WikiLeaks. Քոչարյանը վերահսկել է Հոկտեմբերի 27-ի դատավարությունը

- in Կեղտոտ լվացք

«Վիկիլիքս»-ի հանրայնացրած փաստաթղթերից մեկը հեղինակել է ՀՀ-ում ԱՄՆ նախկին արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Օրդուեյը, ով պատմում է Հայաստանի պատմության ամենաողբերգական էջերից մեկի՝ հոկտեմբերի 27-ի մասին:

Փաստաթղթում ամփոփված են նաև տեղական ընդդիմության գնահատականներն իշխանությունների անցկացրած ամբողջ դատական գործընթացի շուրջ:

Դեսպանը հատուկ ընդգծում է, որ ընդդիմությունը մեղադրում է իշխանություններին՝ հանձին նախագահի պաշտոնը զբաղեցնող Ռոբերտ Քոչարյանի, ոճրագործության բացահայտման ողջ ընթացքը սեփական վերահսկողության տակ պահելու համար: Դեսպան Օրդուեյը, խոսելով 2003թ. դեկտեմբերի 2-ի դատական վերջին նիստի մասին, պատմել է, որ Նորք-Մարաշ շրջանային դատարանի դատավոր Սամվել Ուզունյանը ոճրագործությունն իրականացրած 7 ահաբեկիչների հանդեպ կայացրեց հայկական արդարադատության ամենածանր վճիռը:

Ըստ այդմ՝ 6 հոգի դատապարտվեցին ցմահ, իսկ մեկը՝ 14 տարվա ազատազրկման: Նրանք մեղավոր են ճանաչվել 1999թ. հոկտեմբերի 27-ին իրականացրած ոճրագործության համար, որի արդյունքում սպանվեցին ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ խոսնակ Կարեն Դեմիրճյանը և 6 այլ քաղաքական գործիչներ:

«Իրականացրած հանցագործության ղեկավարը Նաիրի Հունանյանն էր, մյուս կարկառուն մասնակիցները՝ նրա եղբայր Կարենը, քեռին ու ևս 3 հոգի»,-նշել է դեսպանը: Դատաքննության գործին անդրադառնալով՝ Օրդուեյն արձանագրում է, որ հայ հանրության մեջ տարածված են դավադրության մասին տեսակետներ:

Հակակշռելով այս հանգամանքը՝ դեսպանը պատմում է. «Նաիրի Հունանյանը բազմաթիվ հայտարարություններ է արել, ըստ որոնց՝ ինքը միայնակ է ղեկավարել հանցագործությունը՝ նպատակ ունենալով այդպիսով արմատախիլ անել կառավարության մեջ եղած կոռուպցիան: Բայց ահա հայերի գերակշիռ մասը հավատացած է, որ նման լայն դավադրությունը կազմակերպվել է հաջողությամբ ոչնչացնելու համար Սարգսյան-Դեմիրճյան իշխանական ուժեղ կենտրոնը: Չնայած որևէ կոնկրետ ապացույցի բացակայությանը՝ զոհերի հարազատներն ու ընդդիմադիր լիդերները մեծ մասամբ մեղադրում են Քոչարյանին, որ նա իր վերահսկողությունն է հաստատել դատապրոցեսի վրա, ծածկում է կարևոր կառավարական տեղեկությունները գործի վերաբերյալ՝ փորձելով ամրացնել սեփական քաղաքական դիրքերը»:

Դիվանագետը Պետդեպին ուղղված զեկուցագրում մեջբերում է այն ժամանակ ընդդիմության առաջնորդ, «Արդարություն» դաշինքի ղեկավար և նույն ոճրագործության զոհ Կարեն Դեմիրճյանի որդի Ստեփան Դեմիրճյանի հրապարակային հայտարարությունները, թե «դատաքննությունն ի սկզբանե վերահսկվել է, և դատարանն ուղղակի հրահանգ է կատարել. իշխանություններն ամեն ինչ արել են ծածկելու համար ոճրագործությունը»:

Այս ամենով հանդերձ, Օրդուեյն ընդգծում է, որ Քոչարյանն ու իր կողմնակիցները վճռականորեն ժխտել են իրենց մասնակցությունը սպանություններին, իսկ դեսպանությունը հակառակը վկայող որևէ ապացույց երբևէ չի տեսել:

Հիշեցնենք, որ այն ժամանակ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ռոբերտ Քոչարյանը ոճրագործությունից քիչ անց հայտարարեց, թե իբր գործն «ուչաստկովիի մակարդակի» է: Նշենք, որ նրա անմիջական շրջապատի ներկայացուցիչ, այն ժամանակ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Ալեքսան Հարությունյանի անունը հնչեցրեց հենց «ռոմանտիկների» ղեկավար Նաիրի Հունանյանն իր նախաքննական ցուցմունքներում:

Նրա մասով վարույթը կարճելը, ի դեպ, այն ժամանակվա ՀՀ զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի պնդմամբ, իրականացվել է օրենքի խախտմամբ:

Շարունակելով քննարկել հնչեցված դատավճռի հանդեպ հանրության վերաբերմունքը՝ դեսպանը մատնանշում է մեկ այլ վիճահարույց հանգամանք. «Մեղադրյալներից ոչ ոք մահապատժի չենթարկվեց: Հասարակության մեծ մասը հավատացած էր, որ ԱԺ-ում իրականացրած ոճրագործության կատարողները պետք է մահապատժի ենթարկվեին»:

Օրդուեյի փոխանցմամբ՝ Եվրոպայի խորհրդում իր անդամությունը վերջնականորեն հաստատելու նպատակով ՀՀ ԱԺ-ն ամբողջապես չեղյալ հայտարարեց մահապատիժը` դատավճռի հրապարակումից կարճ ժամանակ առաջ՝ սեպտեմբեր ամսին. «Ս. Դեմիրճյանն ու մյուս ընդդիմադիրները վիճարկում են, որ մահապատժի վերացումը վավեր է միայն խաղաղ ժամանակահատվածում, մինչդեռ հանցանքի իրականացումն ինքնին պատերազմական ակտ է եղել, ուստի մեղադրյալները լիովին համապատասխանում են մահապատժի իրագործման պայմաններին»:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments