Նարե Սահակյան. «Մորեգույն սեքս»

- in Մշակույթ

Կիրակնօրյա ընթերցումներ.

Նա մերկ էր: Կլոր կոնքեր ու փոքր կրծքեր ուներ ու մերկ էր: Մորեգույն շրթներկը շուրթերին`  դուրս եկավ:

Ձեռքերը մեծ էին ու էլի մերկ: Խանութի դռների մոտ  սուրճի պարկեր էին դրված: Մերկ ձեռքը դանդաղ մտցրեց պարկի մեջ: Փոքր հատիկները սկսեցին գրկել ձեռքը, ու ինչքան խորը, այնքան ավելի տաք գրկել, բոլոր նյարդերով վերցրեց սուրճի հատիկները ու փշաքաղվեց:

– Ներեցեք, ի՞նչ եք անում, միգուցե սո՞ւրճ եք ուզում գնել:

Նյարդային լարերը խուճապահար եղան ու հանեցին ձեռքը սուրճի պարկից: Նա նայում էր մերկ աչքերով ու լքում պարկը, հետո խանութը: Հետը մի քանի հատիկ վերցրեց, որ հոտոտի ու հիշի տաքությունը:

Ջրի կաթիլները երկար քսեցին իրենց թացությունը մաշկին, հետո հայելին շոյեց մարմնի կորերը, հետո օծանելիքը գրկեց կոնքերը: Հետո տաքսիստը հետևում էր իր օծանելիքին հայելու միջով: Նա նայեց նույն հայելուն ու թարմացրեց մորեգույնը: Հոգնած ու աշխատանքից կեղտոտ  տղամարդը ժպտաց:

Կանգնել էր դռան մոտ ու լսում էր սեփական շնչառությունը, զգում` ոնց է այն արագանում ներսում լսվող քայլերից: Հարևանի կինը բացեց դուռն ու քնատ աչքերով նայեց.

– Ո՞ւմ եք ուզում

Սև բռնակը շարժվեց, ու շնչառությունն ավելի արագացավ: Փափուկ հարևանուհին զարմացած նայում էր: Մորեգույնը ձգվեց ու ներս սահեց: Հարևանուհուն թվաց, թե տարօրինակ օծանելիքը գիշերվա երազի շարունակությունն է, ու գնաց մեծ փորով ամուսնու մոտ, ով առավոտյան չի ուզում  իրեն:

Երկու տաք ձեռքեր իրենցը դարձրին օծանելիքն ու հայելու շոյած կորերը: Երկար շրջազգեստը թաքցնում էր դողացող ոտքերը: Տաք ձեռքերից ուժեղ ծնկներին նստած  մորեգույնը հալվեց: Հետևի հայելու մեջ կանաչն ու մորեգույնը մերկանում են: Երկար շրջազգեստը ձեռքերի տաքությունից դանդաղ անհետացավ:

Մոցարտը նայում է հայելուն ու դանդաղեցնում հնչյունների ընթացքը: Նվագախումբը մի պահ կանգնեց սեղանին դրված ծաղկամանի ու մերկ կոնքերի համընկնումից: Մոմերը լուռ համաձայնում են առավոտյան արևի հետ: Երկու ներքնազգեստ կախվում են  փոքրիկ լամպից:

Փափուկ կնոջ ականջներում դողում է մահճակալի զսպանակը, որ ճչում է Մոցարտի երաժշտության տակ ու կապվում մեծ փորով ամուսնու խռռոցին:

Մի բուռ շրջազգեստը նորից ծածկում է ոտքերը ու մորեգույնը սահեցնում դռան ճեղքից:

Բակի փոսերը լիքն են թաց ցեխով ու դրանց վրայից թռչելիս սառած ոտքերը ցեխոտվում են: Մեծ փորը դրսում կանգնած հիշում է մի քիչ առաջ Մոցարտի ճչոցը ու նայում ցեխոտ  ոտքերին:

– Անառա՛կ…

Հարևան տղամարդը երկար ու դժվար մաքրում է եղունգների տակ մնացած կեղտն ու սեռական էներգիան բառերի վերածում։

Փոքր սենյակում գետնին գրքեր են դրված: Ծխախոտի ծուխը դանդաղ բարձրանում է: Ուսերին առավոտյան Մոցարտի ու տաք ձեռքերի հոտն է մնացել, հետո հոր խոսքերը` «անառակ, էլ աղջիկս չես»: Ընտանեկան ժողովը նրան դուրս արեց ու չիմացավ Մոցարտի մասին: Մայրը աչքերը լցրեց ու դուրս եկավ սենյակից: Մնացածներն էլ նայեցին դռանը: Ընտանիքում էլ մորու հոտ չի գալիս, ու բոլորի խիղճը հանգիստ է:

– Մի տուփ ծխախոտ տվեք …

Ձեռքերը սուրճոտ են ու դեռ փշաքաղված։

Խանութի վաճառողուհին նայեց մորեգույնին ու դողացող ձեռքերին, խոժոռեց հոնքերն ու համարյա նետեց ծխախոտի տուփը:

Նետած ծխախոտը լցրել է սենյակը, ու պատուհանները պինդ համբուրում են չարսուները: Գլանակները վառվելով գրկում են իրենց սերը, ու ծուխը նստում է մորեգույնի վրա՝ ծանր ու դանդաղ:

Նա մերկ է ու մերկ աչքեր ունի:

Տանտերը գալիս է տան վարձի ետևից: Էլ ոչ մեկի աղջիկը չի: Մարկեսից հանում է տասը հազար, Սարոյանից` քսան: Գրքերը աղքատի պես  դանդաղ մերկացնում է ու ժպտում ուսերի հոտից:

– Գիշերները տանը չես լինում … Խոհանոցի ծորակը բաց ես թողել երեկ … Ու էս ի՞նչ մոխրամաններ են …

Ծեր, փնթփնթան կինը ամեն կետն ասելիս մի քիչ առաջ է գալիս: Սի քանի ճմրթված, գրքոտ թղթադրամները նրան կանգնեցրին.

Դուռը` շրխկ … Գրքերը մերկ են, մորեգույնն էլ:

Բայց Մոցարտը դեռ ուսերից չի իջնում: Մորեգույնը չի դադարում ժպտալ:

***

Կախ կրծքերով ու թույլ ազդրերով կանայք կանգնել են երկար կրունկների վրա: Նրանց աշխատանքն է մի ամբողջ գիշեր գրգռված լինել, նայել բոլորին ու մտքով սովորականից ավելի ներս թողնել, հետո իրենց իսկ մարմնի գինը բարձրացնել, ինչպես լոլիկ կծախեին, հետո իմաստունի պես մոռանալով վաճառքը` գոռալ կեղծ հաճույքից ու բարձրացնել անբավարարված ինքնագնահատականներ:

Հաստ փորով  ու ճարպից չգրգռվող ծերուկներ, չհասունացած դեռահասներ, մերժված ու չբավարարված երիտասարդներ: Նրանք թողնում են իրենք իրենց ու գալիս բավարարվելու չարչարված կրծքերի վրա:

Սև, փայլող մեքենան կանգնեց սև, կարճ շրջազգեստի մոտ: Երկու կնճռոտ աչքեր նայեցին, ու կրծքերը պատուհանի բացվածքից կախվեցին ներս: Հաճույքի առևտուր, որ լարված փորը դողալով է անում:

Երկար քայլեց երեկոյան քաղաքով, զգույշ, որ չտրորի փոքրիկ ոտքերը, որ ավելի չնայի ու ավելի չշնչի: Հետո կանգնեց կեղտոտ մուտքի մոտ մինչև չխկաց երրորդ հարկի դուռը ու փոքրիկ ոտքերը անցան մյուս ծածկի տակ:

Հիմա առնելու է կախված կրծքերը ու պիտի մոռանա փոքրիկ ոտքերը: Մեքենան լցվեց թանձր ու ճոխ հոտով: Կեղծ կիրքը թափվում է կնոջ լիքը շուրթերից: Փորը ուշադրություն չի դարձնում դրանց: Չոր հաշվարկ` փող – օրգազմ ու վերջ: Պարտավոր էլ չէ աչքերին նայել, ձեռքերը շոյել: Տրորված մարմինը կորցնում է իրեն ու թափվում փորին: Կեղտոտ ու հազար մարմին տեսած սենյակը ծույլ նայում է երկու ծանոթ հաճույք – չհաճույքի, հետո դանդաղ հորանջում:  Տարբեր տղամարդկանց օծանելիքներ մնացել են կնոջ տաք մարմնի տարբեր ծալքերում: Տղամարդը առանց կոշիկները հանելու արագ մերկացնում է գնումը: Կինն առանց հաճույքի գրգռվում է ու թողնում իր հետքերը: Մահճակալը բռնաբարվում է, հետո կեղտոտ պատերը լսում են ծանոթ տնքոցները: Մեքենայի մեջ դեռ մնացել է ճոխ ու կեղտոտ հոտը: Վաղը փոքրիկ ոտքերը կտխրեն …

Սպիտակ դռան արանքից մազոտ փորը բարձրանում, իջնում է, վզին կարմիր հետքեր կան: Նախաճաշի հոտն արդեն լցրել է տունը: Անկյունից սառը խռռոց է գալիս:

Գիշերը ծնողների ննջասենյակում երկու մահճակալները վախեցած քուն էին բեմադրում: Երկու զուգահեռ պատերի տակ դրված անկողիններում մայրն ու հայրը բացել են աչքերը ու վախենում են խոստովանել, որ դեռ արթուն են: Երկար ու լուրջ լուծում կպահանջվի տալ, հետո՝ պարզաբանում,  հետո՝ կկասկածեն, հետո՝ չեն իմանա ինչպես չկասկածել, իսկ իրենք արդեն առանձին են քնում: Տան դուռը բացվեց: Մահճակալները իրենց ստիպեցին քնել ու չփորփրել:

Նախաճաշի սեղանին հայրը չի նայում սեղանից վերև, որ չնկատեն, որ տեսավ կեղծ օրգազմի կարմիր հետքը, եղբայրը նայում է ու հաշվում գրպանի փողը: Մայրն էլի աչքերը լցրել է բաժակները կաթ լցնելիս: Մորեգույն մուրաբան դրեցին սեղանին: Մի – մի գդալ քսեցին հացին ու առանց կասկածելու կերան կաթի հետ:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments