Hayastan EM

Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Կարեն Նազարյանը հայտարարել է, թե Եվրամիության հետ շրջանակային նոր համաձայնագրի բանակցային գործընթացում հասել ենք կարևոր հանգրվանի, և նա հույս է հայտնել, որ հաջորդ տարվա առաջին եռամսյակում Հայաստանը կստորագրի ԵՄ-ի հետ այդ համաձայնագիրը:

Եվրամիության հետ շրջանակային նոր համաձայնագրի շուրջ բանակցություններն արդեն ընթանում են շուրջ մեկ տարի: Առաջին հայացքից դա շատ ժամանակ չէ, սակայն պետք է նկատի ունենալ այն, որ դրա ծավալները բոլորովին այլ են, քան, օրինակ, Ասոցացման համաձայնագիրն էր, որը հայկական կողմը տապալեց եռամյա բանակցությունից հետո՝ 2013 թվականի սեպտեմբերի 3-ին:

Տևական ժամանակ անորոշությունից հետո Եվրամիությունն ու Հայաստանը վերջապես եկան որոշակի հայտարարի, և սկսվեց բանակցությունը նոր համաձայնագրի շուրջ, որը, ըստ էության, հիմնականում լինելու էր արդեն բանակցված համաձայնագիրը՝ պարզապես առանց այն հատվածների, որոնք կհակասեին ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը:

Այս իմաստով բանակցելու, ըստ էության, առանձնապես շատ բան երևի թե չկար էլ, և այդ կտրվածքով դիտարկելու դեպքում ակնհայտ է դառնում, որ մեկ տարին երևի թե բավականաչափ ժամանակ պետք է լիներ շրջանակային նոր համաձայնագրի համար: Առավել ևս, որ 2015-ին մեկնարկած այդ գործընթացի առումով հույս էր հայտնվում, որ առավելագույնը 2016 թվականին համաձայնագիրը կստորագրվի:

Այժմ արտաքին գործերի փոխնախարարը հայտարարում է, որ հույս կա, թե 2017-ի առաջին եռամսյակում այն կստորագրվի: Սա հետաքրքրական ժամկետ է: Հետաքրքրական է նրանով, որ 2017 թվականի առաջին եռամսյակը կլինի Հայաստանի, այսպես ասած, նախընտրական ամենաթեժ եռամսյակը, որից հետո էլ՝ արդեն ապրիլին, կլինեն խորհրդարանական ընտրությունները: Այդ ընտրություններում Հայաստանը ստանձնել է միջազգային պարտավորություններ, որոնց իրականացումը իշխանությունների համար, իհարկե, բարդություններով լի է լինելու և բավականին ռիսկային իրավիճակ է:

Հայաստանի իշխանությունների համար դա իսկապես մարտահրավեր է՝ հաշվի առնելով նաև այն, որ միջազգային հանրության, այդ թվում, մասնավորապես, Եվրամիության արձագանքը այդ ընտրություններում իշխանության գործողություններին շատ կարևոր է լինելու նաև հետագա տնտեսական հատկացումների տեսանկյունից, որոնք կենսական նշանակություն ունեն Հայաստանի իշխանության համար:

Ահա այդ իրողությունների ֆոնին ԵՄ-ի հետ շրջանակային նոր համաձայնագրի համատեքստում նշմարվում են կարծես թե բավականին հետաքրքրական տակտիկական նրբերանգներ, և նկատելի է դառնում, որ պաշտոնական Երևանի համար այդ համաձայնագիրը ըստ ամենայնի դիտվում է որպես խայծ Եվրամիության համար, որը կարող է էական նշանակություն ունենալ ընտրությունների հանդեպ վերաբերմունքի ձևավորման հարցում: Մեղմ ասած՝ խիստ հավանական է, որ պաշտոնական Երևանը բանակցությունները երկարաձգել է հենց այն նկատառումով, որ դրանք հասցնի մինչև ընտրություններ, ընտրությունների գնահատականի հարցում Եվրամիության ղեկավարության հետ, այսպես ասած, «փոխանակման» կամ եթե կոպիտ բնորոշենք՝ առևտրի առարկա դարձնելու համար. համաձայնագիր՝ դրական գնահատականի դիմաց սկզբունքով:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.