Vitali Balasanyan

Լեռնային Ղարաբաղի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը երեկ ԼՂՀ անվտանգության խորհրդի քարտուղար է նշանակել Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանին:

Այս նշանակումը բավականին հետաքրքրական է մի շարք առումներով, որոնք վերաբերում են և ներքին և արտաքին քաղաքական խնդիրներին: Վիտալի Բալասանյանն անձ էր, որն ակտիվ մասնակցություն ունեցավ հուլիսյան հայտնի դեպքերի հանգուցալուծման գործում, երբ «Սասնա ծռեր» խումբը գրավել էր Երևանի ՊՊԾ գունդը: Վիտալի Բալասանյանի ակտիվ դերակատարման մասին բազմաթիվ խոսակցություններ են եղել նաև ապրիլյան պատերազմի օրերին:

Այս տեսանկյունից, ակնհայտ է, որ Բալասանյանի նշանակումը ԼՂՀ անվտանգության խորհրդի պաշտոնում, իր մեջ պարունակում է և ներքին և արտաքին մի շարք գործոններ: Սրանից բացի, այդ հանգամանքը հուշում է նաև, որ Բալասանյանի նշանակումը երևի թե ավելին է, քան զուտ ղարաբաղյան իշխանության շրջանակում կայացված որոշում, և այս առումով իհարկե այս որոշումը անկասկած համաձայնեցված է Հայաստանի իշխանության հետ: Ընդ որում՝ արժե հիշատակել նաև, որ Բալասանյանի անունը ի սկզբանե շրջանառվում էր նաև Հայաստանի կառավարութան փոփոխությունների կոնտեքստում, երբ նրա թեկնածությունը մամուլում դիտարկվում էր որպես պաշտպանության նախարարի հավանական թեկնածուներից մեկը: Այս ամենով հանդերձ, հետաքրքրական է, որ վերջին ամիսներին ոչ միայն ղարաբաղյան, այլ նաև հայաստանյան կյանքում դրամատիկ իրադարձություններում առանցքային դերակատարում ունեցած Բալասանյանը Ղարաբաղի անվտանգության խորհրդի քարտուղար է նշանակվում մի ժամանակահատվածում, երբ ապրիլյան պատերազմից հետո տեղի է ունենում սահմանային լարվածության որոշակի աճ, որը արդեն պահպանվում է մի քանի շաբաթ:

Հետաքրքրական է նաև, որ նշանակումը կատարվում է Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցից հետո: Ինչ է սա, զուտ ապրիլյան պատերազմում և հուլիսյան զարգացումներում Բալասանյանի ահռելի դերակատարման համար նրան հայտնվող շնորհակալություն կամ ցուցաբերվող իշխանական երախտագիտությո՞ւն, թե հայկական կողմի որոշակի աշխարհաքաղաքական մեսիջ: Այս տեսանկյունից Բալասանյանն իհարկե խորհրդանշական ֆիգուր է, որի նշանակումը Լեռնային Ղարաբաղի անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում, որպես նաև արցախյան պատերազմի մասնակից գեներալի, ըստ էության հանդիսանում է որոշակի ազդակ հայկական կողմի դիրքորոշումների կարծրացման իմաստով: Եվ սա նաև գուցե թե հայկական կողմի քաղաքական պատասխանն է վերջին շաբաթներին ադրբեջանական կողմի լարվածության մեծացմանը միտված գործողություններին: Հայկական կողմը դրանով երևի թե փորձում է ցույց տալ, որ ամենևին մտադիր չէ տեղի տալ Ադրբեջանի ռազմական սադրանքների շանտաժին:

Միևնույն ժամանակ բավական բարդ է ասել, թե այս նշանակումը որքանով է պատասխան նաև Մինսկի խմբի համանախագահների այցին, կամ պարզապես հայկական կողմի համար այդ այցի արդյունքներից «ոգեշնչված» որոշում է: Այս ամենին զուգահեռ, ինչ ներքին մեսիջներ կամ միտումներ կարող է պարունակել ղարաբաղյան նշանակումը:

Այս տեսանկյունից երևի թե հարկ է արձանագրել այն, որ հուլիսյան զարգացումների հանգուցալուծման, և գլխավորը՝ ըստ էության առանց արյունալի բախումների հանգուցալուծման ակտիվ դերակատար հանդիսացած անձնավորության ղարաբաղյան այս նշանակումը առնվազն անուղղակիորեն հանդիսանում է այդ իրադարձություններին հաջորդած որոշակի զարգացումների տարածում նաև Լեռնային Ղարաբաղի վրա:

Հայաստանում հուլիսյան իրադարձությունների տարածումը լայն թափ առած ներիշխանական վերադասավորումներն ու փոփոխություններն են, որոնցում հուլիսյան դեպքերը ունեցել են անկասկած խիստ էական նշանակություն, հանդիսանալով որոշակի կատալիզատոր: Եվ այս իմաստով հատկանշական է, որ այդ իրադարձությունները փաստորեն Բալասանյանի նշանակումով իրենց հետհանգուցալուծային տարածումն են ստանում նաև Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ, իհարկե դեռևս ոչ այնքան հստակ նպատակակետերով:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.