eshelon ishxanutyun

Հայաստանի տնտեսական աղետալի վիճակի համար ՀՀԿ-ն չի պատրաստվում է հրաժարվել իշխանությունից, իսկ Հովիկ Աբրահամյանի ժառանգության համար նրա ընկեր և ժառանգորդ վարչապետ Կարեն Կարապետյանը չի պատրաստվում ներողություն խնդրել հասարակությունից։ Վարչապետի բոլոր հույսերը այժմ կապված է IT ոլորտի հետ։ Սկզբում այդպես չէր, հիմա IT սեկտորից արագ կարգով երկրի իշխանությունը հեղափոխական փոփոխություններ է պահանջում։

Չէ, ինչպես ասում են՝ սա Ռիո դե Ժանեյրոն չէ, սա երևի Ռիո դե Ժանեյրոյի գոմն է, որտեղ ղեկավարությունը մարդկանց իսկապես դրել է անլեզու կենդանու տեղ և բանը հասցրել արդեն ցինիկ զավեշտի, այն դեպքում, երբ երկրում ահռելի չափերի է հասնում աղքատությունը, չքավորությունը, հասարակության առողջապահական խնդիրները, արտագաղթի ծավալները:

Հասարակությունը հիվանդանում է բառիս բուն իմաստով, մնում է սոված, երկիրը դատարկվում է, իսկ այդ ամենի մասին առարկայորեն մտածելու, կոռուպցիայի և հովանավորչության դեմն իրապես առնելու և պայքարելու, և այդ ամենի ուղղությամբ լուրջ քայլեր և ֆունդամենտալ միջոցառումներ իրականացնելու փոխարեն, իշխանությունը սկսել է իրեն պոլիտեխնիկի համալսարանի դասախոսի պես պահել:

Իհարկե, տեխնոլոգիական և մեթոդաբանական խնդիրները շատ կարևոր են և ազդում են IT արդյունքի վրա: Սակայն խնդիրն այն է, որ պետությունը պետք է զբաղվի ոչ թե դասախոսություն անելով, այլ իրականացնի քայլեր, որոնք Հայաստանում կնպաստեն IT ոլորտի վերելքին:

Իսկ դրա համար պետք է, որ իշխանությունը, քարոզչության փոխարեն, գերադասի զբաղվել կոնկրետ գործով, պայքարի շուկաներում տիրող մենաշնորհների դեմ, երբ մասնագետները ստիպված չեն լինի իրենց փակ բնակարաններում, հաստ վարագույրների ետևում ողջ գիշեր ԱՄՆ-ի հետ իրենց բիզնեսը վարել ՊԵԿ-ի աչքից հեռու, այլ անկաշկանդ կբացեն իրենց պատուհաններն ու դռները պետության առջև և ազատորեն կգործեն ցերեկը՝ իրենց հայրենիքում, իսկ գիշերը մարդավարի կքնեն։

Երբ երկրում կսկսեն գործել իրապես ազատ շուկայական սխեմաներ, այդ դեպքում նաև տեխնոլոգիական զարգացման և մեթոդաբանական աճի մասին մտածելու ժամանակ չի մնա, այն կզարգանա ըստ անհրաժեշտության։

Սա է իշխանության անելիքը` ապահովել նպաստավոր պայմաններ ցանկացած ոլորտի զարգացման համար, իսկ թե ինչպես զարգանալ՝ արդեն սուբյեկտներն իրենք ավելի լավ կգտնեն ճանապարհն ու ավելի արագ կանցնեն այդ ճանապարհով:

Spread the love

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.