Dram

Այսօր խորհրդարանում ներկայացնելով արդեն աղմուկ հանած հայտնի օրինագիծը քաղաքացիներից զոհված և վիրավորված զինծառայողների ընտանիքներին հատուցելու կամ, ավելի շուտ, այդ անվան տակ 1000-ական դրամ հավաքելու մասին՝ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարել է, որ հանդես գալով նման նախաձեռնությամբ՝ ինքը չի հետապնդում որևէ քաղաքական դիվիդենդ ստանալու նպատակ:

Վիգեն Սարգսյանի համար իրավիճակը իսկապես անհարմար է, և կասկած չկա, որ նա բոլորովին չէր ցանկանա հանրությանը պաշտպանության նախարարի պաշտոնում ներկայանալ հենց նմանօրինակ մեկնարկային նախաձեռնությամբ: Եվ եթե Վիգեն Սարգսյանը հետապնդեր քաղաքական դիվիդենդ քաղելու նպատակ, միգուցե նման նախաձեռնություն չլիներ:

Այսինքն՝ երբ նախաձեռնություն է հանդես բերում քաղաքական պաշտոն զբաղեցնող մարդը, ապա ոչ միայն դատապարտելի չէ քաղաքական դիվիդենդի ակնկալիքը, այլև հակառակը՝ այդ դիվիդենդի ակնկալիքը նույնիսկ անհրաժեշտ է, բնական, տրամաբանական: Եվ հենց այդ դիվիդենդն է, որ քաղաքականությունը անձնական հարստացման միջոցից, բիզնեսից վերածում է հասարակական շահերի սպասարկման գործընթացի:

Հայաստանում հակառակն է, ըստ որում՝ խոսքը միայն պաշտպանության նախարարի մասին չէ, այլ ընդհանրապես քաղաքական գործունեությամբ զբաղվող թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր շատ անձանց: «Չենք հետապնդում քաղաքական դիվիդենդ» հասկացությունը դարձվում է անկեղծության և անշահախնդրության հոմանիշ: Դա քաղաքականություն երևույթի, հանրային շահերի սպասարկում երևույթի որոշակի խեղված ընկալման կամ մատուցման տարբերակ է:

Քաղաքական գործիչը, քաղաքականությամբ զբաղվող մարդը, քաղաքական պաշտոն զբաղեցնող կամ դրան հավակնող մարդը պետք է հետապնդի քաղաքական նպատակներ, պետք է ակնկալի քաղաքական դիվիդենդներ, որովհետև նրա խնդիրը պետք է լինի իր որևէ նախաձեռնության պարագայում շահել հասարակական վստահությունն ու հասարակության ձայնը: Չէ՞ որ առանց դրա չի կարող լինել քաղաքականություն, առանց դրա քաղաքականությունը վերածվում է անձնական բիզնեսի:

Դիվիդենդները լինում են կա՛մ քաղաքական, կա՛մ նյութական և ֆինանսական: Այլ տարբերակ չկա: Հետևաբար քաղաքականությունն առանց քաղաքական դիվիդենդի լինելու է այն դեպքում, երբ չկա հասարակություն, երբ քաղաքականությունը կամ դրանով զբաղվող գործիչը որևէ կախվածություն, կախում չունի հասարակության կարծիքից կամ, առավել ևս, հասարակության քվեից: Մի բան, որը երկու տասնամյակ տեղի է ունեցել և տեղի է ունենում Հայաստանում՝ քաղաքականությունը հանրային շահերի, պետական շահերի սպասարկման ոլորտից վերածելով ինչ-որ մարդկանց, կլանների, խմբերի իշխանության յուրացման և հարստացման միջոցի:

Եթե հետապնդվեր քաղաքական դիվիդենդ, ապա բանակի խնդիրների համար ներկայացվող օրինագծերը կշոշափեին ոչ թե շարքային քաղաքացիների, այլ առաջին հերթին մեծ հարստության տեր հանդիսացող պետական պաշտոնյաների, օլիգարխների գրպանները, որովհետև իշխանությունը, որն ունի ընտրվելու խնդիր, կփորձեր հասարակությանը ցույց տալ արդյունավետ, ոչ թե խորամանկ կառավարման օրինակներ:

Հայաստանի առանցքային խնդիրներից մեկը, որ բերել է պետականության խորքային նենգափոխման, հենց քաղաքականության խորքային և համակարգային նենգափոխումն է՝ ընդուպ մինչև հասարակական գիտակցության մակարդակ:

Spread the love

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.