Լինում է չի լինում, մի անասնաբույժ է լինում: Էս անասնաբույժը մի կնիկ է ունենում, մի հատ կոպալ, մի հատ էլ ձի: Կոլապը՝ որ չգայթի, ձին՝ որ գյուղերը գնա, անասուններին նայի, կնիկն էլ, դե գիտեք, որ ցուրտ ժամանակ չմրսեն:

Ուրեմն, էս անասնաբույժը շատ պահանջված է լինում Շիրակի դաշտի գյուղերում: Անընդհատ գյուղից գյուղ են կանչում, թե մեր կովին նայի, ստերջ է վայթե՝ մորթե՞նք, ցուլը մի տեսակ է՝ էն օրն էլ պառավին էր վրա քշել, մի խոսքով, ինչ գլուխներդ ցավացնեմ, ծանր ժամանակներ, Մուղդուսու շները բռնելոցի են անում թարս խոսողներին, ղրկում են սիբիր կամ տռոյկով որոշում, գնդակահարում են, էս մարդը գլուխը կախ, Պետերբուրգում ստացած անասնաբույյժի դիպլոմը տունը՝ սնդուկում պահած, ժիլետով կաստումը հագին, արծաթ շղթայով ժամացույցը ժիլետի ջեբում, փողկապը կապած, ձին հեծնած, գյուղից գյուղ է գնում, մարդկանց ու անասուններին օգուտ է տալիս տարիներով, ու լինում է, որ տուն չի գալիս շաբաթով, երկու շաբաթով, մոտավորապես 38-39 թվերի բան եմ պատմում:

Ճիշտ է անասնաբույժը միջին տարիքի կիրթ մարդ է լինում, բայց դե որձ է, վերջը, մի գյուղ է մտնում, օրբեւերի մի կնկա խնդրանքով կովին նայում է, դեղ է տալիս, ասում է՝ ինչ անի, ոնց անի էս կնիկը, որ կովը կթվի, վերջը նայում է դասատու տանտիրուհուն՝ աչքը խմում է շան աղջիկը, ոտը կախ է գցում, էս կնիկն էլ, թե ճամփեդ երկար է, եխպար, արի չայ դնեմ, կխմես, նոր կերթաս, ճամփեդ վայթե երկար է, մտնում են տուն, շոգ է էղնում, էս կնիկը ժակետը հանում է, որ թռնի սերվանտից գաթա հանի, չայը վրա բերի, էս անասնաբույժը, զգում է, որ լոզերն սկսում են գնալ, մի տեսակ ջանը տաքանում է, ջահել վախտերն է հիշում, ուզում է, ասի՝ այ աղջի՜՜ ինչ չայ, ինչ գաթա…, առնի սրան, զարկի թախթին ու հարցերը լուծի, բայց մտածում է, որ ինքը ազնվական զարմ է, աղի թոռ է, ու ակադեմիական կրթություն ստացած, կնկան է հիշում, որ տանը իրեն է սպասում, հավաքում է իրեն, թե բա.- ես գնամ քույրիկ, չայը մնա մյուս գալուց: -Դե էլ ինչ օրբեւերի կնիկ, որ բախտը բերեր, էս կնիկը հասկանում է, որ չեղավ-չեղավ, էլի մի մահանա կգտնի, իմաց կտա, էլի կգա, մի ուրիշ հնար կլինի, մի լուսամուտ կբացի Աստված, մեղամեղա, գաթեն փաթաթում է շորի մեջ, հետն է դնում, թե ճամփին կուտես:

Հեծյալս, քիչ է գնում, թե շատ է գնում, ձիու վրա գաթեն ուտում, ավարտում է, ընկնում է քաղցր անուրջների գիրկը, աչքերի առաջ էդ կնկա ծծերը, մտքում՝ ծոցը, ինքն իրեն քրֆում է, թե, կնիկդ ասել էր՝ ձեռդ ընկածը քոռուփուչ չանես, համ էլ էդ մի անգամը խո դավաճանության հոդված չէր դառնալու, ասենք մի ժամ էլ ետ ընկնեիր գործիցդ, անասունը կսպասեր, ընչի անասունը չգիտե՞ էդ ինչ է, տո քեզնից էլ լավ գիտե, անասունները, որ չեն նշանվում, կնիկ-էրեխա չեն պահում, զոքանչ ու աներ չունեն՝ անասուն չեն հա՞, մի խոսքով էս խառը մտքերով, անկյալավարի խթանում է ձիուն, որ իբր հեռանա գյուղից, ձին էլ արարկոտ, ճիշտ է ջահել, բայց դե հեծյալը պտի հեծյալի նման էղնի: Մեկ էլ էրկու քարի արանք անասնաբույժս հիշում է, որ տակի ձին էգ է: Ու քրֆում է իրեն մտքում, հետո բարձրաձայն, թե նման քաք չես ուտի: էն կնկա դոշերն էլի աչքի առաջն են գալիս, մեկ մտածում է՝ ետ քշի, ասի, թե վայթե չայդ լավն էր, քուրիկ …, մեկ մտածում է, թե շատ է հեռացել, շալվարը սկսում է շատ նեղություն տալ, վերջը, ինքն իրեն համոզում է, որ ձին մարդու չի պատմելու: Ոչ էլ ուրիշ ձիերի է պատմելու:

Կածանից ելնում է քարակարկառի կողմը, քարերի արանքում իր խելքով հարմար տեղ է կանգնեցնում ձիուն, կողքուբոլորն ստուգում է, որ մարդ-մուրդ չկա, ձիու մեջքն ու գավակը շոյելով անցնում է ետեւը, կռանում, թոկով կապում է ետեւի զույգ ոտները, մի ձեռով շարունակում է շոյել ձիուն, մյուսով շալվարն է քանդում, ձին խրտնում, մի ոստյուն է անում, սա շալվարը վեր է քշտում, վազում է հետեւից, բռնում սանձից, էլի մի տեղ հարմարեցնում է, կանգնեցնում է ձիուն, բայց հասկանում է, որ հենց անցնում է ետեւը, ձեռն էլ սանձին չի հասնում, որ ձիուն պահի, անիծում է Շիրակի դաշտը, որ հարյուր վերստ էլ քշես, մի ծառ չես պատահի, որ ձի կապես, ձին անընդհատ չի հարմարվում էդ լուրջ գործի համար, սա շարունակ մտածում է ոնց անի, որ սա հանգիստ մնա տեղում, արագ գործն ավարտի, ելնի գնա տուն: Վերջը, ճարը կտրած փողկապն արձակում, կապում է ձիու սանձից, երկարացնում, ձեռն է առնում, ուրախանում է, որ փողկապի երկարությունը հերիքեց, նորից անցնում ետեւը, ելնում է քարին, հարմար դիրքավորվում է, շալվարն ու փոխանը իջեցնում է, ուզում է հարմարեցնի, արդեն հարմարեցնում է, մեկ էլ ձին փրփրում, ոստնում, զույգ ոտներով սրա չոքերին տալիս, թռնում գնում է, ոտների կապն առաջին ոստյունին արձակվում է:

Էս անասնաբուժս շալվարը քշտում է ինքն իրեն քրֆելով ու ինքն իր վրա խնդալով, երեք ժամ հետո կաղալով, տնքալով, մի կերպ հասնում է տուն, տեսնում է, կնիկը մոլոր նստած է, փողկապը ձեռին, թե բա ի՞նչ խաբար է, այ մարդ …

Ամեն անգամ, մինչեւ կյանքի վերջը, երբ էս մարդը քեֆ ուրախությունների էր նստում ու հանկարծ մեկը դուրը չէր գալիս սեղանի գլխին, թամադա կլիներ, կոլխոզի նախագահ կլիներ, խանութի վարիչ կլիներ, թե ռեվիզոր, բայց փողկապով լիներ, մի լավ մոմետնի հարմարեցնում, դառնում էր կողքինին, իբր մեկուսի, բայց այնպես բարձրաձայն, որ բոլորը լսեին, ու ասում էր,- ծո ըհլը աշե ըսոր ուշադիր, կռա՞ սիգ էն իմ քունածս ձին է … :- Բոլորն սկսում էին հռհռալ, նեղացածներին հանգստացնում էին, թե լավ դե, մեծ մարդ է բան էր՝ ըսավ, նեղենալ չկա, ու ստիպում էին պատմել էդ ձիու մասին: Հեծյալը հավեսով սկսում էր պատմել բոլոր մանրամասներով: Այդպես մեր ախուրյանցի Սուրոն էր ականատես եղել էդ քեֆերից մեկին, հետո պատմեց ինձ, ես էլ ձեզ, որ չմոռացվի, փողկապն ու փողկապավորը դեռ չի վերացել, կյանք է, ինչ ասես կպատահի:

Լեւոն Բարսեղյան

«Մյուս» գրքից, 2018 թ.

Spread the love

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.