Նաիրա Զոհրաբյանը ձեռքը փրփուրներից է գցել

Naira Zohrabyan

Խորհրդարանում ավարտվեցին ՀՀ կառավարության կողմից ներկայացված 2017 թ. պետբյուջեի քննարկումները, որում ԱԺ պատգամավորները, թերևս՝ նախանախընտրական ժամանակաշրջանով պայմանավորված, փորձում էին ժողովրդահաճո երևալ, հանրությանը հետաքրքրող ու անհանգստացնող խնդիրների վրա շեշտադրումներ կատարել, խոսել հենց ժողովրդի բառուբանով, մուննաթով …

Այդ հարցում հատկապես աչքի էր զարնում ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանն, ով ինչպես ժողովրդական առածն է ասում՝ օդում թռչուն էր, ջրում՝ ձուկ, ցամաքում՝ ամենագիտակ: Նա մեկ մանկատներով ու երեխաների որդեգրմամբ էր հետաքրքրված, մեկ՝ սկրեպ խփող աղջիկներով ու քաղաքացիների անիմաստ մուծումներով՝ Վիզաների կանտորայում և … համանման հարցերով:

Այս ամենը տպավորություն էր, որ ոչ միայն նախընտարական նախաշրջանով էր պայմանավորված, այլև՝ ԲՀԿ-ում սպասվելիք դիրքով, ավելի շուտ՝ դրա սպասվելիք բացակայությամբ: Ու Նաիրա զոհրաբյանն իր խորհրդարանական <անպոչ գդալությամբ> կարծես Գագիկ Ծառուկյանին, ով պատրաստվում է վերադառնալ քաղաքականություն ու ԲՀԿ-ն ղեկավարելու, ասում էր, ավելի ճիշտ` հիշեցնում, թե՝ տե’ս, ես ինչպիսին եմ, որքան դիվիդենտներ կարող եմ վաստակել ԲՀԿ-ի համար …

Փոխարենը՝ անդուլ են խոսակցություններն այն մասին, թե որքան բացասաբար է Գագիկ Ծառուկյանի վերաբերմունքը Նաիրա Զոհրաբյանի հանդեպ: Յուրաքանչյուր անգամ նա բոլորի հետ կիսվում է իր կարծիքներով՝ ԲՀԿ-ում Նաիրա Զոհրաբյանի դերի, նրա յուրայինների հետ կապված: Ու Նաիրա Զոհրաբյանն, ըստ կուսակցության կենտրոնական գրասենյակից մեր աղբյուրների հաղորդման, լավ է հասկանում, որ իր իբրև պատգամավոր – քաղաքական գարծչի մահը մոտալուտ է և փորձում է առայժմ ընձեռնված հնարավորություններից օգտվել ու ձեռաց էլ կուսակցության հիմնադրին հիշեցնել իր ճարտասանության մասին: Ահա դրանից բխող հետևանքներից խուսափելու համար էլ հնարավոր է Նաիրա Զոհրաբյանի անունը լինի 2017 թ. ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում՝ ԲՀԿ համամասնական ընտրացուցակում: Սակայն բոլորին է հայտնի, որ յուրաքանչյուր համապետական ընտրություններից առաջ կուսակցությունների ղեկավարները կազմում են ցուցակները, միաժամանակ՝ ինքնաբացարկի, պատգամավոր դառնալուց հրաժարվելու մասին դիմումներ վերցնում այնտեղ ընդգրկվածներից, ահա, որից էլ կախված է, թե Նաիրա Զոհրաբյանը կլինի՞ ապագա՝ 6-րդ գումարման խորհրդարանի պատգամավոր, թե՝ ոչ:

Մինչ այդ Նաիրա Զոհրաբյանն ինքնադրսևորվում է, ինչպես կարող է, խաղում իշխանա – ընդդիմադիրա – օլիգարխիկ բազմալարերի վրա ու ինչպես երևում է անարդյունք՝ ձեռքը փրփուրներից է գցել:

Էվելինա ՂԱՍԱԲՈՂԼՅԱՆ

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments