ԱՄՆ նոր վարչակազմը և Հայաստանի դրությունը

- in Վերլուծական
889
usa-spitak-tun

Աստիճանաբար պարզ է դառնում, թե ինչպիսին կլինի ԱՄՆ նոր նախագահի վարչակազմը: Այն հավանաբար արմատապես չի տարբերվի նախորդ վարչակազմերից, ինչքան կարող է թվալ: Բայց ի տարբերություն Բարաք Օբամայի վարչակազմի՝ նոր կունենա իր առանձնահատկությունները:

Դոնալդ Թրամփն իր վարչակազմը ձեւավորում է նախեւառաջ այն հանրապետականներից, որոնք նախընտրական քարոզարշավի ժամանակ իրեն հաշվից դուրս չեն գրել: Հնարավոր է, այդ մարդիկ հանրապետական վերնախավում առաջինները չեն, սակայն նրանք կարիերայի այլ ելք չունեին ու թերեւս շարունակել են դավանել արմատական հանրապետականություն եւ հավատարիմ են մնացել իրենց կուսակցությանը:

Նրանցից ընդամենը 3-4 հոգի են ժողովրդականություն վայելում՝ նախեւառաջ Նյուտ Գինգրիչը, Ջոն Բոլթոնը, Սարա Փեյլինը, Սթիվ Բենենը: Բայց Դոնալդ Թրամփը հավանաբար հասկանում է, որ չի կարողանա վարչակազմը համալրել, այսինքն՝ 2000 մարդ ընտրել առանց հանրապետական կուսակցության տարբեր խմբերի մասնակցության: Այդ պատճառով փոխադարձ զիջումները սպասելի են:

Բացառված չէ, որ վարչակազմում կընդգրկվեն Պենտագոնի, կամ այսպես կոչված ռազմական շրջանակների առաջարկած բազմաթիվ մարդիկ: Ամենակարեւոր դիրքերից հեռացվել են այն զինվորականները, որոնք բավարար չափով արմատական վերաբերմունք չունեն Ռուսաստանի նկատմամբ: Ընդհանուր առմամբ, վարչակազմի ձեւավորման վրա մեծ է լինելու ռազմադրյունաբերական համալիրի ազդեցությունը: Ռազմաարդյունաբերական համալիրի մասնակցությունը նշանակում է ծայրահեղ արմատական հայացքներ եւ գաղափարներ:

Արդեն հիմա բազմաթիվ նշաններ կան Թրամփին Ռոնալդ Ռեյգանի հետ համեմատելու համար, իսկ դա նշանակում է արտաքին քաղաքականության բարձր ռազմականացում, դրա հիմնական ուղղությունների հստակ սահմանում: ՆԱՏՕ-ի որեւէ արժեզրկման մասին խոսք լինել չի կարող, եւ միայն ռազմական ծախսերն ավելացնելու դաշինքի եվրոպական անդամներին ուղղված պահանջը կդառնա ԱՄՆ պաշտպանական հայեցակարգի կարեւոր մասը:

Հնարավոր է, եւ շատ սպասելի է, որ ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ին կոչ կանի ավելի վճռական լինել այն պետությունների նկատմամբ, որոնք երկար համոզելուց հետո այդպես էլ չեն դարձել ՆԱՏՕ-ի իրական գործընկերներ: Ռուսաստանին սպավում է ՆԱՏՕ-ի գլխավոր հակառակորդի դերը, կուժեղանա Ռուսաստանի միջազգային մեկուսացումն ու արգելափակումն Արեւմտյան հանրության կողմից՝ ներառյալ Ասիական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրները:

Ավելին. Ռուսաստանին սպասվում է ռազմավարական դիրքերի կորուստ, որոնք դժվարությամբ պահում է մինչեւ հիմա: Դա նշանակում է Ռուսաստանի «դաշնակից» համարվող մի շարք պետությունների բացառում եւ որպես հետեւանք՝ այսպես կոչված եվրասիական խաղի ավարտ, ինչը նշանակում է ՀԱՊԿ-ի ու եվրասիական տնտեսական միավորումների ճգնաժամ ու լուծարում:
ԱՄՆ-ն մտադիր է այնքան ավելացնել պաշտպանական ծախսերը, որ ռազմատեխնիկական զարգացման ոլորտում նմանատիպ որեւէ բան ստեղծելու Ռուսաստանի փորձերը կլինեն միայն շփոթված քաղաքական էլիտայի մոլորություն:

Շատ բան կախված է նրանից, թե ով կնշանակվի ԱՄՆ պետքարտուղար: Առայժմ խոսում են Նյուտ Գինգրիչի մասին, սակայն վերջնական որոշում չկա: Սա արդեն վատ տարբերակ չէ, եւ նա կկարողանա ԱՄՆ-ն ուղղել դեպի բազմաթիվ ռազմավարական դիրքերի պահպանում: Նա վճռական մարդ է, հանրապետական խմբերի հետ դիմակայության փորձ ունի, ծագումով շոտլանդացի է, ուժերով լի է՝ չնայած տարիքին:

Մեծ են Ջոն Բոլթոնի շանսերը, ում հետ կապված են ՄԱԿ-ում եւ միջազգային ասպարեզում ԱՄՆ դիրքերի կոշտ եւ շատ վճռական առաջխաղացումը: Շատ հարցերում նա անզիջում է: Ամեն դեպքում, Ջոն Բոլթոնն աջակցել է Թրամփին եւ պետք է բարձր պաշտոն ստանա անվտանգության ոլորտում:

Այս վարչակազմի հետ սպասվում է ոչ միայն Հանրապետական կուսակցության վերածնունդը, այլ նաեւ դրա պահպանողական եւ ագրեսիվ հատվածի ուժեղացումը: Անկասկած, այդ վարչակազմը կօգտվի նախորդ նախագահների՝ հատկապես Դուայթ Էյզենհաուերի, Ռիչարդ Նիքսոնի, Ջորջ Բուշ հոր եւ որդու քաղաքական փորձից եւ հայեցակարգերից: Դա կհանգեցնի դաշնակիցների, գործընկերների եւ այլ երկրների հանդեպ հարաբերություններում որոշակի անզիջողականության: Ընդ որում, տարբեր լոբբիստական կազմակերպությունները հազիվ թե լուրջ նշանակություն ունենան:

Հայաստանի համար անցել են ՆԱՏՕ-ի հետ «ավանդական» հարաբերությունների ժամանակները եւ կիսատ-պռատ քաղաքականության խրախուսումը: Դաշինքը երկար ժամանակ փորձել է Հայաստանը ներգրավել ռազմական մանեւրներում, սակայն ապարդյուն: Հայաստանը սահմանափակ ռազմական ստորաբաժանումներ է ուղարկել մի շարք թեժ տարածաշրջաններ, սակայն այս ամենը ոչ թե սկիզբը, այլ վերջն է այն բանի, ինչը կարող է անել Հայաստանը:

Վերջին տարիներին Հայաստանը համաձայնվել է Ռուսաստանի վասալության բազմաթիվ պայմանների հատկապես ռազմական ոլորտում: Հայաստանը համաձայնվել է, որ իր զինված ուժերը ներառվեն ռուսական բանակի կազմում եւ դրանով վերջնականապես կորցրել է ինքնիշխանությունը: Օբամայի կառավարությանը դա շատ էր նյարդայնացնում, սակայն շարունակում էր համբերատար կերպով հուսալ Հայաստանի քաղաքականության փոփոխությունը՝ առաջարկելով տարատեսակ օգնություն:

Այժմ, ըստ երեւույթին, ոչ միայն համբերությունն է սպառվել, այլ վճռականորեն հրաժարվել են սպասել: Հայաստանը կդառնա ոչ միայն ՆԱՏՕ-ի, այլ նաեւ ԱՄՆ հակառակորդը: Հայաստանի իշխանությունն ու զինվորականները դեռ չեն պատկերացնում, թե ինչ է նշանակում ՆԱՏՕ-ի եւ ԱՄՆ-ի հակառակորդի կարգավիճակը:
Հայաստանը չի կարող որեւէ ֆինանսական կամ ռազմատեխնիկական աջակցություն ակնկալել ոչ միայն ԱՄՆ-ից, այլ նաեւ ՆԱՏՕ-ի այլ անդամներից: Ստիպված են լինելու երկար ու մեծ ցավով հիշել այն հնարավորությունները, որոնք առաջարկվում էին Հայաստանին:

Քաղաքական լրիվ այլ ոճ է սպասվում հատկապես արտաքին քաղաքականությունում: Ամենայն հավանականությամբ, կընդունվի «ժողովրդավարության» սահմանափակության հայեցակարգը՝ գոտիների կտրվածքով՝ Հյուսիսային Ամերիկան, Արեւմտյան ու Կենտրոնական Եվրոպան, մասամբ Հեռավոր Արեւելքը, Ավստրալիան եւ մի շարք այլ երկրներ: Հարավային Կովկասում միայն Վրաստանը ժողովրդավարական հանրության արտոնագիր կստանա:

Արեւելյան Եվրոպայի երկու առաջատար պետությունները՝ Ռուսաստանն ու Թուրքիան, հակառակորդ են ճանաչվելու: Հայաստանը դիտարկվելու է ոչ թե որպես ինքնուրույն պետություն, այլ Ռուսաստանի վասալ: Ուկրաինան եւ Սեւ ու Բալթիկ ծովի միջեւ գտնվող այլ երկրները «անցումային» կարգավիճակով երկրներն են համարվելու եւ նրանցից գոյության առավել կոշտ պայմաններ են պահանջվելու:

Հյուսիսային Ամերիկայի հայկական համայնքին հասկացնելու են, որ կարող է ինտեգրվել ամերիկյան հանրությանը, սակայն չի կարող Հայաստանի շահերի հետապնդման հույս ունենալ, քանի որ դա նշանակում է Ռուսաստանի շահերի պաշտպանություն: Ղարաբաղյան հակամարտության հարցով ԱՄՆ-ն կփորձի խաղաղ գոյակցության միաժամանակյա նախագիծ պարտադրել կողմերին: Եթե այս անգամ էլ պայմանները մերժվեն, Հայաստանն ու Ադրբեջանը կմնան իրենց ընտրած պայմաններում:

Հայաստանի առջեւ հստակ հարց է դրվելու՝ կամ շարունակում է ենթարկվել Ռուսաստանին, կամ էլ դառնում է եվրատլանտյան գործընկեր: Ընդ որում, ամերիկացիները չեն պատրաստվում երկար զրուցել այս թեմայով, եւ ամեն ինչ կավարտվի 2-3 հանդիպումներով:
Հայաստանին ԱՄՆ տնտեսական օգնությունը ոչ թե սահմանափակվելու է, այլ ամբողջությամբ դադարեցվելու է: Ռուսաստանի վասալը չի կարող հույս դնել ԱՄՆ եւ Արեւմտյան հանրության վրա: Սպեկուլյացիաները, որոնք հնարավոր էին Օբամայի եւ Հիլարի Քլինթոնի օրոք, այլեւս չեն անցնի:

Մի հարց է ծագում՝ ինչպես է ԱՄՆ-ն մտադիր դիտարկել Հարավային Կովկասը: Շատ բան կախված է լինելու Թուրքիայի եւ Իրանի հետ հարաբերություններից: Երկու պետություններն էլ կգերադասեն կարգավորել ԱՄՆ հետ հարաբերությունները՝ ի հեճուկս Ռուսաստանի մտադրությունների: Այդ պայմաններում պետք է ենթադրել, որ ԱՄՆ-ին որպես գործընկերներ բավարար կլինեն Վրաստանն ու Ադրբեջանը: Հայաստանը ստիպված կլինի բավարարվել ռուսական գաղութի խղճուկ վիճակով, որի մասին համաշխարհային քաղաքականությունում լավագույն դեպքում մոռանալու են:

Հայաստանն իր ճակատագիրն ընտրելու հնարավորություն ունի՞: Տպավորություն է ստեղծվում, որ այլեւս ոչ: Հայերը ցույց են տվել, որ կամք ու տաղանդ չունեն: Հայաստանը ՆԱՏՕ-ի հակառակորդն է, հետեւաբար՝ ժողովրդավարական, քաղաքակիրթ աշխարհի հակառակորդը: Հայերի սիրած երգը կդառնա «թռչում են չվող թռչունները»:

Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ, Քաղաքագետ

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20