Ցնցվել, մխիթարվել և հուսալ, որ հնարավոր կլինի դիմադրել թանկացման հերթական ալիքին

- in Սոցիալական

Օրերս ՀՀ սոցիալական ապահովության նախարար Արտեմ Սարգսյանը հայտարարել է, որ Հայաստանում 2017 թ. նվազագույն աշխատավարձի, թոշակների և նպաստների բարձրացում չի սպասվում։

Միևնույն ժամանակ, Հայաստանում գնաճի տեմպերը շարունակվում են ցնցել հասարակությանը: Այդ ցնցումների հայկական առանձնահատկությունն այն է, որ դրանք տեղի են ունենում առանձին-առանձին: Այսինքն` ամեն հայ ընտանիք կամ հայ ընտանիքների ճնշող մեծամասնությունը գերադասում է ցնցվել միայն երեկոյան, սեփական տան խոհանոցում կամ ճաշասենյակում, ընտանեկան շրջանակում` ցնցվել, մխիթարվել և հուսալ, որ հնարավոր կլինի դիմադրել թանկացման հերթական ալիքին էլ:

Իշխանությունը շատ լավ յուրացրել և օգտագործում է այդ առանձնահատկությունը` վստահ, որ Հայաստանում հասարակության ցնցումների ընդհանրացում տեղի չի ունենա, և դա իր դիրքի համար վտանգ չի դառնա: Բայց չէ՞ որ գալիս է ընտրական շրջանը, իսկ այն առանձնահատուկ շրջան է: Եվ եթե միջին վիճակագրական հայ ընտանիքը սովորական ժամանակաշրջանում ցնցվում է սեփական տանը, ընտանեկան շրջապատում, ապա դրանց զգալի մասը կարող է դուրս գալ այդ շրջանակից և միավորվել սոցիալական հուժկու բողոքի ներքո: Իշխանությունը չէր կարող այդ ամենը չհաշվարկել: Հետևաբար պետք է սպասել, որ առաջիկայում լինելու են այդ ուղղությամբ որոշակի գործողություններ, որոնց նպատակը կլինի Հայաստանում բնակչության սոցիալական դժգոհությունը որոշակիորեն մեղմելը կամ լիցքաթափելը, որպեսզի այն չդառնա ընտրությունների լրջագույն խոչընդոտ:

Ակնհայտ է, որ իշխանությունը պարզապես կորցրել է իրավիճակի վերահսկողությունը, և այդ իսկ պատճառով էլ երկրում տեղի են ունենում ավանդական տրամաբանությանը որոշակիորեն հակասող իրադարձություններ: Այդ տարբերակին Հայաստանում քչերն են հակված հավատալու, որովհետև Հայաստանում ձևավորված բազմաթիվ կարծրատիպերից մեկն էլ այն է, որ ինչ կատարվում է երկրում, կատարվում է իշխանության գիտությամբ, ծրագրով կամ հավանությամբ: Հայաստանում քչերն են հավատում, որ կարող են լինել գործընթացներ, որոնք դուրս են իշխանության վերահսկողությունից, կամ իշխանությունը ստիպված է լինում հանդուրժելու դրանք, քանի որ չունի հակադրվելու ռեսուրս:

Իշխանությունն ինքը ամեն կերպ փորձում է ինֆորմացիոն տարբեր խողովակների միջոցով հաղորդել հասարակությանը, որ իշխանության համար առաջին հայացքից այս կամ այն անցանկալի իրողությունն իրականում իշխանության կազմակերպած թատրոնն է, սցենարն է, որ այս երկրում ոչինչ այդ սցենարից դուրս տեղի չի ունենում: Այդպիսով, հանրությանը հաղորդվում է անելանելիության զգացում, ինչն էլ իր հետևից բերում է անտարբերություն, անհամարժեքություն որևէ իրավիճակի հանդեպ, համընդհանուր հիասթափություն, թևաթափություն և հուսահատություն: Դժբախտաբար, շատ հաճախ այդ մտածողության տարածմանը, այդ համոզմունքը արմատավորելուն ակամայից նպաստում են նաև տարբեր ընդդիմադիր ուժեր ու գործիչներ, հասարակական խմբեր, նաև մամուլի տարբեր միջոցներ: Նրանք հանրության համար չեն ապահովում այլընտրանքային մտքերի հնարավորություն, չեն ապահովում տեսադաշտ, որ մարդիկ տեսնեն իրադարձությունների զարգացման մի քանի տարբերակներ, մի քանի հնարավորություններ: Մարդկանց պարտադրվում է միևնույն սցենարը, իսկ հակադիր ցանկացած սցենար դրվում է դավադրության շրջանակի մեջ, և դրա մասին մտածողները արագորեն սկսում են պիտակավորվել: Մինչդեռ, եթե նույնիսկ դա այդպես է, իրականում հարկավոր է մարդկանց համոզել հակառակ մտայնությունը, որ այս երկրում ամեն ինչ չէ, որ կատարվում է իշխանության կամքով, իշխանության ծրագրածի համաձայն: Մարդիկ պետք է մտածեն, որ իրենք էլ այս երկրում կարող են ինչ-որ բան մտածել, ծրագրել, պատվիրել ինչ-որ մեկին, այդ թվում նույնիսկ իշխանությանը, ու պահանջել դրա իրականացում:

Իրավիճակը պետք է շրջել գլխիվայր: Այսինքն` այսօր ցանկացած, նույնիսկ իր համար ամենաանպաստ իրադարձություն իշխանությունն առանց որևէ մեծ ջանքի կարողանում է հանրությանը ներկայացնել որպես սեփական մտահղացում, որպես սեփական ինքնավստահության արգասիք, որպես ամեն ինչի վերահսկելիության ապացույց: Հարկավոր է, որ ստեղծվի այնպիսի մի իրավիճակ, երբ իշխանության համար չափազանց դժվար լինի նույնիսկ սեփական նախաձեռնությունները, սեփական քաղաքական ծրագրերն ու հյուսած ինտրիգները հասարակությանը ներկայացնել որպես իր մտահղացում: Միայն այդ միջոցով հասարակությունը կսկսի հետաքրքրություն ցուցաբերել հանրային և քաղաքական կյանքի հանդեպ, հուսալ, մտածել, հավատալ, որ ինչ-որ բան էլ կարող է չլինել այնպես, ինչպես պլանավորել է իշխանությունը: Միայն այդպիսով հասարակությունը ինքնավստահություն ձեռք կբերի կամ կվերագտնի այն:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments