USA

ԱՄՆ պաշտպանության նախարարի փոխտեղակալ Մայքլ Քարփինթերը, որ նոյեմբերի 2-ին այցելել էր Հայաստան և հանդիպում ունեցել թե՛ Սերժ Սարգսյանի, թե՛ պաշտպանության նորանշանակ նախարար Վիգեն Սարգսյանի հետ, Երևանում «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում անդրադարձել էր հայ-ռուսական սերտ հարաբերությանը և Հայաստանում Ռուսաստանի ռազմակայանի խնդրին՝ հատկապես ներկայիս աշխարհաքաղաքական իրողությունների կոնտեքստում, պատասխանելով հարցին, թե արդյո՞ք այդ ռազմակայանը վտանգ չէ:

Քարփինթերը հայտարարել է, որ Հայաստանն իրավունք ունի որոշելու իր արտաքին քաղաքականության ուղղությունը: «Եվ եթե Հայաստանին գոհացնում է իր հարաբերությունները Ռուսաստանի հետ, ապա մենք ևս գոհ ենք: Մենք ոչ մի կերպ չենք ցանկանում զսպել Հայաստանի հարաբերությունները Ռուսաստանի հետ: Դա Հայաստանի ինքնիշխան ընտրությունն է»,- հայտարարել է ԱՄՆ պաշտպանական գերատեսչության պաշտոնյան:

Այս հայտարարությունն ունի մի քանի բավականին ուշագրավ շերտեր, որոնցում առկա են ներկայիս բարդ իրողություններին և Հայաստանի համար լուրջ մարտահրավերներին առնչվող պատասխաններ և գուցե նախազգուշացումներ: Նախ՝ առաջին հերթին աչքի է ընկնում այն, որ ամերիկացի պաշտոնյան մատնանշում է իր արտաքին քաղաքականությունը կառուցելու Հայաստանի ինքնիշխանությունն ու դրա հանդեպ հարգանքը: Դա քաղաքակրթություն է, արժեհամակարգ, մտածողություն: ԱՄՆ-ը համաշխարհային գերտերություն է և, բնականաբար, ամենուր առաջնորդվում է իր շահով, այդ թվում՝ Հայաստանում: Սակայն ինքնին այդ հանգամանքը դեռևս բավարար չէ աշխարհաքաղաքական բևեռների և ուժային կենտրոնների միջև հավասարության նշան դնելու համար: Այո, բոլորն էլ առաջնորդվում են իրենց շահով, սակայն շատ կարևոր, առանցքային նշանակություն ունի այն, թե այդ շահով առաջնորդվող գործողությունների տակ ինչ պլաստ է՝ ինչ արժեհամակարգ, ինչ մտածողություն, աշխարհայացք, մոտեցում, պետությունների և ազգերի միջև հարաբերությունների ինչ մշակույթ:

Եվ այս առումով պետք է հիշել, թե ինչպես էր Հայաստանին վերաբերվում Ռուսաստանը, երբ խոսք էր գնում Հայաստանի Եվրաասոցացման համաձայնագրի մասին: Ընդ որում՝ այն դեպքում, երբ այդ համաձայնագրի գործընթացում ըստ էության որևէ հարց չէր շոշափվում, որը կասկածի տակ էր դնում հայ-ռուսական հարաբերությունները: Ռուսաստանը ոչ թե խոսում էր Եվրամիության հետ հարաբերություն կառուցելու Հայաստանի ինքնիշխան իրավունքի մասին, այլ Հայաստանի հասցեին տեղում էր բացահայտ սպառնալիքներ ու շանտաժ, որոնք ի վերջո արեցին իրենց գործն ու իշխանության և ոչ իշխանական ուժերի ձեռքով Հայաստանը խցկեցին Եվրասիական ճահիճ:

Անդրադառնալով ամերիկացի պաշտոնյայի դիտարկման քաղաքական կողմին՝ հարկ է արձանագրել, որ ԱՄՆ-ը Հայաստանի մասով իրավիճակին մոտենում է բավական ռացիոնալ և հաշվի է առնում Ռուսաստանի մեծ ազդեցությունը՝ իր մարտավարությունը և Հայաստանի հետ հարաբերությունը կառուցելով հենց դա հաշվի առնելով, ոչ թե դրա հետ առճակատման գնալով: Հենց այդ հանգամանքն է նաև, որ թույլ է տվել Հայաստանը չդարձնել այնպիսի թեժ թատերաբեմ, ինչպիսին դարձել են մի շարք այլ տարածաշրջաններ:

Սրա հետ միաժամանակ ամերիկյան պաշտպանական գերատեսչության բարձրաստիճան պաշտոնյան հստակ ակնարկում է, որ ռուսական ռազմակայանից եկող հնարավոր ռիսկերի հարցում իրենք ապավինում են Հայաստանի ինքնիշխանությանը: Սա մի կողմից՝ առաջարկ է Հայաստանին, որ եթե Երևանը ցուցաբերի ինքնիշխանություն, ապա ԱՄՆ-ը դաշնակից կլինի ռուսական ռազմակայանից եկող հնարավոր ռիսկերի կոնսերվացման գործում, բայց մյուս կողմից էլ՝ նախազգուշացում: Նախազգուշացում այն մասին, որ թեև ԱՄՆ-ը, հաշվի առնելով իրողությունները, իր աջակցությունն է հայտնում և հարգանքով վերաբերվում Հայաստանի ինքնուրույն որոշումներին, այդուհանդերձ՝ կա սահման, որից այն կողմ Հայաստանն ԱՄՆ-ի մոտ չի կարող արդարանալ Ռուսաստանի հանդեպ անզորությամբ և այդպիսով խուսափել ռուսական քաղաքականության գործիք լինելու համար պատասխանատվությունից:

Եթե Հայաստանը այդ քաղաքականությանը տուրք է տալիս, ենթադրենք, միջազգային ատյաններում քվեարկությունների կամ Հայաստանի ներսում տնտեսա-քաղաքական որոշումների պարագայում, ապա սա ԱՄՆ-ի համար ընկալելի է, հասկանալի՝ ինչպես ակնարկում է Քարփինթերը: Սակայն նա ակնարկում է նաև, որ եթե Հայաստանից արդեն բխեն ռուսական ռազմական սպառնալիքներ, ապակայունացնող մարտահրավերներ, այստեղ արդեն ԱՄՆ-ը ելակետ է դիտարկելու Հայաստանի ինքնիշխանությունը և այդ ամենը դիտարկելու է ոչ թե Հայաստանի անզորության, այլ ինքնիշխանության պրիզմայով:

Դա, իհարկե, խիստ անցանկալի զգուշացում է, որը հնչում է ինքնիշխանությանը հայտնվող բավական բաց տեքստով աջակցությանը զուգահեռ, սակայն դա ընդամենը Հայաստանի իշխանությանը իրականության մասին հիշեցնելու պարզ քայլ է, մեղսունակության և անմեղսունակության սահմանի պարզ մատնանշում, որը Հայաստանի իշխանության և անգամ ոչ իշխանական ուժերի դեպքում ոչ միայն ավելորդ չէ, այլև, երևի թե, պրոֆիլակտիկ օգտակարություն ունի՝ այդ ուժերին Հայաստանի համար անվտանգության լրջագույն խնդիրների վերաբերյալ խելագարության հասնող անհամարժեքության շեմից զերծ պահելու համար:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.