Serzh Sargsyan

Նոյեմբերի 8-ին հանձնելով ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության նախագահի ամենամյա մրցանակը, Սերժ Սարգսյանը հերթական անգամ հայտարարել է Հայաստանի ապագայի համար տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի կարևորությունը, այդ թվում՝ անվտանգության տեսանկյունից:

Սա մի բան է, որի հետ վիճելն իհարկե դժվար է: Բայց, խնդիրն այն է, որ դրա հետ վեճի մեջ է հենց այն նախագահն ու իշխանությունը, որը խոսում է այդ մասին և մրցանակներ հանձնում համաշխարհային ներդրման համար: Այդ իշխանությունն իր իսկ խոսքի հետ վեճի մեջ է իր գործերով, իր կերպով, իր ամենօրյա աշխատանքով, որը հակատեղեկատվական և հակատեխնոլոգիական աշխատանք է, քանի որ հակասահմանադրական է:

Ընդհանրապես, պետականությունների կյանքում անգերազանցելի տեխնոլոգիան դրանք օրենքն ու Սահմանադրությունն են՝ նախ և առաջ, հետո նոր միայն այդ դատում գործող հասարակարգի այլ ձեռքբերումները, որոնք մարդկային ստեղծագործական ներուժի իրացման արդյունք են՝ ազատ, օրենքով պաշտպանված ներուժի իրացման արդյունք:

Ըստ այդմ, եթե որևէ իշխանություն փորձում է պետությունը բերել տեխնոլոգիական արդիականացման մշտական գործընթացի, այդ ամենից առաջ նախ պետք է ապահովի շատ ավելի վաղ հայտնաբերված և շատ ավելի պարզ ու հասարակ մի տեխնոլոգիայի՝ Սահմանադրության և օրենքների կիրառումը: Երբ հասարակության կյանքը հիմնված չէ դրա վրա, ապա այդ կյանքում ոլորտային որևէ գերակայություն չի կարող բերել այնպիսի արդյունքների, որոնք կբերեն պետական և հասարակական կյանքի խորքային փոփոխությունների: Իսկ Սահմանադրությունն ու օրենքները Հայաստանում ոչ թե հարաբերություն կարգավորելու, այլ հարաբերություններ պարզելու կամ այլ կերպ ասած՝ «ռազբորկայի» միջոց են, որ կիրառվում են, երբ պետք է մահակն օգտագործել հանրության դեմ, կամ իշխանության մեջ եղած անհնազանդ որևէ սուբյեկտի կամ սեգմենտի դեմ: Հայաստանի անվտանգության սպառնալիքը սկսվում է այդտեղից, հետո շարունակվում բոլոր ոլորտներով:

Այդ սպառնալիքին Հայաստանի իշխանությունն առայժմ հակադրում է միայն քարոզչական բեմականացումներ՝ դեմքի մտահոգ արտահայտությամբ, կամ մրցանակաբաշխություններ՝ պաթետիկ տոնայնությամբ: Այդ ամենից եզրակացությունն այն է, որ Հայաստանի իշխանությունը թեև խոսում է տեղեատվական տեխնոլոգիաների, Հայաստանի համար դրանց նույնիսկ անվտանգային ուղղակի նշանակության մասին, բայց իրականում անվտանգության հարցում ապավինում են միայն թատրոնին, բեմականացմանը, որովհետև ըստ էության զբաղված են միայն դրանով:

Համենայն դեպս, այլ եզրակացության հիմք չկա այնքան ժամանակ, քանի դեռ իշխանությունը որևէ կերպ ձեռք չի մեկնում Հայաստանի համար համակարգային խորքային խնդիրներին, ձեռք չի տալիս դրանց այնպիսի ընդգրկումով, որն իսկապես ի վիճակի է կարճ ժամանակում լրջորեն փոխել առնվազն հասարակական տրամադրություններն ու մարդկանց իսկապես վարակել փոփոխությունների տենդով:

Նոր կառավարության նշանակումից հետո, վարչապետ Կարեն Կարապետյանը մի քանի անգամ հայտարարել է, որ եթե փոփոխություններին չմիացավ հասարակությունը, ապա չի ստացվի ոչինչ՝ հասարակությունը պետք է ակտիվանա: Սերժ Սարգսյանն էլ օրերս նույնը կրկնեց ՀՀԿ-ական կանանց համաժողովում, ասելով, որ փոփոխությունները չեն կարող տեղի ունենալ առանց հասարակական լայն աջակցության: Սակայն հատկանշական է, որ թե՛ Կարապետյանը, թե՛ Սարգսյանը, այդպես էլ չեն ձևակերպել, թե որն է այդ աջակցությունը, ինչպես են այն պատկերացնում, ինչ տեխնոլոգիայով պետք է տեղի ունենա այդ աջակցությունը:

Գիտեն, բայց չե՞ն ասում, թե՞ իրենք էլ չեն պատկերացնում, թե ինչպիսին պետք է լինի այդ աջակցությունը: Ամենայն հավանականությամբ գիտեն, բայց չեն ասում, որովհետև ասել հանրությանը, թե ինչպես է պետք աջակցել կամ ինչ ակնկալիք կա այդ կապակցությամբ, նշանակում է արդեն շատ կոնկրետ կերպով ստանձնել այդ աջակցության առաջ պատասխանատվություն, հանրության առաջ շատ կոնկրետ պատասխանատվություն ստանձնել փոփոխությունների համար: Իսկ երբ ընդհանուր ֆրազներով ասվում է, որ հասարակական աջակցությունը շատ կարևոր է և չի լինի առանց այդ աջակության ոչինչ, ապա այդ դեպքում միշտ էլ հնարավորություն կա հետո հայտարարելու, որ աջակցություն չեղավ, դրա համար էլ բարեփոխումները արգելակվեցին կամ չստացվեցին:

Այսինքն, եթե տեխնոլոգիա, ապա քարոզչական, ընդ որում բավական պարզունակ: Եվ համաշխարհային մակարդակում տեղեկատվական տեխնոլոգիաների մրցանակներ շնորհող իշխանությունն իր հասարակության հետ ներքին հարաբերություններում շարունակում է մնալ պարզունակ տեխնոլոգիաների մակարդակում:

Պարզապես այդ մակարդակի շնորհիվ է, որ հասարակությունը կմնա հանդիսատեսի դերում և կհետևի թատրոնին, որովհետև երբ կիրառվեն ավելի ժամանակակից տեխնոլոգիաներ և հասարակության դերի մասին խոսքին զուգահեռ իշխանությունն ավելի կոնկրետանա, ապա հանրությունն այդ դեպքում հայտնվելով արդեն մասնակցի դերում կարող է շատ արագ բացահայտել թատրոնը, թույլ չտալով իշխանությանը ստանալ անգամ կարճաժամկետ էֆեկտ: Կասկած չկա, որ խորքային փոփոխություններ իրականացնել առանց հասարակական լայն աջակցության, Հայաստանում հնարավոր չէ: Ընդհանրապես հնարավոր է, բայց ոչ Հայաստանում, հաշվի առնելով մի շարք իրողություններ:

Բայց, երբ իշխանությունը խոսում է հասարակության աջակցության մասին, ապա այդ խոսակցությունն առարկայական և անկեղծ կարող է լինել այն դեպքում, երբ իշխանությունը խոսի շատ կոնկրետ, ձևակերպի շատ կոնկրետ խնդիրներներ, թեկուզ հերթով, և հասարակությանը շատ կոնկրետ կոչ անի հստակ գործողությամբ աջակցել այդ խնդիրը լուծելուն: Դա արդեն, հենց այդ մոտեցումը, ինքնին կլինի փոփոխություն, ընդ որում էական փոփոխություն, երբ հաջորդ քայլի համար հասարակությունն արդեն չի սպասի ոչինչ և ձեռքերի վրա կտանի իշխանությանը: Այ դա կլինի տեխնոլոգիական հեղափոխություն Հայաստանում:

Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.