Եթե իշխանությունը կարողանար որոշակիորեն նեղել յուրային օլիգարխներին և օլիգարխաձև պաշտոնյաներին

- in Տնտեսական

Հացի գինը կամ խնդիրը ներկայիս իշխանությունը կարծես թե ունակ չէ լուծել: Հացը և մնացյալ ապրանքատեսակները թանկանում են բառիս բուն և պատկերավոր իմաստով, և այդ պրոցեսը դեռ շարունակվելու է։ Դա չի թաքցնում նույնիսկ իշխանությունը:

Այս խնդիրը, այնուամենայնիվ, հնարավոր կլիներ լուծել, եթե իշխանությունը կարողանար որոշակիորեն նեղել յուրային օլիգարխներին և օլիգարխաձև պաշտոնյաներին: Սակայն դա, թերևս, անլուծելի է և հատուկ է պետական կառավարման բոլոր այն համակարգերին, որոնք ձևավորվում են և գործում ոչ թե պետական օրենքի, այլ պայմանավորվածությունների հիման վրա: Խնդիրն այն է, որ այդ պայմանավորվածությունների շրջանակում «նեղվել» հասկացությունը տեղ չունի: Այսինքն` թերևս հենց այդ հասկացությունը բացառելու համար է, որ շրջանցվում է օրենքը, և համակարգը հիմնվում է պայմանավորվածությունների վրա: Եվ համակարգի մասնակիցներ նեղվում են հենց «նեղվել» հասկացությունից:

Հացի խնդիրը լուծելու համար իշխանությունը ստիպված պիտի լինի նեղել յուրայիններին ոչ միայն հարկերով ու մաքսատուրքերով, որոնք ընդամենը ֆիսկալ խնդիր են լուծում` ապահովելով բյուջեից վարձատրվող խավի բարեկեցությունը (մինչդեռ Հայաստանի բնակչության գերակշիռ մեծամասնությունը բյուջեին միայն տալիս է, և պատասխան ոչինչ չի ստանում): Ասվածը նշանակում է, որ իշխանությունը պետք է յուրային օլիգարխներին և օլիգարխակերպ պաշտոնյաներին ստիպի հարգել աշխատանքային օրենսգրքի կանոնները, ստիպի, որ նրանք նորմալ վարձատրեն աշխատողներին, նաև ապահովի հավասար մրցակցային պայմաններ, որպեսզի յուրայինները չնվաճեն տնտեսության բոլոր ոլորտները` մյուսներին թողնելով միայն ոսկորներ:

Թվում է, թե առաջիկայում, ելնելով այդ իրողությունից, հացի խնդրի լուծումը իշխանության ուժերից վեր կդառնա: Մոտ երկու տարի զրկված լինելով հանրային վստահությունից` իշխանությունը չի կարող ռիսկի դիմել և արդյունքում, հնարավոր է, կորցնել նաև իր յուրայինների վստահությունը:

Նույն խնդիրն է առաջանում նաև տեսարանների պարագայում, որոնցով ազգաբնակչությանը կերակրելու համար էլ անհրաժեշտ է նեղություն տալ յուրայիններին, ընդ որում` լավ նեղություն տալ, քանի որ այս դեպքում, ի տարբերություն իշխանության, հասարակության ինտելեկտն ու հավաքական գիտելիքը բավարար են իմիտացիան իրական գործընթացներից տարբերելու համար, թույլ են տալիս ավելի լավ պատկերացնել հանրապետության պետական կառավարման համակարգում կոռուպցիայի կառուցվածքը և հասկանալ, որ եթե ստորաբաժանումներում կոռուպցիա կա, ապա դա ոչ թե պատճառ է, այլ ընդամենը հետևանք` արտացոլքն այն իրողությունների, որ կան ավելի բարձր ատյաններում:

Բայց հացի ու տեսարանների դիլեման իշխանության համար իր գրեթե անլուծելիությամբ մանրուք է այն խնդրի համեմատ, որ իշխանության դեմ առաջ է բերում մեր հասարակության` շատերի գնահատմամբ միգուցե փոքր, բայց բավական ակտիվ մի խավ, ինչի զգալի մասն են կազմում երիտասարդները: «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի շուրջ ստեղծված թնջուկը, որ մի քանի օր շարունակ հեղեղել էր բոլոր հայկական և օտար սոցիալական կայքերն ու բլոգները (Facebook, Twitter) խոսում է այն մասին, որ այդ խավը հաց և տեսարաններ չէ, որ ուզում է, այլ Իրավունք և Ազատություն:

Այդ խավի համար հեղինակությունն իրավունքն է, իսկ հպարտությունն` ազատությունը, ինչն անհնար է դարձնում նրանց մեր ազգային քարոզչական խոհանոցի հիմնական, բայց օր օրի արժեզրկվող «կերակրատեսակով»` հերոսներով ու հերոսամարտերով, հազարամյա մշակույթով և միասնականությամբ, արտաքին թշնամիներով ու համաշխարհային դավադրությամբ կերակրելը, քանի որ ի տարբերություն իշխանության, այդ խավի ինտելեկտուալ և տեղեկատվական ռեսուրսը բավականացնում է այդ ամենի իրական արժեքը հասկանալու, և Հայաստան պետությանն ու քաղաքացիներին սպառնացող իրական և վիրտուալ վտանգները տարբերակելու համար:

Ռեպրեսիվ մեխանիզմներով ձևավորված յուրաքանչյուր իշխանության համար այդ խավի առկայությունը խնդիր է ինքնին, քանի որ ներկայացնում է այլընտրանք «հացին ու տեսարաններին»` մշտապես հիշեցնելով, որ կա իրավունք և կա ազատություն: Իսկ եթե հասարակության մի մասը սոված լինելու պատճառով առայժմ դա չի նկատում, միևնույն է, մի քիչ կշտանալուց հետո անխուսափելիորեն ուշադրություն է դարձնելու դրան: Այսինքն` իրավունքի և ազատության համար պայքարի ալիքը զսպելու համար, իշխանությունը, թերևս, պետք է հասարակությանը չխեղդի «հացով ու տեսարաններով», որպեսզի դրա պահանջարկը պահպանել կարողանա: Սակայն այդ դեպքում արդեն հասարակությունը պայքարում է հենց հացի կամ տեսարանների համար, իսկ պատմության փորձը ցույց է տալիս, որ հացի ու տեսարանի համար պայքարող հասարակությունն իշխանության համար շատ ավելի վտանգավոր է, քան իրավունքի ու ազատության համար պայքարող քաղաքացին, քանի որ եթե երկրորդի դեպքում առաջնորդողը միտքն է, ապա առաջինի դեպքում բնազդն է թելադրում: Դա հասկանալու համար բավարար է իշխանության անգամ ներկայիս ինտելեկտը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments