Boston

ԱՄՆ նախագահի ընտրությունից հետո Հայաստանում սկսված աշխույժ քննարկումները շարունակվում են՝ շոշափելով Դոնալդ Թրամփի նախագահության տարբեր հեռանկարներ, որ սպասում են կամ սպառնում Հայաստանին:

Քննարկումները սակայն շրջանցում են այդ ընտրություններում Հայաստանին թերևս շատ ավելի մոտ` ուղիղ իմաստով շատ ավելի մոտ մի խնդիր: Խոսքը հայկական համայնքի, հայկական կազմակերպությունների մասնակցության, դերակատարության մասին է: Շատերն են արձանագրել փաստը, որ ԱՄՆ նախագահի ներկայիս, ամենաաղմկոտ, ամենաէպատաժային, ամենաթեժ ընտրական գործընթացը տեղի ունեցավ առանց «հայկական ներկայության»:

Թեկնածուները չշոշափեցին հայկական հարցը, ըստ այդմ էլ զգալիորեն կրավորական դիրքում հայտնվեց հայկական համայնքը, համայնքային կազմակերպությունները: Կասկած չկա իհարկե, որ այդ կազմակերպությունները, դրանց ղեկավարները անմիջականորեն հարաբերվել են նախագահական ընտրության գործընթացի մասնակիցներին, սակայն դա պարզապես ընթացիկ աշխատանքի բերումով, իսկ որպես քաղաքական գործոն, թեկուզ ոչ մեծ և վճռորոշ, սակայն տեսանելի մասշտաբի, հայկական գործոնը ԱՄՆ նախագահի ներկայիս ընտրությանն այդպես էլ չի ձևակերպվել: Այստեղ իհարկե առաջանում են մի շարք հարցեր, հաճախ հակասական:

Օրինակ՝ այդ ձևակերպման բացակայությունը հայկական կազմակերպությունների՞ տկարության, բացթողնման, ճիշտ չկողմնորոշվելու կամ օպերատիվության պակասի հետևանք էր, թե՞ ամերիկյան ընտրության ներկայիս թրենդը այնպիսին էր` ազդված հիմնականում աշխարհաքաղաքական կամ շատ խիստ նեղ ամերիկյան իրողություններից, որ թեկնածուների համար հայկական հարցը բացարձակապես չուներ նշանակություն և անգամ ամենահամառ հայկական համայնքի դեպքում նրանք չէին արժանացնելու այդ համառությունը բավարար ուշադրության:

Ի վերջո բացառված չէ, որ գիտակցելով դա, հայկական կազմակերպությունները պարզապես նախապատվությունը տվել են ստվերային աշխատանքին՝ փորձելով ավելի շատ հող նախապատրաստել թեկնածուներից որևէ մեկի հաջողության դեպքում հետագա գործընկերության համար: Սրան զուգահեռ, ամենաառանցքային հարցը դառնում է այն, թե արդյոք հայկական կազմակերպությունները չե՞ն հայտնվել այն վիճակում, որի վերաբերյալ մինչ այժմ ահազանգեր հնչեցրել են տարբեր հեղինակներ, սակայն դա չի եղել լայն քննարկումների թեմա: Խոսքն այն մասին է, որ ամերիկահայ համայնքը ԱՄՆ իսթեբլիշմենտի կամ ԱՄՆ քաղաքական գործընթացների մասնակցության առումով չունի գաղափարների առատություն, բազմազանություն, կրեատիվություն և չափից շատ է «կախված» Ցեղասպանության խնդրից:

Երբ ամերիկյան գործընթացների մասնակիցները չեն դիտարկում այդ խնդիրը որպես հրատապ կամ անհրաժեշտ` իրենց ձեռնտու արդյունքների պլանավորման համատեքստում, հայկական համայնքը փաստացի հայտնվում է խաղից դուրս վիճակում: Արդյոք ԱՄՆ նախագահի ընտրությանը տեղի չի՞ ունեցել հենց դա: Ըստ այդմ՝ արդյոք ընտրություն 2016-ը այդ առումով ազդակ կամ ահազանգ չէ՞: Ընդ որում՝ ոչ միայն ամերիկահայության, ԱՄՆ հայկական կազմակերպությունների համար, այլև Հայաստանի:

Չէ՞ որ ԱՄՆ ավանդաբար գործունակ հայկական լոբբին նաև հայկական պետականության կարևոր ռեսուրս է: Ռեսուրս, որը սակայն չի ապահովում այն արդյունավետությունը, որի ներուժը պարունակում է: Այդ ռեսուրսը գերկենտրոնացած լինելով հայկական հարցի վրա զուտ Ցեղասպանության ճանաչման, կամ առավելապես ցեղասպանության ճանաչման խնդրի տեսանկյունից, հայկական պետականության խնդիրներ է ստորադասել դրան, փոխանակ այդ հարցը հայկական պետականության խնդիրների արեալում դիտարկելը:

Ներկայումս խոսակցություններ են ծավալվում այն մասին, որ բացի Ցեղասպանության ճանաչումից, ամերիկահայ համայնքի համար շատ կարևոր է զբաղվել ղարաբաղյան խնդրով, զբաղվել ավելի շատ, քանի որ նոր նախագահը Թրամփին այդ հարցում կա իրազեկելու, կողմնորոշելու խնդիր: Եվ հարցն իսկապես առկա է, սակայն այս դեպքում էլ ամերիկահայ կառույցները ունեն խնդիր` ղարաբաղյան հարցը տեղավորել հայկական պետականության խնդիրների արեալում, ոչ թե կենտրոնանալ այդ հարցի վրա և հայկական պետականության խնդիրները ստորադասել կամ ենթարկեցնել այդ հարցին:

Այլ կերպ ասած, եթե բանն իրազեկումն է, ապա նոր նախագահին պետք է «իրազեկել» հայկական պետականությունից, ոչ թե դրա համար որքան էլ կարևոր, որքան էլ առանցքային, բայց առանձնացված խնդիրներից: Որովհետև, հենց նույն այդ խնդիրների առումով հայկական լոբբի գործունեությունը շատ ավելի արդյունավետ կդառնա, եթե դրանք տեղավորվեն հենց հայկական պետականության արեալում և նաև հենց այդպես մատուցվեն ԱՄՆ վարչակազմերին: Իսկ դա նշանակում է, որ ամերիկահայ լոբբին պետք է ինքը չափազանց լավ իրազեկ լինի հայկական պետականության խնդիրներին, այդ թվում ներքին իրավիճակին, նրբերանգներին, հանրային տրամադրություններին, գործող թե´ իշխանական, թե´ քաղաքացիական համակարգերին, ունենա հայեցակարգային պատկերացումներ ու մոտեցումներ Հայաստանի համաշխարհային դերակատարման ե´ւ քաղաքական, ե´ւ տնտեսական ասպեկտների մասով: ԱՄՆ նախագահի ընտրություն 2016-ն այդ առումով պետք է լինի ամերիկահայ գործոնի «վերբեռնման» ազդակ, որին պետք է արձագանքել անհապաղ:

Spread the love

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.