Լևոն Տեր-Պետրոսյանը ձգել է քաղաքական վոլեյբոլի ցանցը

- in Վերլուծական
857
Levon Ter-Petrosyan

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի համագումարյան ելույթից անմիջապես հետո ցանկություն կար գրելու այս մասին, ինչ տպավորություն ստացել էինք, սակայն սոցիալական ցանցերում մեկնաբանություն – որակումները զարմացրել ու մակերեսայնության առումով զայրացրել էին,նյութս կիսատ էր մնացել սևագրում:

Թերևս մեր հետևողական ընթերցողները կհավաստեն, որ 2008 թ.-ից հետո Լևոն Տեր-Պետրոսյանի երկրպագուն չենք եղել ու չենք, սակայն նախանախընտրական այս թոհուբոհում նրա ելույթն ու դրա ուղղվածությունն անկեղծ վերարթնացրեց հետաքրքրությունը նրա հանդեպ: Որևէ կերպ չհամաձայնելով ֆեյսբուքյան շատ ստատուսագրերի կարծիքներին, էլ չենք ասում Նախագահին դասեր տվողներին ու դավաճան անվանողներին, զարմանում ենք, որ որևէ մեկն այդպես էլ հարց չտվեց, թե ինչո՞ւ կրկնվեց նախորդ տասնամյակում արտահայտված միտքը պատերազմի, թե՝ խաղաղության մասին:

Քաղաքական կուլիսներում խոսակցություններն այն մասին, որ ՀԱԿ-ն, ըստ էության, Սերժ Սարգսյանի հետ դաշն է կնքել խորհրդարանում 2017 թ. ապրիլին կայանալիք ընտրությունների արդյունքում հայտնվելու համար, թերևս որևէ կերպ չեն արդարացնում նման բովանդակությամբ ելույթը:

Մեր տպավորությամբ, Լևոն Տեր-Պետրոսյանը պարզապես նախընտրական թոհուբոհը տեղափոխեց պատկերավոր ասած՝ վոլեյբոլի խաղադաշտ ու ձգեց քաղաքական ցանցը, որի մի կողմում իրենք՝ ՀԱԿ-ականներն են առայժմ ու իրեն նվիրվածները, մյուսում մնացած բոլոր քաղաքական ուժերը, որոնց ռեսուրսներն ու հնարավորությունները մեծ են ու շատ, սակայն խաղը սկսվել ու սիրողական մակարդակով շարունակվում է միայն իրենց՝ մարդաշատ կիսադաշտում՝ շրջան կազմած, միմյանց միջև սիրողական վոլեյբոլ խաղալով ու գնդակը բաց թողողներին նստացնելով՝ գլխներին բամփելով:

Մինչդեռ՝ Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական, իսկ այս դեպքում նաև սոցիալական հաշվարկները տեղում են և մոտ ապագայում, երբ սկսեն գործել, մյուս կիսադաշտից շատերը այդ մասին կհասկանան ու կխոստովանեն շատ ավելի ուշ: Ինչպես՝ 2007 թ. հոկտեմբերից հետո մինչև ՀՀ նախագահական ընտրությունների ավարտը, երբ յուրաքանչյուր անգամ Ազատության հրապարակում Լևոն Տեր-Պետրոսյանը ելույթ էր ունենում ու դրան հաջորդող ամբողջ շաբաթվա ընթացքում իշխանական խամաճիկները, մունետիկներն ու կամակատարները նույն բանը կրկնում ու ըստ իրենց մակարդակի որակավորում էին: Միայն ամեն բան ավարտվելուց հետո ոմանք գլխի ընկան այդ մասին ու անթաքույց խոստովանեցին ԱԺ միջանցքներում: Նույնը հիմա է կրկնվում, սակայն շարունակելով իրենց բոսսին արջի ծառայություններ մատուցել, էլի կույր են շատերը և անհաղորդ իրականությանը:

Իրականում հանրությունը, հատկապես այն հատվածը, որոնց ընտանիքներում դեռահաս տղաներ կան, ովքեր իսկապես խաղաղության կողմնակից են, բայց ոչ իրենց արժանապատվության հաշվին, ովքեր ցավոք, զզվել են Ղարաբաղից էլ, ղարաբաղցիներից էլ, կամաց – կամաց ձգվում է դեպի Լևոն Տեր-Պետրոսյանը:

Առաջինները՝ չեն ուզում արտագաղթել Հայաստանից և միայն այն պատճառով, որ իրենց տղան կամ տղաները բանակ չգնան՝ Ղարաբաղ, առաջին գիծ չընկնեն:

Երկրորդները՝ հասկանում են, որ Հայաստանը հայտնվելով ԵՏՄ-ում /ցավոք, դրա կողմնակիցներից է նաև Լևոն Տեր-Պետրոսյանը – ՄԻՏՔ/, դուրս մնալով տարածաշրջանային բոլոր տեսակի միջազգային տնտեսական նախագծերից ու անողնաշար արտաքին քաղաքականության արդյունքում, գիտակցում են, որ միևնույն է, Ղարաբաղի խնդիրը լուծվելու է փոխզիջումների արդյունքում, ուրեմն՝ ինչո՞ւ չսկսել հիմա:

Երրորդները՝ պարզապես զզվել են անցած 18 տարիների ընթացքում ղարաբաղյան կլանի Հայաստանում հայտնվելուց, ալան – թալանից, ամենաթողությունից, կեղեքումներից ու հետապնդումներից: Ցավոք, դրա արդյունքում բացասական վերաբերմունք է դրսևորել նաև Ղարաբաղի ու ղարաբաղցիների հանդեպ: Իսկ առհասարակ, մեր հասարակության մեջ կարծես բացասական երևույթներից է նաև ազգին ցի-երի վերածելու հակումը:

Այս ամենի արդյունքում Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարությամբ ՀԱԿ-ն իհարկե մեծամասնություն չի կազմի ապագա կառավարման համակարգի գլուխը հանդիսանալիք խորհրդարանում, սակայն առայժմ ամբողջ նախընտրական պայքարը դուրս է եկել դրա համար իշխանությունների բեմադրությունից ու ՀՀ առաջին նախագահը թելադրում է այլ խաղի կանոններ: Երբ հստակեցվեն դաշինքներն ու ընտրություններին մասնակցող ռեյտինգայինները, միմյանց միջև վոլեյբոլ ու դնգստոցի խաղացողները կշրջվեն ու կհասկանան, որ որքան իրենք են շատ, այնքան էլ՝ վոլեյբոլի ցանցի մյուս կողմում դիրքավորվածներն ու նրանց կողմնակիցները: Վերջիններիս մեծ մասն իհարկե կշարունակի տրվել ընտրակաշառքներին ու մարդկային տեսանկյունից իրենց կողմից վերցված դրամների դիմաց տրված խոսքը հարգելով ու վախենալով՝ կընտրեն իշխանական ուժին կամ՝ դրա արբանյակներից որևէ մեկին, սակայն Արցախի հարցի լուծման ուղին մեկն է, այդ ուղղությամբ շարժումը սկսված է, հանրային տրամադրությունները կգեներացվեն նախընտրական շրջանում հենց Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից ու կտիրաժավորվեն իշխանական խամաճիկների բերաններով, ու այդքանով՝ Լևոն Տեր-Պետրոսյանն ավելի խոհեմ, խելացի հաշվարկված, նպատակային է գործում, քան բոլոր մնացածները՝ միասին վերցված:

Սիմոն ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20