Նաիրա Զոհրաբյանի զանգը կախող չկա

Naira Zohrabyan

ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանն, ըստ կուսակցության կենտրոնական գրասենյակից ստացվող տեղեկությունների, կանխազգում է իր իբրև քաղաքական գործչի մահն ու ելքեր է փնտրում մյուս քաղաքա – օլիգարխիկ լարերի վրա ոտքերի տեղն ամրապնդելու համար:

Ասում են՝ այդ պատճառով է, որ Նաիրա Զոհրաբյանը վերջին շրջանում խոսում է հիմնականում սոցիալական շեշտադրումներով՝ բանտարկյալների, մանկատների, երեխաներ որդեգրելու և համանման թեմաներով: Ավելին՝ նա կտրուկ նվազեցրել է, եթե ոչ բացառել, քննադատել իշխանությունների վերին էշելոններին: Փոխարենը՝ դա փորձում էր անել ԲՀԿ-ում իր յուրայինների ձեռամբ:

ԲՀԿ կենտրոնակայանում մեր աղբյուրները հաճախ են լսում ԲՀԿ-ական ԱԺ պատգամավորների քննադատությունները Նաիրա Զոհրաբյանի հասցեին: Մասնավորապես՝ Միքայել Մելքումյանի, Վահան Կարապետյանի ու Լյովա Խաչատրյանի կողմից: Բոլորն էլ ԱԺ պատգամավորներ:

Բանն այն է, որ Նաիրա Զոհրաբյանն իշխանություններին քննադատելու մանդատը փորձել է վստահել Միքայել Մելքումյանին, ում կողմից մեկ – երկու փորձերից հետո <փուչիկը պայթելու> ակնարկ է արվել, որովհետև Մ. Մելքումյանի անվան շուրջ բազմաթիվ ստվերային խոսակցություններ կան՝ վարձակալությամբ տրվող տարածքների, փոխնախարար աշխատած տարիներին կոռուպցիոն այլևայլ սկանդալների ու բիզնեսների հետ կապված:

Այնուհետև թեման փորձել են հեգնանքով տրամադրել Վահան Կարապետյանին, ով սակայն խոսելու ձիրք չունի ու ինքն էլ զարմացել է նման առաջարկից, բոլորը ծիծաղել են ու … լռել:

Ստացվում է, որ ԲՀԿ կենտրոնական գրասենյակից ստացվող տեղեկատվության համաձայն, թիրախում մնացել է Լյովա Խաչատրյանն, ով այդպիսի փորձ արեց խորհրդարանական նախորդ քառօրյայից հետո հրավիրված բրիֆինգի ժամնակ, որից հետո լսելով ու կանխազգալով Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն և ԲՀԿ-ն ղեկավարելու վերադարձի արդյունքում Նաիրա Զոհրաբյանի իբրև քաղաքական գործչի մահվան մասին, ձեռնպահ է մնում ԲՀԿ-ից այդ դերը ստանձնելուց:

ԲՀԿ-ում կատակում են, թե վիճակը նման է <Մկների ժողով>-ի հայտնի ստեղծագործությանը, երբ ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանի վերջին քայլերից մեկը՝ իշխանություններին քննադատելու մենաշնորհը, փորձ է արվում դրվել որևէ մեկի վրա, սակայն պատասխանատվությունը ստանձնող չկա, որովհետև վստահությունը չկա Նաիրա Զոհրաբյանի քաղաքական ապագայի մասին:

Նյութը պատրաստ էր հրապարակման, երբ մամուլում լուրեր տարածվեցին այն մասին, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եղբոր դուստր՝ Իրինա Քոչարյանն, ով Երևանի քաղաքապետարանում ԲՀԿ խմբակցության անդամ է, ցանկանում է 2017 թ. ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների արդյունքում ԲՀԿ համամասնական ընտրացուցակով ԱԺ պատգամավոր դառնալ: Ավելին, ԲՀԿ կենտրոնակայանում արդեն գիտեն, որ նա համամասնական ցուցակում Նաիրա Զոհրաբյանից շատ առաջ է լինելու:

Ահա այսպիսի՞ն է այժմ ԲՀԿ նախագահ, խորհրդարանում ԲՀԿ խմբակցության ղեկավար, Եվրաինտեգրման հարցերով ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի ապագան:

Էվելինա ՂԱՍԱԲՈՂԼՅԱՆ

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments