Bako Sahakyan

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանադրական փոփոխությունների հեղինակ մասնագիտական հանձնաժողովը երեկ հրապարակել է երկրի Մայր օրենքի նախագծի տեքստը։

Եթե Հայաստանում սահմանադրական փոփոխությունների քննարկումների ողջ ընթացքում կային ակտիվ բողոքի ցույցեր ու հանրահավաքներ, ձևավորվել էր «ոչ»-ի շարժում, Լեռնային Ղարաբաղում նման ակտիվություն առայժմ չի նկատվում։

Խորհրդարանական կառավարման մոդելի կողմնակից, ՀՅԴ խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանը չհստակեցրեց իրենց հետագա անելիքները, միայն ասաց, որ կառավարման մոդելի հարցում մնում են իրենց նախկին կարծիքին՝ խորհրդարանական կառավարման մոդելի նախապատվության մասով։ ԼՂՀ նոր Սահմանադրությամբ, սակայն, նախատեսվում է անցում կատարել սուպերնախագահական մոդելին։

Ընդդիմադիր «Վերածնունդ» խմբակցության ղեկավար, ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանը մեզ հետ զրույցում նշեց, որ սահմանադրական փոփոխություններն արվում են իշխանության վերարտադրության համար. «Հիմա արդեն կարող ենք ասել, որ այս փոփոխությունները կատարվում են մեկ անձի՝ Բակո Սահակյանի իշխանության վերարտադրության համար: Խնդիրն այն է, որ 2017թ. լրանում է Բակո Սահակյանի նախագահության երկրորդ ժամկետը, և գործող Սահմանադրությամբ՝ նա այլևս առաջադրվելու իրավունք չունի: Եվ ահա, փոփոխությունների գործընթացով հնարավորություն է ընձեռվում Բակո Սահակյանին նախ՝ առանց համընդհանուր ընտրությունների մնալ մինչև 2020թ. ԱԺ ընտրությունները, ապա ևս երկու անգամ անընդմեջ նախագահ ընտրվելու հնարավորություն ստանալ»։

Ըստ Խանումյանի՝ տեսականորեն Բակո Սահակյանը կարող է նախագահի պաշտոնում մնալ մինչև 2030 թվականը: «Ընդհանրապես, պատմությունը ցույց է տալիս, որ իշխանությանը կառչած մնալ ցանկացող գործիչների մոտ տեղի են ունենում հայրենասիրական պոռթկումներ, օրինակ՝ վերադարձ պատմական անուններին: Այսպես, Կոնգոյի բռնապետ Կաբիլան, իշխանության գալով, երկրի անունը Զաիրից փոխեց և դարձրեց Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետություն: Այսօր այդ երկրում իշխում է մեկ այլ բռնապետ՝ Կաբիլայի որդին՝ Կաբիլա-կրտսերը»,- ասաց Խանումյանը։

Նախկինում նշվում էր, թե Սահմանադրությունից հանվելու է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն անվանումը, որը նույնական էր Արցախի Հանրապետություն անվանման հետ։ Երեկ հրապարակված նախագծով, սակայն, ընդամենը այս երկու անունների շարադրության հերթականությունն է փոխվել. «Արցախի Հանրապետություն և Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն անվանումները նույնական են»,-նշված է նախագծի տեքստում։

ԼՂՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ միշտ էլ դրական է վերաբերվել մեր պատմական, հայկական անվանումները առաջնային դարձնելուն. «Բայց անվանման շուրջ այդքան մեծ աժիոտաժ բարձրացնելը էական չէ մեզ համար։ Կան ավելի կարևոր հանգամանքներ՝ տարածքային ամբողջականության ամրագրման, ԼՂ տարածքների և սահմանների հստակ ամրագրման և մի շարք այլ կետերի հետ կապված»,- եզրափակեց Իշխանյանը։

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.