hayastan-armenia

ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքները անկասկած դեռ երկար քննարկումների, մեկնաբանությունների և վերլուծությունների առարկա կլինեն և զուտ պատկերի, և հետագա զարգացումների հավանականության ու հեռանկարների մասով: Եվ անկասկած, այստեղ բազմաթիվ քննարկումների և խորհելու առիթներ կան նաև Հայաստանի համար, թե՛ հնարավորությունների, թե՛ մտահոգությունների առումով:

Սակայն, ինչն է այստեղ գլխավոր դասը, որ կարող ենք արձանագրել այս դեպքում: Անկասկած իշխանափոխության մշակույթի, մեխանիզմի առկայությունը, որ կա ամերիկյան հասարակական-պետական համակարգում: Նախագահական վերջին ընտրությունները իրենց որակներով համընդհանուր գնահատմամբ ամենացածրն էին ԱՄՆ պատմության մեջ, համենայն դեպս վերջին տասնամյակների, սակայն ընտրությունների արդյունքներից հետո ԱՄՆ համակարգը վերստին հայտնվեց իր բարձրության վրա, ի դեմս ընդ որում և հաղթող, և պարտվող թեկնածուների հետընտրական ելույթների, և թե գործող նախագահ Բարաք Օբամայի հետընտրական ելույթի:

Եվ այս երևույթում մենք տեսնում ենք պետության, պետականության մշակույթի ուժը, որն էլ հենց հասցրել է Միացյալ Նահանգները համաշխարհային միակ գերտերության մակարդակի՝ իր բոլոր խնդիրներով և թերություններով հանդերձ: Վերջին հաշվով, ուժը այն չէ, երբ չեն սխալվում, ուժը կատարելությունը չէ` ուժը խնդիրների լուծման պատրաստ լինելն է և, դրանցով էլ ավելի ուժեղանալը: Այդ ուժն է, որ մարտահրավերներից ոչ թե թուլանում է, այլ ամեն լուծված մարտահրավերին զուգահեռ էլ ավելի ուժեղանում, ուժեղանում է ոչ միայն ճակատագրի նվերներից, այլ նաև խնդիրներից, սխալներից: Սա է այն եզրահանգումը, որ առաջին հերթին պետք է արվի նաև Հայաստանում:

Ինչ խոսք, մենք բացարձակապես միամիտ չենք կարծելու համար, որ Հայաստանում առաջիկայում հնարավոր է նման մշակույթ, հնարավոր է, որ հասարակությունը կատարի թեկուզ սխալ ընտրություն, սակայն այդ ընտրությունը կատարի հասարակությունը, և բոլորը ընդունեն հասարակության այդ ընտրությունը: Սակայն, երբ մենք խոսում ենք դասերի մասին, ուսանելության մասին, իհարկե ամենևին նկատի չունենք հայաստանյան «էլիտան»: Հայաստանի «էլիտան» այդ տեսանկյունից անընդունակ է սովորել թե սեփական, թե այլոց սխալներից կամ ուսանելի օրինակներից: Հայաստանի «էլիտան» ընկալում է այն, ինչ կապված է ֆինանսական շահութաբերության հետ:

Մեր բոլորի հույսը կարող է լինել այն, որ սովորի Հայաստանի հասարակությունը, քաղաքացին, որ արդիական մշակույթը նրա մոտ վերածվի ոչ թե հեռուստացույցով կամ համացանցով հասնող տեղեկության, այլ գիտակցության, կերպի, ներքին որակների, գաղափարի և արժեքի: Այդ դեպքում արդեն, բացարձակ նշանակություն չի ունենա, թե ինչ է սովորում կամ չի սովորում հայաստանյան «էլիտան», որովհետև այդ «էլիտան» կձևավորի արդեն Հայաստանի քաղաքացին` իր գիտակցությամբ: Այսօր հայաստանյան էլիտան ձևավորվում է հասարակության բնազդով: Սա է խնդիրը:

Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.