Խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը կմեկնարկի մարտի 5-ից

- in Ընտրություններ
189
KYH

Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովն արտահերթ նիստում հաստատեց Ազգային ժողովի 2017թ. ապրիլի 2-ին կայանալիք հերթական խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը:

ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտնեց, որ ժամանակացույցում ընդհանուր առմամբ ներառված է 117 կետ, որոնք կարգավորում են բոլոր այն իրավահարաբերությունները, որոնք ամրագրված են Ընտրական օրենսգրքում: «Ժամանակացույցով ամրագրված առաջին գործողությունը ընտրողների թվի վերաբերյալ տեղեկանք տրամադրելու գործառույթն է, որն իրականացվում է լիազոր մարմնի կողմից և ընտրությունների օրը նշանակելուց ոչ ուշ, քան երեք օր հետո: Լիազոր մարմինն այսօր առավոտյան արդեն այդ տեղեկանքը մեզ ներկայացրել է: Նախընտրական քարոզչության ժամանակահատվածում հանրային ռադիոյի և հանրային հեռուստատեսության վճարովի ժամի մեկ րոպեի գինը, ինչպես նաև կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին եթերաժամ տրամադրող վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող մյուս հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների կողմից վճարովի եթերի մեկ րոպեի գինը հրապարակելու ժամկետ սահմանվել է մինչև 2017թ. հունվարի 9-ը: Ընտրական տարածքում կուսակցության, կուսակցության դաշինքի տարածքային ընտրական ցուցակում ընդգրկող թեկնածուների առավելագույն թիվը սահմանվում է ընտրությունները նշանակելուց հետո 10 օրվա ընթաց քում, այսինքն մինչև հունվարի 9-ը»,- նշեց նա:

Առաջադրման փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու ժամկետը մեկնարկելու է 2017թ. փետրվարի 6-ին և ավարտվելու է 2017թ. փետրվարի 16-ին: Փետրվարի 16-ից մինչև փետրվարի 26-ը, ժամը 18:00-ը գրանցման համար նախատեսված ժամանակահատվածն է: «Նախընտրական քարոզչության ժամանակահատվածը կմեկնարկի 2017թ. մարտի 5-ից և կավարտվի 2017թ. մարտի 31-ին, ժամը 24:00-ին: Քվեարկության օրն ապրիլի 2-ն է: Էլեկտրոնային քվեարկությունը կմեկնարկի 2017թ. մարտի 24-ին: Հիշեցնեմ, որ այս կարգով քվեարկությանը մասնակցում են Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում աշխատող քաղաքացիները և նրանց ընտանիքի անդամները: Էլեկտրոնային քվեարկության համար սահմանվում է երկօրյա ժամկետ, քվեարկությունը կավարտվի 2017թ. մարտի 26-ին»,- եզրափակեց ԿԸՀ նախագահը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20