Ինչ որ մեկը վաղ է ուրախացել, դա պարզապես ծիծաղելի է

- in Վերլուծական
992
trump-putin

Ռուսներին թվացել է, որ եկել է ուրախության ժամանակը: Ռուսների կարծիքով, իրենք բավարար տեղեկատվություն են հավաքել ԱՄՆ նոր նախագահի վերաբերյալ, սակայն նրան գրեթե պրո-ռուսական քաղաքական գործիչ ներկայացնելուց բացի ոչ մի այլ փաստարկ չկա:

Նախ, Ռուսաստանն իսկապես վտանգավոր է, շարունակում է էքսպանսիոնիստական քաղաքականությունը, եւ անհրաժեշտ է տարբեր ուղղություններով նրա դեմ արգելափակոցներ դնել: Երկրորդ, ԱՄՆ-ին եւ ՆԱՏՕ-ին անհրաժեշտ է վառ արտահայտված եւ համապատասխան արձագանք պահանջող հակառակորդ, Դաշինքի մեխանիզմների կատարելագործում եւ ռազմական ծախսերի ավելացում, ինչպես նաեւ դիրքերի ուժեղացում մի շարք տարածաշրջաններում:

Թրամփի շուրջ ձեւավորվում է իշխող էլիտա, որը հիմնականում ներկայացնում է Heritage Foundation վերլուծական հիմնադրամը եւ American Enterprise ինստիտուտը, որոնք Հանրապետական կուսակցության առավել պահպանողական ուղեղային կենտրոններն են:

Այս ինստիտուտները գրեթե միշտ կողմնակից են արտաքին քաղաքականության կոշտ որոշումներին եւ հաճախ ողջունում են ռազմական հակամարտությունները: Սրանք կենտրոններ են, որոնք դավանում են կամ realpolitik, կամ նոր-պահպանողական քաղաքականությունը:

Դեմոկրատական կուսակցությանը եւ կողմնակիցներին թվում էր, թե այդ գաղափարական սկզբունքներին կարելի է հրաժեշտ տալ, սակայն եզրակացությունը վաղ էր:

Ամերիկյան քաղաքականության խնդիրը նաեւ այն է, որ երեւում է հարկ կլինի վերանայել Ջորջ Բուշ Կրտսերի արտաքին քաղաքականության բացասական գնահատականները: Այդ քաղաքականությունն ինքնին բավական բարդ խնդիր էր եւ բախվում էր զանազան պացիֆիստական ու պսեւդո-հումանիստական հայացքներին ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ Եվրոպայում:

Իրականում Բուշը բավական ուժեղ էլիտար քաղաքական գործիչների խմբի «ուղեկցորդն» էր, որը, եթե չեմ սխալվում, գլխավորում էր նրա հայրը: Այն ժամանակ հաջողվեց միավորել երկու բավական նման ուղղություն՝ «ռեալպոլիտիկը» եւ նոր-պահպանողականությունը: Հենց այդ ժամանակաշրջանում Ամերիկան կարողացավ շատ բանի հասնել ներքին ու արտաքին քաղաքականության մեջ: Ամերիկան բարգավաճում էր:

Հետո իշխանության եկավ Դեմոկրատական կուսակցությունը, ըստ էության՝ մարգինալների խմբավորումը, որը «սառեցրեց» արտաքին քաղաքականությունը պոպուլիստական սոցիալական ծրագրերի ներդրման դիմաց, որոնք ատելի են աջ եւ պահպանողական բնույթի շատ ամերիկացիների համար:

ԱՄՆ-ն բազմաթիվ դիրքեր կորցրեց աշխարհում, դա հանգեցրեց Պենտագոնի դիրքերի եւ եվրոպական դաշնակիցների լոյալության խարխլմանը:

ԱՄՆ-ում աճել է ձախերի թիվը, օրինակ Կալիֆոռնիան վաղուց անվանում են տրոցկիզմի օջախ: Այս ամոթալի երեւույթին դիմակայում էր ավանդական Ամերիկան, ավելի ճիշտ՝ պրովինցիալ Ամերիկան: Միլիոնավոր ամերիկացիներ շարունակում են ապրել ավանդական կյանքով, դավանել այն արժեքները, որոնց վրա կառուցված է Ամերիկան:

Նրանք չեն ընդունում այնպիսի երեւույթներ, ինչպիսին են միասեռական ամուսնությունները, աբորտի հարցում լիբերալ կանոնները, ինչպես նաեւ ավելորդ միջամտությունը արտաքին քաղաքականության մեջ, եթե դա վնասում է ազգային շահերին, օրինակ՝ տրանսազգային տնտեսական բլոկները:

Իր կառավարման վերջին տարիներին Օբամայի վարչակազմը փորձում էր վերակենդանացնել արտաքին քաղաքականությունը եւ ինչ որ չափով կրկնել Բուշի քաղաքականությունը, սակայն ժամանակն անցել էր, կորսվել էին շատ դիրքեր: Ամերիկան որոշ չափով կորցրել էր իր առավելությունները եւ գլխավորը՝ համաշխարհային հեղինակությունը:

Ինչ է սպասվում նոր նախագահ Թրամփին: Ձախ լիբերալները փողոցներում մի շարք ակցիաներ են կազմակերպել, հիմնականում դեմոկրատական նահանգներում, սակայն նրանք արդեն ոչինչ չունեն ասելու եւ հակաճառելու նոր նախագահին: Իհարկե, Հիլարի Քլինթոնն ավելի ակտիվ կլիներ արտաքին քաղաքականության մեջ, առանց դադարների ու քննարկումների: Բայց դա ի՞նչ արտաքին քաղաքականություն կլիներ:

«Օբամիզմի», այսինքն ձախ լիբերալիզմի մասնակի շարունակման պայմաններում այդ արտաքին քաղաքականությունը կլիներ հռչակագրային, որը չէր արտահայտի իրական խնդիրները տարածաշրջաններում, ինչին մենք ականատես ենք վերջին 8 տարիներին:

Օրինակ, մենք հետեւել ենք, թե ինչպես են Օբաման ու Քլինթոնը փորձում կարգավորել թուրք-հայկական հարաբերությունները, բայց առանց Հայաստանի համար իրական երաշխիքների, վերջին հաշվով թույլ տալով, որ Թուրքիան գործի Ռուսաստանին ձեռնտու ձեւով: Բուշի օրոք Ղարաբաղում պատերազմ չեղավ, ձախ լիբերալ Օբամայի օրոք եղավ, եւ ամենագլխավորը՝ Հայաստանն անշրջելիորեն դարձավ Ռուսաստանի վասալն ու մեկուսացավ Արեւմտյան հանրությունից:

Թրամփը ԱՄՆ երկու հզորագույն խմբավորումների դրածոն է՝ Պենտագոնի (ոչ թե զինվորական շրջանակների՝ որպես այդպիսին, այլ հենց Պենտագոնի), եւ աջ-պահպանողական ինտելեկտուալ խմբերի, ինչն էլ նրան թույլ տվեց ճանապարհ հարթել նախագահի այդքան հայտնի թեկնածուների առկայության պայմաններում, ներառյալ Բուշի ընտանիքի ներկայացուցիչը:

ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը կդառնա ավելի հետեւողական ու առարկայական, այն բխելու է ԱՄՆ-ի ու նրա գործընկերների շահերից: Բավական սահմանափակ ու շփոթված պետք է լինել, ինչպես ռուսները, ԱՄՆ-ի հետ հարաբերությունների բարելավման հույս ունենալու համար: ԱՄՆ-ի առջեւ դրված է Ռուսաստանը վերջնական վատ վիճակի հասցնելու խնդիրը, ամերիկացիները երբեք չեն հրաժարվի այդ նպատակից:

Թրամփին անհրաժեշտ էր նախընտրական շրջանում ընդգծել Օբամայի քաոտիկ ու բրուտալ քաղաքականությունը հենց Ռուսաստանի հանդեպ: Ռուսներն ուրախացել են, բայց ինչի՞ց: Ամերիկացիները թույլ են տալու, որ ռուսները հաստատվե՞ն Մերձավոր Արեւելքում, կամ սերտ հարաբերություննե՞ր հաստատեն Թուրքիայի կամ Իրանի հետ: Որ ռուսները դիրքավորվե՞ն Բալկաններում ու ամրապնդե՞ն դիրքերը Հարավային Կովկասում ու Սեւ ծովում: Ամերիկացիները կցանկանա՞ն նոր «կուբա» տեսնել Լատինական Ամերիկայում:

Ինչ վերաբերվում է ներքին քաղաքականությանը, պետք է հասկանալ, որ Օբամայի սոցիալական ծրագրերն առնչվում էին նաեւ Թրամփի էլեկտորատին, եւ այնքան էլ հեշտ չէ մերժել այդ ծրագրերը, եւ դրա կարիքն էլ չկա: Թրամփի կառավարման առաջին երկու տարիները քիչ ինչ անվերահսկելի կլինեն, բայց այդ ամենը կանցնի՝ նրա խորհրդականները կոչ են արել օգնության կանչել բազմաթիվ հանրապետականների, որոնք երես էին թեքել նրանից:

Նրանք, ում անունը տրվում է վարչակազմի թեկնածուների թվում, «առաջին դասի» մարդիկ չեն: Առավել եւս նրանք քաղաքական գործիչներ չեն: Նոր նախագահին պետք են փորձառու ու հեղինակավոր քաղաքական գործիչներ հանրապետականների շարքերից:

Արդեն պարզ է դարձել, որ Թրամփը բավական կախյալ մարդ է: Շատերն ասում են, թե նա եկել է «դրսից» եւ առնչություն չունի համակարգի հետ: Նա համակարգի մաս է, հարցն այն է, թե երբ է դարձել համակարգի մաս: Երեւում է նա գտնվել է համակարգի համար անհրաժեշտ պահին:

Ռուսներին մնում է մի բան՝ ամրապնդել հարաբերություններն Իսրայելի հետ, քանի որ նոր նախագահը ամուր կապված է այն կենտրոնների հետ, որտեղ ուժեղ են հրեական հասարակական շրջանակները:

Ինչ որ մեկը վաղ է ուրախացել, դա պարզապես ծիծաղելի է:

Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ, Քաղաքագետ; lragir.am