ինձ, որովհետև, եթե շարժում անեի` կխայթեր:

– Ի՞նչ սենսացիոն հայտարարություն կարող եք անել հենց հիմա` այս հարցազրույցի շրջանակում, այնպես, որ մեր բոլորի բերանը «բաց մնա»:

– Պաշտպանենք երեխաներին մեծահասակներից:

– Ձեր կենսագրության մեջ ամենահպարտանալու կետը ո՞րն է:

– Իմ երկու աղջիկները և թոռներս: Մեծ աղջիկս շատ լավ գրող է, լավ գրիչ ունի, իսկ փոքր աղջիկս շատ լավ նկարիչ է: Մեծ թոռնիկս մի քանի օր առաջ ստացավ ՀՀ նախագահի մրցանակը՝ ֆիլմի համար, կինոռեժիսոր է, մյուս թոռնիկս տեղեկատվական կայք ունի, իսկ ամենափոքր թոռնիկս ընդհամենը հինգ տարեկան է:

– Կա՞ արդյոք որևէ բան, որի համար ամաչում եք:

– Ամաչելու պահեր եղել են, երբ որևէ իրավիճակում քեզ պետք է պահեիր այնպես, ինչպես մտածում էիր, բայց չես արել: Իմ միտքը և զգացումները շատ ավելի ընդունելի են ինձ համար, քան ֆիզիկական արարքներս:

– Ի՞նչ հոբբի ունեք:

– Մնայուն հոբբիներից մնացին խաղերը: Սոս Սարգսյանի հետ շախմատ էինք խաղում: Երկարատև հոբբի, կարելի է ասել, չունեմ, որովհետև անընդհատ փոխել եմ, ամեն ինչով զբաղվել եմ երեխա ժամանակ, թե՛ նամականիշներ էի հավաքում, թե՛ խմբակների էի հաճախում, թե՛ սպորտով էի զբաղվում … Ես հիշում եմ, որ ֆիզիկայի մի դասախոս ունեի, շատ հարցեր էի տալիս նրան, մի օր հանկարծ ասաց, որ երեկոյան գնամ Ղուկասյանի այգի, համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի 3 – 4 կուրսեցիներից խումբ էին կազմել: Պարզվեց, որ այդ խումբը պատրաստվում էր դիտելու ապագա արբանյակները: Ամեն օր գալիս էինք, ամբողջ գիշեր սպասում, որ արբանյակ արձակեն, բայց չէին արձակում, հետո մի գիշեր, երբ տանն էի, այդքան սպասելուց հետո պատահական արձակեցին:

– Ինչի՞ եք պատրաստ հանուն սիրո և ինչի՞ պատրաստ չեք:

– Հանուն սիրո` ամեն ինչի պատրաստ էի: Ոչ միայն ամեն ինչ կարող էի անել սիրելիիս, այլև նրա աչքին երևալու համար: Հիշում եմ մի անգամ արդեն ապագա կնոջս հետ գնացել էինք Կենդանաբանական այգի և հանկարծ նրա ձեռքի փուչիկը ընկավ այնտեղ, որտեղ փիղն էր: Բավական բարձր պատ էր, բայց դա ինձ չկանգնեցրեց, ես իջա ներքև ու հենց փուչիկը վերցրի, որ բարձրանամ փիղը դուրս եկավ, մի կերպ դուրս պրծա: Հանուն սիրո, քո հնարավորություններով, ֆինանսական միջոցներով ժամանակին պատրաստ չէիր անել այն ամենը ինչն ուզում էիր:

– Կանայք … ինչպիսի՞ն են նրանք և ինչպե՞ս կարելի է գրավել նրանց սիրտը:

– Կանայք, ինձ համար, ամենամեծ հանելուկն են: Իսկ նրանց սիրտը գրավե՞լ, ես ճիշտն ասած նման հարցերից միշտ խուսափել եմ, որովհետև ճաշակները տարբեր են, հետևաբար` բոլոր կանանց սիրտը նույն ձևով չես կարող գրավել:

– Առաջին սիրո խոստովանություն:

– Բառերով չեմ կարող, բայց հիշում եմ բոլոր սիրահարվածություններս: Ըստ երևույթին, ես սիրահարվող եմ եղել: Չգիտեմ երկչոտություն ասեմ, թե` անինքնավստահություն, բայց ես երբեք բառերով սիրո խոստովանություն չեմ արել ու աշխատել եմ ցույց չտալ, թեև` կողքիններս միշտ նկատել են:

– Իսկ Ձեզ սիրո խոստովանություններ արե՞լ են:

– Եղել է, դա էլ է եղել:

– Խենթություններ, որոնք արել եք սիրելիի համար:

– Նման բաներ էլ են եղել:

– Ամենառոմանտիկ օրը:

– Իմ կինը, երբ դեռ իմ կինը չէր, արդեն ապրում էր Երևանում, բայց ընտանիքը Խանլարում էր, և ես գնացել էի այնտեղ, նրա ձեռքը խնդրելու: Միասին դուրս եկանք զբոսնելու, ամբողջ օրը անցկացրեցինք: Վերադառնալիս շատ ուժեղ կայծակ էր, շանթ, ես այդպիսի կայծակ առաջին անգամ էի տեսնում, վայրկյանը մեկ ժայթքում էր: 

– Բնութագրեք Ձեր ընտրյալին: Ի՞նչը չեք սիրում նրա մեջ և ի՞նչն եք սիրում:

– Նրա մեջ շատ լավ բաներ կան, օրինակ. ազնվությունը և հոգատարությունը: Չափազանց հոգատար է ոչ միայն իմ, այլև բոլոր բարեկամների հանդեպ: Միակ բանը, որ չեմ սիրում, բայց պրոֆեսիոնալիզմից բխող է` ուսուցչուհի է եղել և այդ ուսուցչությունն անում է մինչ օրս, ոչ միայն իմ, այլև աղջիկներիս և թոռներիս հանդեպ: Ես երբեմն բարկանում եմ, որովհետև ինձ աշակերտի նման եմ զգում:

– Զոքանչի մասին մեկ անեկդոտ կպատմե՞ք: Ժխտողական պատախաններ չեն ընդունվում:

– Շատ կան, բայց այս պահին դժվարանում եմ մտաբերել:

– Տան հոգսերից որո՞նք են Ձեզ վրա:

– Շատ հաճախ շուկա եմ գնում, երբեմն նաև ուտեստներ եմ պատրաստում, դրանք ֆիրմային են, նույնիսկ ընկերներս գիտեն, օրինակ. իմ ձեռքով պատրաստած ամառային խաշլաման:

– Ամենաթանկարժեք իրը, որ ունեք:

– Երբ գնում եմ հայրական տուն` Արմավիր, երբեմն, երբ մենակ եմ մնում, սկսում եմ քրքրել և գտնել այնպիսի իրեր, որոնք հիշողություններ են արթնացնում իմ մեջ, կարծում եմ, դրանք շատ ավելի թանկ են, քան որևէ թանկարժեք մետաղ:

– Հայրական ապտակի արժանացե՞լ եք:

– Մի անգամ եղել է այդպիսի դեպք: Մենք մինչ մեր տունը կառուցելը՝ Արմավիրում, երկհարկանի մի տուն կար, այնտեղ վարձով էինք ապրում: Տանտերը պատերազմից ոսկյա ժամացույց էր բերել, նրա կինն էր կրում: Երևի լվացքի ժամանակ հանել էր, հանկարծ անհետացել էր: Մեր սենյակները իրար դիմաց էին: Գնդակ խաղալիս երբեմն գլորվում էր նրանց տուն, ես էլ գնում, վերցնում էի: Այդ ժամանակ 6 – 7 տարեկան էի: Նրանց թվացել էր, որ եթե ես եմ գնում, գալիս, ուրեմն` ես եմ գողացել: Երբ հայրս եկավ տուն, այդ մասին նրան ասացին, հայրս ինձ ասաց` խոստովանի´ր, որ դու ես դա արել, ես էլ ասացի, որ ես չեմ արել ու նա ապտակեց ինձ, բայց հետո երբ ես լաց եղա, նա հասկացավ, որ ես չեմ: Հայրս գնաց մի մեծ վրան բերեց, դրեց այն հողատարածքի վրա, որտեղ մեր տունը պետք է կառուցեինք ու մենք տեղափոխվեցինք, թեև տանտերերը պնդում էին, որ մնանք: Մի քանի ամիս անց պարզվեց, որ տանը օձ է եղել և, քանի որ օձերը ոսկի սիրում են վերցրել, տարել էին:

– Վեճերի, կռիվների, ծեծկռտուքների մասնակցե՞լ եք և կապտուկներով վերադարձե՞լ եք տուն:

– Շա~տ, իսկ ամենամեծ ծեծկռտուքը, որն ունեցել եմ, դա եղել է Թուրքմենիայում աշխատելուս տարիներին, երբ իմ հայ ընկերը մի տղայի հետ ծանոթացրեց և ասաց, թե նա էլ է հայ: Հաջորդ օրը, երբ մենակ էի, հանդիպեցի այդ տղային, հայերեն բարևեցի` չհասկացավ, իսկ երբ հարցրեցի ի՞նչ է` հայ չե՞ս, նա ինձ հարվածեց և ասաց, որ հայը ես եմ: Գնաց ու ետ վերադարձավ 20 – 30 հոգանոց խմբով` սկսեցին ինձ հարվածել: Իհարկե, ես էլ էի հարվածում, բայց քանի որ նրանք շատ էին, չէի կարող բոլորին դիմադրել: Հետո ընկերս հայտնվեց, սրանք ցրվեցին, պարզվեց այդ տղան ադրբեջանցի էր: Բավական ծեծվել էի ու մոտ մեկ ամիս չէի կարողանում նորմալ հաց ուտել, որովհետև ծնոտս ցավում էր:

– Օրը քանի՞ տուփ եք ծխում, ամենաշատը ինչքա՞ն կարող եք խմել և ի՞նչ եք նախընտրում խմել:

– Հիմա քիչ եմ խմում, բայց ժամանակին ես և ընկերներս, երբեմն Հրանտ Մաթևոսյանը և Աղասի Այվազյանը, աշխատում էինք «Գրական թերթ»-ում, որի գլխավոր խմբագիրը Համո Սահյանն էր, բարձրանում էինք «Արագիլ» ռեստորան ու խմում էինք ամեն մեկս գրեթե մի շիշ օղի: Երբ արտասահմանում եմ լինում, ապա նախընտրում եմ խմել վիսկի, իսկ ընդհանրապես` օղի: Մի պահ կար, որ 3 տուփը գերազանցում էի, բայց հիմա 2 տուփ եմ ծխում:

– Մոլախաղերում ինչքա՞ն գումար եք պարտվել և հաղթել:

– Մոլախաղերում շատ հաջողակ եմ, մեկ անգամ է եղել որ պարտվեմ, այն էլ խարդախության զոհ եմ դարձել, բայց քանի որ բնույթով ազարտի ընկնող եմ, շատ չեմ խաղացել: Այն ինձ համար զուտ սիրողական բնույթ է կրել:

– Եթե ոսկե ձկնիկ բռնեիք, ի՞նչ կխնդրեիք (հատուկ խնդրանք` ազգի, հայրենիքի համար բան չխնդրել):

– Կասեի, որ այլևս ոչ մեկի կողմից չբռնվի:

– Ո՞րն է Ձեր կյանքի հեքիաթը:

– Իմ կյանքի հեքիաթը իմ ապրելն է, իմ կյանքը:

– Կներկայացնե՞ք  մանկության չիրականացած և իրականացած մեկական երազանք:

– Երեխա ժամանակ շատ էի ուզում հեծանիվ ունենալ, չգիտեմ` ցավ ասեմ, թե` ինչ, բայց իմ մեջ այդպես էլ մնաց այն, որ ես հեծանիվ չունեցա: Իրականացած երազանքը, այնպես` մանր բաներ են եղել, որոնք կատարվել են:

– Ճակատագիր կա՞, թե` մարդն ինքն է որոշում ինչպես ապրել: Ունե՞ք կյանքից ստացած դասեր:

– Ամենահետաքրքիրն այն է, որ թե՛ ճակատագիր կա, թե՛ կյանքից ստացած դասեր: Հիմա, թե ով ինչպե՞ս կարող է դրանք համատեղել, դա չգիտեմ: Բայց ճակատագրին պետք է նաև նպաստել:

– Երբևէ գուշակների այցելե՞լ եք: Ձեր սուրճի բաժակը նայո՞ւմ են:

– Ես շատ չեմ հավատում նման բաների, մանավանդ` մի փորձ ունեմ ուսանողական տարիներից. Չեմ հիշում ինչ առիթով, տխուր, հանրակացարանի իմ սենյակում պառկած էի, կիսանկուղային սենյակ էր, մեկ էլ հանկարծ մի գնչուհի տեսավ ու առաջարկեց գուշակել ապագաս: Ես մոտեցա` ծիծաղելով ձեռքս տվեցի, բայց ասաց, որ զուտ ձևի համար փող դնեմ ափիս մեջ, ձեռքը դրեց ձեռքիս վրա և սկսեց խոսել, հետո` փողը ձեռքիցս գողացավ և փախավ:

– Ամենաշատը ի՞նչ թեմաներով եք ստիպված լինում սուտ ասել կամ խաբել ինչ-որ մեկին:

– Առհասարակ ստել չեմ սիրում, բայց երբեմն պահեր լինում են, երբ մտածում ես, որ ավելի լավ է սուտ խոսես, քան ճիշտն ասես ու մեծ մասամբ ես ճիշտ եմ, որ այդ պահին այդ սուտը արդարացված է: 

– Ասում են` իսկական տղամարդը չի խմում, չի ծխում, չի խաղում, երբեք չի վիճում  ու պարզապես գոյություն չունի։  Իսկ ո՞վ է իսկական տղամարդն, ըստ Ձեզ:

– Իսկական տղամարդն այդ բոլոր բաները պետք է անի, բայց չափի մեջ, մանավանդ` ծխելը, իսկ եթե դա չլինի, ապա ավելի լավ: Մնացած բաները տղամարդ է, պետք է անի: 

– Ժողովրդական առածն ասում է. «Իսկական տղամարդը տուն պետք է կառուցի, ծառ տնկի և որդի ունենա»: Իսկ ի՞նչ պետք է անի իսկական կինը:

– Իսկական կինը, բնականաբար, երեխա ունենա, տղամարդը մենակ չէ այդ հարցում, պետք է օգնի տղամարդուն, ոգևորի: Տղամարդը առհասարակ ոգևորելու արարած է, իրեն պետք է անընդհատ ոգևորես, որ առաջ գնա, իսկ կինն այդ հատկությունն ունի:

– Երբևէ եղե՞լ է, որ Դուք ձեր ասած խոսքին գերի դառնաք:

– Այո´, երբեմն պատահում է: Ես ունեմ մի պատմվածք, որտեղ խոսք են տվել այդ մարդուն որ պետք է գան, խաղողը քաղեն, բոլորը քաղում են, բայց այդ մարդիկ չեն գալիս, խոսք են տվել և մոռացել:

– Կուռք ունե՞ք, ո՞ւմ կերպարն է խթան հանդիսացել Ձեր գործունեության համար:

– Ո´չ, ես կուռք չունեմ, անկեղծ ասած, գրականության մեջ եղել են պահեր, կարճ կամ երկար ժամանակով, տարվել եմ այս կամ այն հեղինակով, բայց հետո հասկացել, որ միայն այդ գրողներով չէ, որ այլոք էլ կան: Աշխարհը ավելի մեծ է, քան որևէ գրողի աշխարհայացքը:

– Ի՞նչ եք կարծում, այս կյանքում անփոխարինելի մարդիկ կա՞ն: Եթե այո` ո՞վ է նա Ձեզ համար (բացի հարազատներից):

– Բոլոր մարդիկ անփոխարինելի են, որովհետև ոչ մեկը մյուսին չի կարող լրացնել:

– Ինչպիսի՞ն կբնորոշեիք մշակութային կյանքը Հայաստանում:

– Ես վերելքի նշաններ եմ նկատում, շատ անկումային օրեր ենք ունեցել, բայց որոշակի փոփոխություն այսօր կա: Ճիշտ է, կուզեի ավելի արագ տեղաշարժ լիներ, բայց սրանով էլ պետք է կարղանալ ոչ միայն բավարարվել, այլև խթանել, որպեսզի ավելի արագանա այդ ամենը:

– Եվ վերջում. Ձեր մեկ հարցն` ինձ:

– Չե՞ք հոգնում այս աշխատանքից:

– Ոչ ամենևին, քանի որ շատ եմ սիրում: Շնորհակալություն հարցազրույցի համար:

Զրուցեց` Լիլիթ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Հ.Գ. Արդեն մեկ ու կես տարի է անցել այն օրից, երբ հարցազրույց էի անցկացնում պարոն Հովսեփյանի հետ: Այնքան հանգստություն և պարզություն կար նրա արտաբերած ամեն բառուբանի մեջ, որ կարելի էր անվերջ զրուցել նրա հետ: Մարդ ով իր կյանքում հասել է մեծ հաջողություններ, այնքան համեստորեն է խոսում դրանց մասին, որ ասես մանրուքներ լինեին: Այնքան անկեղծ էր պատասխանում բոլոր հարցերին, որ ապշել կարելի էր: Հարցին, թե արդյո՞ք անփոխարինելի մարդիկ կան այս կյանքում, պատասխանեց. <Բոլոր մարդիկ անփոխարինելի են, որովհետև ոչ մեկը մյուսին չի կարող լրացնել>: Եվ իսկապես, այսօր ոչ մեկը չի կարող լրացնել այն տեղը, որը նրանն էր: Հարցազրույցից հետո հրաժեշտ տվեցի նրան, նորից այդքան բովանդակալից զրույց ունենալու ակնկալիքով, բայց ցավոք նա կյանքից հեռացավ, անավարտ թողնելով բազում գործեր և զրույցներ:

Լիլիթ ՍԱՐԳՍՅԱՆ; 30.10.2016 թ.

Картинки по запросу ռուբեն հովսեփյան

Spread the love