Ընտրություններում հաղթելու համար ես աջակցելու եմ ընդդիմության համախմբմանը. Անդրիաս Ղուկասյանի հայտարարությունը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից

- in Ով ով է ...
201
Andreas Ghukasyan

Մեր ժողովուրդն արժանի է ունենալ այնպիսի կառավարություն, որն իր ամենօրյա գործունեությամբ ունակ կլինի մարդու արժանապատիվ կյանքի և հասարակության զարգացման համար անհրաժեշտ պայմաններ ապահովել:

Հուլիսին մենք  բարձր գին վճարեցինք, որպեսզի Հայաստանի իշխող վերնախավը նույնպես ընդունի այս պարզ ճշմարտությունը եւ փոխի իր վերաբերմունքը մեր հանրության նկատմամբ: Քաղաքացիների արձագանքը «Սասնա ծռերի» ըմբոստությանը` Սերժ Սարգսյանին ստիպեց հրաժարվել Արցախի համար անընդունելի` հակամարտության կարգավորման  տարբերակի շուրջ բանակցություններից, հեռացնել Հովիկ Աբրահամյանի կոռուպցիոն կառավարությունը, հօգուտ սպառողների` վերանայել գազի և էլեկտրաէներգիայի սակագները, իսկ զենքը կամավոր հանձնած ապստամբներին երաշխավորել արդար դատավարություն:

Դրա հետ մեկտեղ, ոստիկանության կողմից քաղաքացիների դեմ հուլիսին կատարված հանցագործությունները ծածկելու համար, Սարգսյանն առայսօր շարունակում է ապօրինի կերպով քրեական հետապնդումը այն քաղաքական և հասարակական գործիչների նկատմամբ, ովքեր դերակատարություն են ունեցել քաղաքացիներին համախմբելու եւ խաղաղ անհնազանդությունը կազմակերպելու գործում:

Պարզ է բոլորիս, որ քրեական ռեժիմի դեմ հանրության պայքարը ավարտված կլինի այն ժամանակ, երբ սահմանադրական կարգը տապալելու ճանապարհով և շինծու ընտրություններով իշխանությունը զավթած բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները կկանգնեն դատարանի առջև, իսկ ժողովրդից հափշտակածը կվերադարձվի պետությանը: Հանրապետական կուսակցությունը, որը պատասխանատու է այս հանցագործությունների համար, ըստ էության արդեն պարտվել է արտաքին և ներքին բոլոր քաղաքական հարթակներում: Գալիք ընտրությունները կարող են դառնալ այդ պարտությունների պաշտոնական արձանագրությունը, եթե ընդդիմության գործիչները պատրաստ լինեն դրսևորել համարձակություն և գնալ անհրաժեշտ զոհաբերությունների, ինչպես դա արեցին մեր քաղաքացիները ապրիլյան պատերազմի և հուլիսյան ապստամբության ժամանակ: Այդ ընտրություններում հաղթելու համար ես աջակցելու եմ ընդդիմության համախմբմանը՝ ընտրապայքարի ինձ հասանելի միջոցներով:

Ամանորի գիշերը բոլորս մտքերով լինենք նաև նրանց հետ, ում հայրերը, որդիները և եղբայրները կյանքի գնով պաշտպանեցին մեր հայրենիքի սահմանները, նրանց հետ միասին կիսենք ծանր կորուստների վիշտը: Միաժամանակ համոզված եմ, որ մոտ է այն ժամանակը, երբ տեսնելու ենք մեր հայրենիքը հզոր ու գեղեցիկ, և ոչ մեկի մտքով այլևս չի անցնելու ոտնձգություն կատարել մեր երջանկության հիմքը կազմող հանրային արժեքների նկատմամբ:

Անդրիաս  Ղուկասյան

«Նուբարաշեն» ՔԿՀ