Ինչ է կատարվում Պուտինի հետ

- in Վերլուծական
975
putin

Վերջերս Պուտինը հրավիրեց ռուսական էլիտայի կանոնավոր հավաքը եւ փորձեց բացատրել, թե ինչ է պատրաստվում անել, նախեւառաջ արտաքին քաղաքականության ոլորտում: Արտաքին քաղաքականությունը նշանակում է ոչ այլ ինչ, քան ԱՄՆ-ի հետ հարաբերությունները:

Վերջին շաբաթներին նա իր խորհրդականներից ու քաղաքական արկածախնդրությունների համամասնակիցներից սկսել է պահանջել արտաքին քաղաքականության իրադարձությունների ճշգրիտ ու սպառիչ բացատրություններ, եւ թե ինչով դրանք կավարտվեն Ռուսաստանի ու անձամբ իր համար:

Հրահանգը հաճույքով ընդունվել էր, քանի որ նախագահի արտաքին քաղաքականությունից դժգոհների առաջին շարքերում հայտնվել էին հենց իր մերձավոր խորհրդականները:

Իհարկե, այդ աշխատանքին ներգրավվել են այն «խորհրդականները», ովքեր երկար մնացել են «պահեստայինների նստարանին», չնայած գիտական ու գործնական փորձին ու դոկտորական աստիճաններին: Ինչ որ առումով այդ դերում էր նույնիսկ արտաքին գործերի ներկայիս նախարարը:

Սակայն այս աշխատանքին ներգրավվել են նաեւ պաշտոնյաներ, ովքեր անմիջական առնչություն չունեն արտաքին քաղաքականության հետ՝ օլիգարխական բնույթի առաջատար բիզնեսմեններ, ինչպես նաեւ հատուկ ծառայությունների ղեկավարներ:

Ռուսաստանում ձեւավորվել է մեկ հատուկ ծառայություն, վերացվել է հատուկ ծառայությունների միջեւ մրցակցային պայքարը: Դոմինանտը Անվտանգության դաշնային ծառայությունն է, չնայած նրան, որ այս ծառայության ղեկավարները աչքի չեն ընկնում արտաքին քաղաքական խնդիրների լիարժեք ընկալմամբ:

Դրա օրինակը Սիրիայի եւ Ուկրաինայի հարցում Ռուսաստանի քաղաքական ղեկավարության որոշումներն էին: Այս երկու որոշումները ձախողում էին, եւ միայն Օբամայի վարչակազմի պսեւդո-պացիֆիզմը հնարավորություն տվեց այս երկու արկածախնդրությունները ներկայացնել որպես հաջողված:

Այնուհանդերձ, պուտինյան էլիտան ոչ միայն շփոթված է, այլեւ՝ պառակտված, եւ քչերն են հասկանում, թե ինչ է լինելու հետագայում: Էլիտայի մեծ մասը ձգտում է փակել իր հաշիվները Ռուսաստանում եւ կապիտալը տեղափոխել Արեւմուտք, հրաժեշտ տալ իր նախկին ճակատագրին, եւ այս կապակցությամբ շատերը արագացված գողություն են անում:

Նրանք, ովքեր ավելի խելոք են եւ դիտել են «Գարնան 17 ակնթարթը», հասկանում են, որ պետք չէ շտապել եւ պետք է փախչել այն ժամանակ, երբ Մոսկվայի փողոցներում հերթական անգամ կհնչեն «հրետանային համազարկերը», եւ ղեկավարության մեջ տեղերը կզբաղեցնեն առավել համարձակ մարդիկ: Իսկ այդ ֆիլմը դիտել են բոլորը, եւ Մյուլլերի տրամաբանությունը նույնպես բոլորն են հիշում:

Ռուսաստանում նստեցնում են նահանգապետերի ու նախարարների, այսինքն նրանց, ովքեր չեն հասկացել, թե որ պահին եւ որ ուղղությամբ է պետք փախչել, հատկապես՝ ինչ փողերով: Գլխավորը՝ վերցնել շատ փող, որպեսզի հետագայում պայմանավորվելու բան լինի:

Սակայն գլխավորն այլ է՝ ինչպես գլուխներն ազատել ՖՍԲ-ի պրիստավներից, երբ նանք պահանջեն իրենց բաժինը, իսկ օլիգարխները հայտնվեն ավելի վատ վիճակում, քան Բերեզովսկին ու Խոդորկովսկին:

Եթե նախկինում Լավրովը Պուտինին ու նրա «խորհրդականներին» փորձում էր համոզել, որ եկել է ամերիկացիների ու մյուսների հետ պայմանավորվելու ժամանակը, ներկայում նա համոզված է, որ արդեն եկել է նահանջելու եւ «ռուսական հպարտ գլուխը խոնարհելու» ժամանակը՝ ոչ ավել, ոչ պակաս՝ իշխանությունը կորցնելու հեռանկարի հանդիման: Խոնարհվելու ամերիկացիների առաջ, քանի որ «հասկացող խորհրդականներից» ոչ ոք արդեն չի հավատում, որ ԱՄՆ-ում իշխանության են եկել քաղաքական գործիչներ ու զինվորականներ, ովքեր պատրաստ են հաշտվել Ռուսաստանի հետ:

Ավելին, Ռուսաստանը կորցնելու է նաեւ այն դիրքերը, որոնք դեռ ունի, իսկ նրա գործընկերներն արդեն երազում են օվկիանոսի այն կողմից նոր հովանավորի մասին:

ԱՄՆ-ն հաջողությամբ դուրս է գալիս սեփական տնտեսության ինքնասպանության սցենարներից ու գծում է սովորական սպառազինության մեծացման նոր շրջանակներ: Այսինքն, սկսվում է սպառազինության մրցավազքի նոր շրջան, ինչը Ռուսաստանի համար բավական անպարենպաստ հեռանկար է:

Սպառազինության մրցավազքը մահվան հասցրեց հավակնոտ պետությանը՝ ԽՍՀՄ-ին, ինչ ասես ռուսների մասին նավթի ներկայիս գների ու գազի անորոշ հեռանկարի պայմաններում:

Ռուսական գողաբարո էլիտայի այդ հավաքին Պուտինն իրեն առավել քան համեստ էր պահում, այսինքն՝ արդեն ոչ թե ցարի դերում, այլ պոչն իրեն քաշած: Դա նկատել են հավաքի բոլոր մասնակիցները, եւ թերեւս դա նրանց համար ազդանշան է դարձել՝ ինչպես եւ երբ փախչել:

Ինչ վերաբերվում է Պուտինի հանդեպ քննադատական վերաբերմունքին, պետք է տարբերել հանրության վերաբերմունքը, որն ավելի քննադատական հայացք ունի, եւ երկրի քաղաքական ղեկավարության վերաբերմունքը, որն ունի real-politik-ի հայացքներ, եւ նա երբեք Ռուսաստանը սպառնալիքի տակ չի դնի հանուն Պուտինի իմիջի:

Պետք է հասկանալ, որ հանրային կարծիքի շատ առաջնորդներ պատկանում են ձախ-ինտելեկտուալ շրջանակներին, հենց նրանք են հիմնականում արտահայտում ու փոխանցում Պուտինի ռեժիմի մասին բացասական դատողությունները: Աջ ուժերն ավանդաբար ավելի հանգիստ են տրամադրված Պուտինի հանդեպ եւ հասկանում են նրա ժողովրդականությունը բնակչության շրջանում:

Կա նաեւ այլ գործոն՝ Եվրոպայի ու Թուրքիայի հետ հարաբերությունները: Թուրքիան մնում է ռուսական գազի քիչ սպառողներից մեկը: Ներկայում Պուտինին համոզում են, որ եվրոպացիների պարագայում ամեն ինչ կարգին է, եւ Ռուսաստանին բարենպաստ հեռանկարներ են սպասվում: Սակայն «խորհրդականներին» ուղղված ազդանշանից հետո նա հասկացավ, որ որ այդպես չէ: Եվրոպացիներն արդեն չեն փորձում հաշտվել ռուսների հետ կամ գնալ ԱՄՆ-ի հետեւից: Նրանք փորձում են ստեղծել լիովին նոր պայմաններ Ռուսաստանի էքսպանսիային հակազդելու համար:

Ռուսաստանն, անկասկած, դիտարկվում է որպես էքսպանսիոնիստական ու ագրեսիվ երկիր: Ժամանակակից աշխարհում ռուսները միայն մեկ հուսալի դաշնակից ունեն, այն էլ ոչ այնքան՝ Իսրայելը: Սակայն Իսրայելն ինքն աջակցության կարիք ունի եւ շարունակում է օգտվել ԱՄՆ-ի ռեսուրսներից:

ԱՄՆ-ում միլիտարիստական շրջանակներն անկասկած պատրաստ են ընդունել մարտը հրեական շրջանակների հետ, սակայն այս դեպքում էլ ենթադրվում են որոշակի պատրաստություններ, երբ հրեական կազմակերպությունների մի մասը պատրաստ է սկսել հակառուսական պայքար որոշակի նպատակներով:

Պուտինը հուսալի գործընկերներ չունի, առավել եւս ընկերներ, նա փորձում է որոշ քաղաքական գործիչների ներկայացնել որպես ընկերներ, սակայն ժամանակն անցել է, եւ հնին վերադարձ չկա: Ոչ ոք չի ցանկանում Ռուսաստանի հետ ամուր հարաբերություններ հաստատել:

Ըստ ամենայնի, ռուսները կգերադասեն իրենց վրայից գցել «գործընկերներին», այդ թվում նրանց, որոնց հետ ունեն հնարավոր բոլոր ռազմա-քաղաքական պայմանագրերը: Այս ամենը փլուզվում է թղթե տնակի պես:

Դիմացիր, Պուտին:

Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ, Քաղաքագետ; lragir.am