Անհնար է, որ Սասնա Ծռերից լինեք ու հնազանդ լինեք

- in Կարծիք
501
Levon Barsegyan

Շատ ծանր է ու դեռ բարդ է լինելու, այս գիշերը պայմանական սահման է, ժամանցային, ռոմանտիկ, որովհետեւ չկան 365-օրանոց ժամանակային հատվածներ իրականում, մենք ենք հորինել այդ հատվածներն ու զանազան պարպումների համար սահման ենք գծել:

Անցնող տարվա փորձանքները անպատճառ չեն ու անպատճառ բան չկա բնության մեջ, չկա նաեւ Աստծո պատիժ կամ պարգեւ: Մարդկային սխալների, մեղքերի ու արդարության համար մենք ենք պատասխանատու եւ շահառու: Մենք՝ իշխանություն չունեցողներս, ունեցողների եւ նրանց իշխանություն տվողների հետ այնքան պարարտ հող ենք սարքել, որ հատուցելիք ահռելի բեռ ենք դարսել վրեքս՝ գալիք, ժամանակի հարց է՝ երբ եւ որտեղ եւ որքան ենք հատուցելու: Իշխանություն չունեցողներս, ունեցողները եւ նրանց իշխանություն տվողները տարբեր են տեսնում էս պատկերն ու բեռի բաշխումը: Դրան երեւի պատասխանատվության զգացում, ապա՝ չափ կամ ձեւ են ասում:

Ամենայն հավանականությամբ Սերժն ու իր Երանոսյան հոգեզավակն էլ են սիրում Հայաստանը, ինչպես Գեբելսն էր սիրում Գերմանիան, կամ Ֆրանկոն Իսպանիան, կամ գեներալը՝ Չիլին, ամենքը յուրովի, մի քիչ ավել, մի քիչ պակաս … Ետ գնացեք մի քիչ, մեկդ մտեք մուսոլինիենց տուն, հարցրեք՝ պապիկը սիրո՞ւմ էր Իտալիան…, կամ շատ հեռու մի գնացեք, Թալեաթի կնոջը դիմեք, լսեք ինչե՜ր կպատմի իր հայրենանվեր սիրո մասին: Մերոնց դեպքում Հայրենիքի սահմանումն է ինքնատիպ. Աղդամը Սերժի Հայրենիքը չէ, Երանոսյանի դեպքում՝ ինքը պտի Մեծ Շենում, փետրվարին, ճակատագծից 15-20 կմ հեռու պիտի ճերմակ մասխալաթով ու վալինկաներով ֆռֆռար, իսկ Տոնաշենի դիրքերում «երեքամսական» զինվորները պիտի ոտներին շինելից կտրած լաթեր փաթաթեին ու կապեին, որ չցրտահարվեին, ե՛ւ ողջ մնային, ե՛ւ կռիվ տային: Ահագին մարդ էլ կա՝ Հայրենիք ունի, բայց Հայրենիքը սահմաններ չունի, այն Մասիս սարի պատկերն է լուսամուտից, կամ՝ պատին, կամ դրոշը՝ այն գրասեղանին, որի դարակում կաշառք է ստանում, այդպես հեշտ է ապրելը երեւի:

Մոտավորապես 1000 տարի մենք (ու, այսպես կոչված՝ մեր մեծերը), առանց քարտեզին նայելու, մեզ կինոյի տղի տեղն ենք դրել ու սրա-նրա տակ հարմար պառկել, ու երբ մեկն հանկարծ գոռացել է՝ «քունիք թողիք, արնախում բոզե՛ր …», խելացի հազարներն ասել են՝ լավ դե, սուս մնա, անհարմար է, իմաստունները, թե բա՝ իջիր ջրի հատակը՝ մինչեւ անցնի վտանգը: Ասողին տշշել են, լարել են, փակել են, անողին ընդհանրապես մորթել են, լեշը փռել տիրողների ոտների ու գահերի տակ: Հաց տանողին հո առաջին անգամ չե՞ն փակել ու որպես «լավ լուր» բաց թողել: Հագմեջ արած ժողովրդից ինչ ե՞մ ուզում, տեսնես:

Մարդ մնա՞ց, որ տեղյակ չէ, որ այս ամենը արդեն եղել է: Այն տարբերությամբ, որ սրանք հուշեր էլ չեն կարենալու ու չեն կամենալու գրել, որովհետեւ Վրացյանի գրաճանաչությունը չունեն ու հուշագրությունը կազինոներում կոն դնել կամ բոզանոցներում շամպայնի լոգանք ընդունել չէ, որ հետաքրքրի իրենց:

Ավելի բարդ է լինելու, որովհետեւ արդյունավետ սեքս չկա երկրում, պոռնո կա, բայց պտղաբեր սեքս չկա, բազմացման սեքսի մասին է խոսքը, հողը մարդով է պահվում, մարդ լինի, տեխնիկա էլ կլինի, տեխնոլոգիաներ էլ կլինեն, հնար էլ կգտնվի, իսկ մարդիկ գնում են այնտեղ, ուր ապրելն հարմար է: Ուր հալալ ապրուստի գոյությունից բացի, բողոքողին չեն գնդակահարում, աչքը չեն հանում, աչքը հանողին էլ հերոսի կոչում չեն տալիս: Մարդ, մարդ, մի տերտերություն չէ այս համատեքստում. կենդանի օրգանիզմ, կենսաբանություն, ոչ ավել, ոչ պակաս: Իշխանություն ունեցողների եւ նրանց իշխանություն դարձնողների՝ մեղսունակ, թե անմեղսունակ՝ էական չէ, հոգսերում երկիրը մարդկանցով լցնելու հոգս չկա, տանձերին չէ: Երեւի ամենից առաջ արդարությունը չհասկացվեց ինչ է, ինչով են ուտում, չսահմանվեց, որպես առաջին քայլերն անող պետության գերակայություն, թե չէ գոմեշի մսի մատակարարը հանց կենգուրու տրճիկ կտար Հանրապետության հրապարակում գիշերուզոր, սեւ պատմուճանով գործակատարները հնոցապանի գործ էլ չէին ստանա, ուր մնաց՝ դատ վճռեին, ճիզվիտները հեռուստատեսություններ փակեին, պեդոֆիլները մանկատան հացը գողանային, …: Այսպիսով գաղթականների գոյությունը պետություն չունենալու ապացույցն է ընդամենը:

Այդպես եղավ երեւի, որ 1000 տարում հագան մեզ, բազմացան ու բազմացրին, մեր որակներից տարան ու իրենց որակներից տվեցին, դարձրին մեզ այնքան ողորմելի, որ կեղծավորությունը ներծծեցին մեզ որպես գոյապահպանության բանաձեւ: … Երբ մարդը սկսում է հավատալ, որ Դյուրեքսի դիմանկարը գլխավերեւում ունենալը մի կտար հացի համար արդար է արդեն: Քանի գնում, ավելի դժվար է դառնում մանկավարժին խոսք հասկացնելը, պատկերացրի՞ք, թե մանկավարժն ինչպես է ապագա քաղաքացուն դաս տալիս: Սրանց ոհմակը հո դատարկ տեղը չառաջացա՞վ, ինքն իրենի՞ց, բա հազարավոր խաչակիրները ինչպես են մասնակցում ընտրակեղծարարությանը, կամ «… բալիկ ջան, դու իրեն բան չէիր արե՞լ, ինքը քեզ վերցրեց՝ «Սերժիկ» ասա՞ց … » աֆորիզմը հո պատահական կենսունակ չեղա՞վ:

Սա մի հանգրվան է, երբ մտածում ես, որ կամ պատժի ձեւերից համարժեք հատուցումն է բարեխիղճը, կամ կասկածում, թե դա այդպես է, եւ գուցե վրեժն է ավելի արդար, մանավանդ, երբ հատուցման եղանակները ոչնչացված են: Անչափ հետաքրքիր է այս հանգրվանում, երբ մեր մի մասը գլամուր հեռուստահաղորդումների հայտնի սինդրոմի տակ է, իսկ մյուսները դա վաղուց են գլխի ընկել, հասկանալ վերջը՝ մեր հավաքական կամքը կարողացե՞լ են ապականել վերջնականապես, այնպես, որ Ալեքպոլի պայմանագրին երանի տանք, թե՞ դեռ ինչ-որ շանս կա փրկվելու: Թե փրկվելու ու երկիրը փրկելու շանս կա, տեսնես դա մեզ 2017-ին սպառնու՞մ է, թե՞ Գետադարձ սուրբն ու Սարգիս առեւտրականը իրականում անմահության փունջ են կոնծել ժամանակին, բազմացել են պսակադրության յուրաքանչյուր արարողության հետ, ամեն ծննդյան հետ ու իրենց կայֆով զանգվածային լլկում են իրականացնում բոլորի հոգիներում, տներում եւ ժամանակավոր կացարաններում: Օպերացիան կոչվում է.«Էն բանից արա մեզ, շեֆ, էֆենդիմ, խազեին, տավարիշ, արաաա, մենք չենք կարող քեզ անել, գոնե դու մեզ արա… » մոտավորապես:

Ինչ մաղթեմ ինձ ու 1000 տարվա շինարարությունից խոնջացած, բայց չհագեցած մերձավորներիս: Ասեմ. ինձ մնացել է տուն շինել, կշինեմ, եթե անգամ մուրճը սառը զենք սահմանեն էս չակուջները, ես իրենց լավ գիտեմ, իրենք էլ ինձ՝ վայթե: Իսկ ձեզ ի՞նչ մաղթեմ, մի հասարակ բան, ասում եմ՝ նայեք սնդուկում ի՞նչ անհնազանդ գեն ունեք, լավ ման եկեք, հնարավոր չէ, որ 1000 տարվա աղբի տակին ծվարած կամ թաքնված չլինի, անհնար է, որ Սասնա Ծռերից լինեք ու չունենաք էդ գենից: Գտեք, հանեք, լավ լվացեք, լողացրեք, կերցրեք, խմացրեք, հետո հիշեցրեք, թե մենք ով ենք, որտեղից ենք գալիս ու ուր ենք նայում, ասեք, որ, իսկապես, մենք խաղաղ էինք մեր լեռների պես, ասեք, որ մենք չլինելու ձեւ չունենք ուղղակի, հենց ինքը, էդ անհնազանդության գենն է վզերիս լուծ դնել՝ լինել, ասեք, որ սուտ է, թե մենք ավարտվել ենք տերտերի ու առեւտրականի ձեռամբ քաղաքը հանձնելիս, ասեք՝ չխեղճանա, չնահանջի ու չզիջի, բացեք ձեր հոգու եւ տան դռները, ապա վերվարեք էդ անհնազանդության գենը, թող ասպատակի թշվառներին ու խեղճերին, ով մնաց՝ մնաց, ով էլ չդիմացավ՝ հոգուն հանգստություն կամեցեք:

Սիմվոլիզմ խուզարկողներին խնդրում եմ շատ չփորփրել էս հասարակ տողերի արանքներում, իմը ավելի հասարակ է, քան կարող է թվալ,- ով մեր արժանապտվության վրա է ելնում, մենք իր վրա ենք քնելու, ով չի ուզում մեր լավը, մենք իրենց լավը՝ 2017-ին էլ, 2018-ին էլ, 19-ին էլ, Անիի հանձնման 1000-ամյակին էլ ու ընդմիշտ, դրսից կլինի, թե ներսից, դրսի ներքինին կլինի, թե ներսի վասսալը, պարդոն՝ համբալը:

Լեւոն Բարսեղյան; Ֆեյսբուք