Շնորհավո՜ր … Ինչպե՞ս էր հնարավոր կասկածել այդ մարդկանց …

- in Վերլուծական
394

Անշուշտ, անհրաժեշտ է ամփոփել 2016 թվականը: Ինչպիսի՞ն էր այն, որքա՜ն վայրէջքներ միայն անցնող տարում, որքա՜ն փայփայված հույսեր ու երազանքներ, որ մնացին անկատար …

Տարին հաստատ անկումնային էր՝ ապրիլյան պատերազմ, անգամ տարեվերջին զոհեր հայ – ադրբեջանական սահմանին, Սասնա ծռերի հետ կապված հույսեր ու այն մեղադրողների բարբաջանքներ, որ հղի են նոր Սասնա ծռերի ծնունդներով, հանրության կատարյալ հիասթափություն իշխանություններից, սին հույսերի փայփայում ՀՀ կառավարության փոփոխությունից …

Սակայն տարեմուտի շեմին թերևս յուրաքանչյուր ոք նախ հետադարձ հայացք է ձգում իր արած գործերին, չհասցրածի, կորցրածի համար ափսոսում, մնացածը թողնում նոր տարուն …

Տարեմուտի նախաշեմին եթերը հեղեղված է բարեմաղթանքներով ու շնորհավորանքներով, ինչեր ասես, որ չեն ցանկանում ժպտերես իշխանավորներն ու ընդդիմադիր գործիչները: Ինչպե՞ս էր հնարավոր կասկածել այդ մարդկանց …

2017՝ սպասվող տարին, լինելու է առավելապես քաղաքական, համենայն դեպս, գոնե տարեսկիզբը, որ հաստատ: Այնքան խոստումներ կլսեք ու փափուկ բարձեր կդրվեն ձեր գլխների տակ, որ այն կորցնել կարելի կլինի: Հարկ է չլինել մանկուրտ և չկորցնել հիշողությունը, չխաբվել քաղաքական աղվեսների բեմադրություններին:

Առաջիկա տոնական օրերին սեղանների շուրջ բաժակ բարձրացնելիս հիշենք՝ Սասնա ծռերին, ովքեր այսօր ճաղավանդակ – զննդաններում են, ովքեր իրենց ազատությունը նվիրաբերեցին հասարակական – քաղաքական զարթոնքի համար, որ այդպես էլ չկայացավ:

Հիշենք՝ հայրենիքի պաշտպանության համար նահատակված զինվորականներին, որ իրենց արյան գնով հերթական անգամ արժանապատվությունը չկորցնելու պատվին արժանացրեցին բոլորիս: Բաժակ բարձրացնենք նույն ժամին հայրենիքի սահմաններում՝ ցրտին ու բքին կանգնածների համար, որ ապահովում են մեր խաղաղ գինարբուքը:

Կարևոր է նաև, որ գինովցած ու գինարբուքի պահին գոնե խորհենք մի պահ, թե յուրաքանչյուրս մեր տեղում ի՞նչ չենք արել, որ այդպես էլ չենք ապրում ազատ, խաղաղ, արժանապատիվ, անկախ, ոչ ֆորպոստ ու վասալ Հայաստանում …

ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ, սիրելի ընթերցողներ …

Հ.Գ. – Մենք աշխատելու ենք՝ կայքը թարմացվելու է տոնական բոլոր օրերին: Նոր նախաձեռնություն ունենք, թե ինչպե՞ս են Ամանորը տոնում մտավորականները՝ կհյուրընկալվենք նրանցից մի քանիսին, կտեսագրենք հետաքրքիր զրույցներ ու շնորհավորանքներ:

Սպասե՛ք ռեպորտաժներին …

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20