«Մրցակցության քաղաքակրթությունը երկրում դեռևս լիովին բավարար չէ»

- in Առողջություն
335

Բժշկական գիտությունների դոկտոր,  Երևանի պետական բժշկական համալսարանի Վնասվածքաբանության և օրթոպեդիայի ամբիոնի վարիչ, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Չարչյանի հետ զրուցում ենք բուժհաստատության, առողջապահության ոլորտի ու բժիշկների մասին:

Պարոն Չարչյան, ներկայացրեք խնդրեմ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնը՝ ճիշտ է, տարին դեռ չի ավարտվել, ցուցանիշներն ամփոփված չեն, սակայն ընհանուր առմամբ՝ Ձեր տպավորությամբ, ինչպիսի՞ն է 2016 թ.-ը:

– «Իզմիրլյան» բժշկական կենտրոնը գործում է Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի հովանու ներքո՝ 100 տոկոս մասնաբաժինը պատկանում է Մայր Աթոռին: Վիրաբուժական հիվանդանոց է, որտեղ չորս տասնամյակ է, ինչ գործում է պրոկտոլոգիայի, կոլոպրոկտոլոգիայի բաժանմունքները, որտեղ ավանդույթները պահպանվում և զարգացվում են, ինչպես նաև՝ քիթ – կոկորդ – ականաջաբանության, օրթոպեդիայի, վիրաբուժության, անոթային վիրաբուժության, գինեկոլոգիայի, ուրոլոգիայի և ախտորոշիչ բաժանմունքներ: Տարեկան կատարում ենք շուրջ 5600 մեծ վիրահատություններ: Բավական բարձր ցուցանիշ է, ուստի՝ գործում ենք մայրաքաղաքի առաջատար վիրաբուժական կլինիկաների շարքում: Շուրջ 270 աշխատակիցներ ունենք, ովքեր շուրջօրյա բուժսպասարկում են իրականացնում:

Քաղաքացիներն ինչպե՞ս են դիմում «Իզմիրլյան» բժշակական կենտրոն, գործո՞ւմ է երբեմնի կապը առաջնային ամբուլատոր բուժցանցի հետ:

– Ո՛չ, չի գործում, հիմնականում մեր բժիշկների հեղինակության հիման վրա են դիմում այս բժշկական կենտրոնում վիրահատվելու, բուժվելու համար: Այսօր պոլիկլինիկաների կողմից տրվող ուղեգրերը բաց են, այնտեղ ուղղորդում չկա, թե որ հիվանդանոց պետք է դիմի քաղաքացին, նրանք էլ ընտրում են՝ ըստ իրենց նախասիրությունների, ստացած տպավորության, բժշկական այն արդյունքների, որն ապահովում է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնը, ինչով էլ հայտնի է հանրության մեջ:

Այսօր, երբ պոլիկլինիկաներում՝ առաջնային ամբուլատոր բուժցանցում, բուժսպասարկումն անվճար է, «Իզմիրլյան» բժշկական կենտրոն դիմող քաղաքացիների տվյալներով՝ մարդիկ ավելի հետևողակա՞ն են դարձել իրենց առողջության հանդեպ:

– Դա ավելի շատ ՀՀ առողջապահության նախարարության գործառույթն է, խնդիրը համընդհանուր խնդիր է մեր հանրապետությունում, որին շատ լավ չեմ տիրապետում, ուստի՝ չեմ կարող հավաստի պատասխան տալ:

Մեր ԲԿ-ում 90 տոկոսով վճարովի, 10 տոկոս՝ պետպատվերի շրջանակներում է իրականացվում բուժսպասարկումը, հետևաբար՝ մեզ դիմում են հիմնականում ապահովված մարդիկ, սակայն բոլոր դիմողներին՝ անկախ իրենց ֆինանսական կարողություններից, ըստ մեր սկզբունքի, ցուցաբերում ենք բարձրակարգ բուժսպասարկում, լավագույնը, ինչը կարող ենք անել:

Ինչպիսի՞ նյութատեխնիկական բազայով և բուժանձնակազմով եք բուժսպասարկում, և բժիշկներից ո՞ւմ կառանձնացնեիք:

– Նյութատեխնիակական բազայի առումով՝ մեր բուժկենտրոնը հագեցած է վերջին սերնդի լավագույն սարքավորումներով, հատկապես՝ վիրահատարանը, անեսթեզոլոգիական, վերակենդանացման բաժանմունքները,  Ճառագայթային ախտորոշման բաժանմունքը, որն ի դեպ, հագեցած է վերջին սերնդի սարքավորումներով, ինչպես նաև ուլտրաձայնային հետազոտության, լաբորատոր բաժանմունքները:

Իսկ բժիշկներից՝ կառանձնացնեի բոլոր բաժանմունքների վարիչներին. Արամ Հակոբյանին, Գարիկ Էքսուզյանին, ովքեր պրոկտոլոգիայի և  կոլոպրոկտոլոգիայի բաժանմունքների ղեկավարներն են, Վարդան Ոսկանյանին՝ անոթային վիրաբուժության բաժանմունք, Վալերի Ստեփանյանին՝ քիթ – կոկորդ – ականջաբանության բաժանմունք, Հայկ Ավագյանին ու Սահակ Սարիբեկյանին՝ Օրթոպեդիայի և վնասվածքաբանության բաժանմունքներ, Հրաչյա Բաղդասարյանին՝ վիրաբուժության բաժանմունք և Արթուր Գրապսկուն՝ ուրոլոգիայի բաժանմունք:

Որոշակի վիրահատությունների բնագավառում այսօր մենք անվիճելի առաջատար ենք: Դրանք են՝ քարափշրումները. ուրոլոգիական ոլորտում, կոկորդի քաղցկեղի վիրահատությունները, խոշոր հոդերի էնդոպրոթեզավորումը, պրոկտոլոգիայից՝ հաստ աղու քաղցկեղների վիրահատությունը և այլն:

Այդ առումով՝ մրցակցություն կա՞ այլ բժշկական կենտրոնների հետ և եթե՝ այո՛, ապա որքանո՞վ քաղաքակիրթ:

– Մրցակցությունը քաղաքակի՞րթ. մրցակցության քաղաքակրթությունը լիովին համապատասխանում է երկրում առկա վարվելաձևերին և քաղաքակրթության մակարդակին: Բավականաչափ բարձր է.  Մինչդեռ զարգացած արևմտյան երկրներում և ԱՄՆ-ում նույն մրցակցությունը թերևս շատ ավելի բարձր է, երբեմն նաև կոշտ ու բիրտ:

Մեր գործընկերներից է Բոստոնի Tufts բժշկական համալիրը, որտեղ ամեն բան հրաշալի է

– Ներսում՝ այո՛, սակայն մրցակցության մեջ, արտաքուստ չի երևում: Ես մեր երկրի նվիրյալն եմ և ինձ համար Հայաստանից լավը չկա, երկրիս լավն ու վատն էլ՝ իմն են: Եվ, եթե այդ մրցակցության մեջ որոշակի բացասական էլեմենտներ կան, ապա բնական է, սակայն պետք է ուղղենք և չփոխանցենք սերունդներին:

Ներեցեք, Դուք «Իզմիրլյան» բժշկական կենտրոնը ղեկավարելուց բացի՝ վիրահատություններ շարունակո՞ւմ եք կատարել:

– Շա՜տ, որովհետև ինձ համար անսպասելի էր, երբ առաջարկեցին ղեկավարել այս բժշկական կենտրոնը: Իմ խնդրանքն էր, որ թույլատրվի շարունակել բարդ վիրաբուժական միջամտություններ կատարել: Այսօր շատ ակտիվ վիրահատում եմ՝ օրթոպեդիայի ոլորտում՝ խոշոր հոդերի էնդոպրոթեզավորում և պոլիտրավմաներ, բարդագույն կոտրվածքներ: Թեթև և միջին ծանրության դեպքերն՝ իմ աշակերտներն անում են առանց ինձ ու շատ բարձր մակարդակով, իսկ բարդ դեպքերն ինքս եմ անում: Ադմինիստրատիվ աշխատանքիս ծանրաբեռնվածությունն այդքանի հնարավորություն է տալիս առայժմ:

– «Իզմիրլյան» բժշկական կենտրոնն ունի՞ կարգախոս, որով առաջնորդվում է:

– Այո՛, այն է՝ «Բարձրակարգ բուժում՝ միջազգային չափորոշիչներին համապատասխան»:

Մեր հարցերն այսքանն էին, ինչի՞ մասին ինքներդ կցանկանայիք խոսել, բայց հարց չտրվեց:

– Մեկ բան կցանկանայի մեր ժողովրդին՝ լինել այնքան իմաստուն, որպեսզի ինքնաբուժությամբ չզբաղվել, ինչպես ժողովրդական առածն է ասում՝ «Հացը հացթուխին են տալիս, մեկն էլ ավելի»: Այլապես՝ ինքնաբուժությամբ զբաղվելու դեպքում, կորուստները կարող են լինել շատ մեծ ու անդառնալի: 

Զրուցեց՝ Սիմոն ՍԱՐԳՍՅԱՆԸ

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20