Սարգիս Ավետիսյան. Դաշինքներ՝ հողերը հանձնելու և չհանձնելու շուրջ

- in Կարծիք
785
Sargis Avetisyan

<Համերաշխություն> կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանի հետ զրուցում ենք 2016 թ.-ի և խորհրդարանական ընտրություններից առաջ ձևավորվող դաշինքների մասին:

– Պարոն Ավետիսյան, ինչպիսի՞ն էր 2016 թվականը՝ իբրև նախանախընտրական տարի:

– Նախ՝ ուզում եմ շնորհավորել մեր հանրությանը Ամանորի և Սուրբ ծնունդի կապակցությամբ, ցանկանում եմ, որ 2017 թ.-ը մեր ժողովրդի համար իսկապես լինի համերաշխության և հաղթանակների տարի: Խնդիրները, որ կուտակվել են, 2017 թ.-ին պետք է, որ լուծվեն:

2017-ը լինելու է առավել քաղաքական տարի

Մեր ժողովրդին հնարավորություն է տրվում պատմական գործ կատարելու՝ ազատվելու այն խնդիրներից, որոնք ծառացած են մեզանում: Լծակն այլևս մեր ժողովրդի ձեռքին է և ամեն ինչը կախված է 2017 թ.-ի ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների հետ, քանի որ այն ոչ միայն խորհրդարանական, այլև նախագահական է: Մեր ժողովուրդը պետք է ըմբռնի, որ դրանից հետո որևէ այլ քաղաքական ընտրություն չի լինելու: Միայն սրանով է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի իր մասնակցությունն ունենալու երկրի կառավարման գործում, երբ ով ինչ խնդիր ունի իշխանության հետ կարող է արտահայտել իր քվեարկությամբ, միայն այդ օրը:

Իսկ ՀՀ իշխանությունները սպառել են իրենց բոլոր հնարավորությունները, ամենակարևորը, ինչի մասին ես միշտ խոսում եմ, հավատի ռեսուրսը: Այլևս այս իշխանություններին որևէ ողջամիտ մարդ չի հավատում և իր ապագան, բնականաբար, չի կապում սրանց հետ: Ուստի՝ ժողովուրդը պետք է ճիշտ ընտրություն կատարի և իր կյանքի որակը փոխի: Եթե այս անգամ էլ փոփոխություն չլինի, դա կլինի մեր վերջը: 21-րդ դարում այսպես շարունակել հնարավոր չէ:

Անցնող՝ 2016 թ.-ը, լավ տարի չէր

Ընդհանրապես՝ վերջին մի քանի տարիները դժոխային էին՝ քաղաքական առումով, մեր հանրության համար: Սահմանադրությունը փոխվեց, որին հաջորդեց քաղաքական համակարգի փոփոխությունները, իշխանությունները խոսքերով, ուզում են կայացնել քաղաքական կուսակցությունները, մինչդեռ՝ իրականում, ոչնչացնում են այն: Դրա վառ օրինակն այն քարոզարշավն է, որ տարվում է կուսակցությունների դեմ, մինչդեռ աշխարհում մարդկությունը դեռևս չի հայտնաբերել այլ գործիք, քան կուսակցությունները: Հետևաբար, երբ ոչնչացնում են այդ գործիքը, դրանով իսկ ոչնչացնում են քաղաքականությունը Հայաստանում: Դրա արդյունքում՝ իշխանությունը հայտնվում է այնպիսիների ձեռքին, ովքեր մեկ գիշերում այն կարող են վաճառել հայրենիքը …

Նախընտրական դաշինքների մասին …

– Հիմա՝ ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ, ձևավորվում են նախընտրական դաշինքներ՝ Ելք, Սեյրան Օհանյանի շուրջ, Գագիկ Ծառուկյանի շուրջ … Դրանք կարո՞ղ են հակակշիռ լինել ՀՀԿ-ին՝ իշխանություններին, հաշվի առնելով նրանց վարչական և ադմինիստրատիվ, իշխանական լծակների ռեսուրսները, և Ձեր կանխատեսմամբ, ինչպիսի՞ ընտրություններ կլինեն:

– Մենք դաշինքների կողմնակից ենք և, ես գտնում եմ, որ նորմալ է, երբ համապետական միակ ընտրություններից առաջ կուսակցությունները դաշինքներ են կազմում: Անկախ այն բանից, այդ ուժերը մեծ են, թե՝ փոքր, կարևոր է, որ դրանք գտնում են համախմբման համար անհրաժեշտ եզրեր: Միավորվող կուսակցությունների թվաքանակը որոշիչ չէ հաղթանակի համար, անգամ՝ փոքր կուսակցությունները կարող են այնպիսի գաղափարներ առաջադրել, որ հասարակությունը գնա նրանց ետևից:

Մեր գնահատականներով, Հայաստանում խորհրդարանական ընտրություններից առաջ ձևավորվում են երկու գաղափարական դաշինքներ՝ հողերը հանձնելու և՝ չհանձնելու շուրջ: Հետևաբար՝ յուրաքանչյուր ոք ինքը պետք է որոշի, թե դեպի ո՞ւր է գնում: Իմ կարծիքով, ակներև է, որ ՀԱԿ-ն՝ ի դեմս Լևոն Տեր-Պետրոսյանի, հայտարարել է, որ պատրաստ են և լծված հողերը հանձնելու գաղափարին, որին, ըստ էության, աջակցում է այսօրվա գործող իշխանությունը՝ ՀՀԿ-ն: Անցած տարիների ընթացքում ՀՀԿ-ն՝ իր առաջնորդով, արել է այն, ինչն իր ելույթում ձևակերպել է Լ. Տեր-Պետրոսյանը: Երկուսը նույն գաղափարական հենքի վրա են:

Դրան ընդդեմ ձևավորվում է նոր դաշինք՝ Սեյրան Օհանյանի գլխավորությամբ, ովքեր ասում են՝ հող հանձնող չկա, որոշողը ժողովուրդն է: Կարծում եմ, որ լուրջ բախումները նախընտրական շրջանում լինելու են այս հողի վրա:

Հողերը տա՞լ, թե՝ չտալ

ՀՀ առաջին, երկրորդ և երրորդ նախագահների կառավարման բոլոր տարիներին էլ ղարաբաղյան խնդիրը առաջնային է եղել: Առաջինն՝ իր իշխանության տարիներին, խնդիրը հասցրեց այն բանին, որ ստիպված էր հրաժարական տալ, երկրորդն՝ ընդդիմացավ դրան և ապացուցեց, որ հնարավոր է զարգանալ անգամ շրջափակման պայմաններում, երբ նրա կառավարման տարիներին ՀՀ տնտեսությունում երկնիշ ցուցանիշներով տնտեսական զարգացումներ էին, իսկ երրորդը՝ եկավ ու շարունակեց առաջինի քաղաքականությունն ու վերստին հանգել է այնտեղ, որտեղի պայմաններում հրաժարական տվեց ՀՀ առաջին նախագահը: Ըստ տրամաբանության, ՀՀ առաջին և երրորդ նախագահների կառավարման մոդելները՝ ղարաբաղյան հարցի կարգավորման կտրվածքով, ավարտվելու են, և վերսկսվելու է ՀՀ երկրորդ նախագահինը:

Երևի մենք շնորհակալություն հայտնենք Լևոն Տեր-Պետրոսյանին այն բանի համար, որ այն, ինչի մասին մտածում են ՀՀԿ-ականները, ինքը բարձրաձայնեց և պատռեց դրանց դիմակները …