Հայաստանում թավշյա հեղափոխություն է լինելու

- in Վերլուծական
1391
serzh-sargsyan

Եթե չորս ամսից փոքր-ինչ ավելի շատ ժամանակ չմնար մինչև խորհրդարանական ընտրությւոնները, համոզված եմ, այս օրերին, կամ՝ Ամանորից անմիջապես հետո, տեղի կունենար թավշյա հեղափոխությունը Հայաստանում: Հիմա՝ բոլորը, մասնավորապես ՀՀԿ-ականները, զբաղված են մեկ հարցով՝ իրենք համամասնական ընտրացուցակում ո՞ր համարի ներքո են լինելու, իրենց գրելիք ինքնաբացարկի դիմումը կաշխատի՞, թե՝ այնուամենայնիվ կդառնան ԱԺ պատգամավոր:

Սերժ Սարգսյանն էլ է սա լավ հասկանում, ուստի՝ իրավիճակն առայժմ իր կողմից նախանշված սցենարով է, սակայն միայն ներքաղաքական տիրույթում: Բոլորին խառնել է իրար՝ ՀՀԿ-ական կանանց հանել իրար դեմ, գործարարներին՝ միմյանց, քաղաքականությունից գլուխ հանողներ – գրագետներին մղել աշխատանքի:

Այնքան են բոլորը տարված ընտրվելու մոլուցքով, որ անգամ բուն իրականությունն արդեն՝ վարագույրը փոքրիշատե բաց վիճակում, չեն կարողանում տեսնել: Բոլորը դժգոհ են, բոլորը փոփոխություններ են ուզում, բոլորը ցանկանում են, որ բոլորը փոխվեն, միայն հընթացս նաև իրենք: Վերջին օրերին դժգոհում ու անանուն ու անհասցե քննադատում են անգամ իշխանության ծաղրածու – կատարածուները, ինչ բերաններին գալիս է ասում են ու այն հավատամքով կարծես, իբր քաղաքացիական հանրությւոնը կույր, անմեղսունակ ու մանկուրտ են, ոչ մի բան ոչ հիշում, ոչ գիտակցում են:

Օրերս անգամ Ժարիտն ու Չախկալն էին բողոքում, որպեսզի իմ խոսքն էլ անհասցե չլինի, ասեմ՝ Գրիշա Սարգսյանն ու Միքայել Հարությունյանը, էլի շատ շատերը: Ումի՞ց են դժգոհ, ո՞վ է մեր երկիրն այս վիճակին հասցրել, նախ՝ իրենցից պիտի հարցնեն:

Մինչդեռ տեսնողները տեսնում են, որ իշխանության վերին էշելոններում հասկանում են, որ վիճակն անհուսալի է, այնքան են կերել ու հղփացել, որ իրենց ուղղելուն անգամ որևէ մեկը չի հավատա: Սակայն ցավալի է կրկնակի, երբ մտածում են, որ իրենց կամ հյուսիսային պապա Պուտինի սցենարով կարող են թավշյա հեղափոխություն իրականացնել Հայաստանում ու դրանից հետո լավ է լինելու:

Տեսնողները գիտեն, որ ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի, ձևավորվելիք դաշինքների համամասնական ընտրացուցակները կազմվելու են ոչ թե Սերժ Սարգսյանի հետ համաձայնությամբ, այլ՝ Կարեն Կարապետյանի /խնդրենք, չշփոթեք Տաշիրի Կարեն Կարապետյանի հետ – ՄԻՏՔ/: Նրանով տարվածները հավանաբար ոգևորվեցին, թե ըհը՞ … ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ընդամենն այն գործիքն է, ով գործուղվել է Հայաստան թավշյա հեղափոխություն իրականացնելու համար, սակայն ոչ ինքն իր համար, այլ՝ Պուտինի թեկնածուի, ում անունն արդեն մեկ անգամ օգտագործել ենք մեր խմբագրականում ու բոլորին է հայտնի, իսկ ում էլ հայտնի չէ՝ կնշանակի պատգամավոր դառնալու փափագ ունի դեռևս:

Հայաստանում թավշյա հեղափոխությունը տեղի կունենա խորհրդարանական ընտրությունների արդյունքում, քանի որ ներկայիս Ազգային ժողովը բացարձակապես չի համապատասխանում հանրության պատկերին, թեև՝ կասկածում էլ ենք, որ նորը մի բարի պտուղ է լինելու: Ներկայինիս վկան՝ քվեարկվող օրինագծերը: Իսկ արդեն ընտրություններից հետո մնացածն ընդամենը տեխնիկական խնդիր է, ինչպես ՀՀ ներկայիս վարչապետը կհայտնվի խորհրդարանում, իսկ Ռոբերտ Քոչարյանն, ում կուսակցությունը ժողովուրդն էր՝ իր դեմ կսմիթներով հանդես եկածներին մաքրելուց հետո, կհայտնվի որևէ կուսակցության շարքում: Բայց ոչ ՀՀԿ-ի: ՀՀԿ-ն այդուհետ թերևս կգլխավորի Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ականներն էլի գլուխ կխոնարհեն, սակայն այս անգամ ՀՀ երկրորդ նախագահի առաջ:

Սա է մեր տարեվերջյան ցավալի կանխատեսումը խորհրդարանական ընտրություններից առաջ: Մնացած մեկ տասնյակից ավելի օրերի ընթացքում դժվար թե փոփոխություններ լինեն: Մենք հաջորդիվ կանդրադառնանք նաև Հայաստանում գործունեություն ծավալող Արևմտյան ուժերի նաիվությանն ու առանձին ներքաղաքական անհատների անողնաշարությանը:

Սիմոն ՍԱՐԳՍՅԱՆ