Ուրիխանյանը խոստանում է կազմակերպել կին պատգամավորներից մեկի քաղաքական թաղումը

Tigran Urikhanyan

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին անդամ Տիգրան Ուրիխանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է արել.

«Կազմակերպելու եմ ժողովրդին ու թիմակիցներին դավաճանած պատգամավորի քաղաքական թաղումը: Շատ կոնկրետ մի կին բախտի ու հանգամանքների բերմամբ, ինչպես նաև դավաճանելու, կեղտոտ ինտրիգներ հյուսելու լկտիաբար ստելու և թիմակիցներին ու ղեկավարներին զոհաբերելու արդյունքում տարիներ առաջ հայտնվեց Ազգային Ժողովում բարձր կարգավիճակում, քանդեց ամեն ինչ, ինչի հետ առնչվեց, դավաճանեց բոլորին, ում հետ առնչվեց, կոպտորեն խաբեց ժողովրդին և առաջացրեց բոլորի զզվանքը սեփական անպարկեշտության նկատմամբ: Այդ ամենի արդյունքը միայն նրա հաշվեհամարին ավելացող գումարն է:

Երկար Ժամանակ ձև եմ արել, որ չեմ նկատում տակից արված նրա հարվածները, ուղղորդված լրագրողներ մոտս ուղարկելը, պատվիրված հոդվածներ կազմակերպելը, գործընկերների մոտ վատաբանելն ու ստեր տարածելը: Բայց երբ հանդգնեց, ինչպես արդեն ապացուցվել է անձնական վիրավորանքներ տարածել իմ ու մերձավորներիս նկատմամբ, օգտագործեց կնոջն ու հային անվայել մեթոդներ, այդտեղ հատեց համբերության սահմանը:

Հիմա էլ սկսել է ֆեյքերի միջոցով զառանցել սոցիալական ցանցերում, սակայն, շուտով կազմակերպելու եմ նրա քաղաքական թաղումը բոլոր բացահայտումներով, որ հանրությունը մինչև վերջ գիտակցի նրա էությունը, իսկ Աստված ազատի մեր երկիրը այդպիսի պատգամավորներից:

Հ.Գ. Սովորաբար, ինչպես գիտեք, իմ բացահայտումներից հետո հարուցվում են քրեական գործեր մարդկանց կամ պետությանը պատճառված վնասի և այլ հանցակազմի առկայությամբ, ժողովուրդն իմանում է ամեն ինչ, իսկ արդարությունը վերականգնվում է»: