Սեյրան Օհանյանը կկիսի՞ Երկրապահը

- in Կարծիք
265
Seyran Ohanyan

Սեյրան Օհանյանի մուտքը քաղաքականություն և նախընտրական պայքար, իրավիճակն ուշագրավ է դարձնում թե՛ ընդհանրապես, թե՛ իհարկե մասնավորապես մի առումով, որը Հայաստանի իրականության համար բավական նուրբ հանգամանք է:

Խոսքը Սեյրան Օհանյանի զինվորական, պատերազմի մասնակից լինելու հանգամանքի մասին է, ինչը նշանակում է նաև, որ Սեյրան Օհանյանը քաղաքականության մեջ ենթադրաբար պետք է ունենա, և ինքն էլ թերևս պետք է ակնկալի իր զինակիցների մի զգալի մասի աջակցությունը: Համենայն դեպս, առնվազն քաղաքականություն մուտք գործելու և նախընտրական պայքարի մեջ մտնելու իր հայտարարության տեքստում Սեյրան Օհանյանն արտահայտում էր իր այդ ակնկալիքը: Այդպիսով, Սեյրան Օհանյանի՝ քաղաքականություն մուտքով վերստին հայաստանյան ներքաղաքական զարգացումներում խաղարկվում է, կամ ակտիվանում է, ավելի շուտ ինտրիգ է ստանում «կռված տղերքի» գործոնը: Այն հայաստանյան քաղաքականության մեջ եղել է միշտ՝ պատերազմի ավարտից ի վեր: Արցախյան առաջին պատերազմից հետո այդ գործոնը խաղարկվեց քաղաքական իշխանությունն ամրապնդելու համար և ձևավորվեց այսպես ասած՝ Երկրապահի գործոնը: Այն լիովին իշխանությանը կից կառույց էր, որ նախ ՀՀՇ-ին ծառայեց, հետո ծառայեց 1998 թվականի իշխանափոխությանը, դրանից հետո դառնալով արդեն Վազգեն Սարգսյանով ուժեղացված ՀՀԿ-ի հիմքը: Հետո նույն այդ գործոնը հայտնվեց Ռոբերտ Քոչարյանի ենթակայության տակ՝ հոկտեմբերի 27-ից հետո: Սակայն, արդեն ճաքերով:

Վազգեն Սարգսյանի ողբերգական մահվանից հետո երկրապահական գործոնը զգալիորեն տրոհվեց ու թեև մեծամասնությունը շարունակում էր լինել իշխանության հենարանը, այնուհանդերձ այլևս չկար այդ դաշտի բացարձակ հեղինակությունը: Աստիճանաբար, որոշակի ավտորիտար կառույց կամ գործոն լինելուց, այն սկսեց վերածվել զուտ տնտեսա-քաղաքական շահերի որոշակի բազմության: Դրանից հետո սկսեցին ձևավորվել տարբեր այլընտրանքային կառույցներ, որոնք միավորում էին պատերազմի մասնակիցներին: ԵԿՄ-ն իհարկե շարունակում էր լինել առաջատարն ու ամենամեծը՝ հանդիսանալով նաև իշխանության հենարան ու գործիք, սակայն տարբեր քաղաքական իրավիճակներում սկսեցին ձևավորվել տարբեր նոր կառույցներ: Այդ կառույցները աջակցում էին այս կամ այն քաղաքական սուբյեկտին, դաշինքին, նաև փորձում էին իրենք հանդես գալ որևէ քաղաքական նախաձեռնությամբ: Բայց, դրանք իհարկե, առանձնապես երկար կյանք չէին ունենում: Վերջինը, թերևս, այսպես կոչված՝ ոչիշխանական բևեռի ներքո այդպիսի միավորում ձևավորելու փորձն էր Ռուբեն Գևորգյանի՝ Ծաղիկ Ռուբոյի գլխավորությամբ, ինչը սակայն մարեց ոչիշխանական բևեռի առաջնորդի քաղաքականությունից հեռանալու արդյունքում: Այնուամենայնիվ, ազտամարտիկների, «կռվածնեերի» գործոնը շարունակում է լինել հայաստանյան ներքաղաքական կյանքի ակտիվ և առայժմ կենսունակ գործոններից մեկը, իհարկե զգալիորեն ենթակա այս կամ այն քաղաքական նախագծին կամ սցենարին: Ահա այս տեսանկյունից, Սեյրան Օհանյանի մուտքը քաղաքականություն հանդիսանում է տվյալ գործոնի վերախաղարկման սցենարային բավականին ուժեղ նախագիծ: Համենայն դեպս՝ Օհանյանի հեղինակությունը բավական է ենթադրելու համար, որ այստեղ իհարկե կարող է կուտակվել բավական մեծ ինտրիգ, հատկապես նկատի ունենալով այն, որ Օհանյանը Երկրապահ կամավորական միության, այսինքն՝ իշխանության հենարան հանդիսացող գլխավոր կառույցի անդամ է, հեղինակավոր անդամ:

Ինչ է սպասվում այս դեպքում՝ Օհանյանը կկիսի՞ Երկրապահը, կհաջողվի՞ նրան այն, ինչն օրինակ չհաջողվեց անել Լևոն Տեր-Պետրոսյանին 2008 թվականին՝ ԵԿՄ նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի ներգրավման միջոցով: Ընդ որում, այն ժամանակ Տեր-Պետրոսյանն Ազատության հրապարակի ամբիոնից հայտարարում էր, որ Մանվել Գրիգորյանը Սեյրան Օհանյանի հետ բանակցում է բանակը հանրության դեմ չկիրառելու համար: Գրիգորյանը բացի ԵԿՄ նախագահ լինելուց, նաև պաշտպանության փոխնախարար էր, իսկ Սեյրան Օհանյանը՝ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ: Օրեր անց Ռոբերտ Քոչարյանը հեռացրեց Մանվել Գրիգորյանին, իսկ Գրիգորյանն էլ «հեռացավ» Լևոն Տեր-Պետրոսյանից: Ներկայումս իրավիճակը առանձնահատուկ է նաև նրանով, որ Սեյրան Օհանյանի քաղաքական բևեռի հավանական աջակիցների, իսկ գուցե և թիմակիցների շարքում է դիտարկվում նաև Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը: Այսպիսով՝ Սեյրան Օհանյանի մուտքով առաջացող առանցքային ինտրիգներից մեկն էլ թերևս դառնում է հենց այն, թե նա ինչքանով է «թիրախավորելու» վերոհիշյալ գործոնն ու փորձելու իր շուրջ ձևավորել այդ սեգմենտի բավական պատկառելի թիմ, միաժամանակ նաև իշխանությանը զրկելով այդ հենարանի զգալի մասից: Իհարկե, այստեղ անկասկած պետք է նկատի առնել և այն, որ իշխանությունը ոչ միայն կփորձի դիմադրել, այլ կասկած չկա նաև, որ կփորձի կանխարգելել այդպիսի ինտրիգի ծավալումը: Թեև որոշակի իմաստով դրանով հնարավոր է նաև կառավարելի պահել Օհանյանին: Մյուս կողմից, սցենարային այլ տարբերակի դիտարկման պարագայում, հնարավոր է նկատել, որ Սեյրան Օհանյանը կարող է հանդիսանալ «կռվածների» գործոնի այսպես ասած՝ դժգոհ, ընդդիմադիր ընտրազանգվածի կառավարման տարբերակ: Իհարկե դա այն դեպքում, եթե իրականություն է այն վարկածը, որ Օհանյանն այդուհանդերձ ընդդիմադիր գործունեություն սկսում է Սերժ Սարգսյանի հետ պայմանավորված խաղի կանոններով:

Բոլոր դեպքերում, Հայաստանի ներքաղաքական զարգացումներում «կռվածների» գործոնի հերթական խաղարկումը կամ ինտրիգի սրումը, որ առաջ է գալու ինքնաբերաբար՝ քանի դեռ իշխանությունն ինքը հենվում է նաև դրա վրա, շարունակում է մնալ Հայաստանի պետականության վտանգավոր բարդույթներից կամ սինդրոմներից մեկը, որից պետք է ձերբազատվել հնարավորինս արագ և հիմնովին՝ «կռվածները» պետք է ունենան իրենց պատվավոր տեղը հասարակական-պետական կյանքում, բայց այդ տեղը չի կարող լինել քաղաքականության միավորի դերը: Անհատապես նրանք կարող են ներգրավվել քաղաքական կյանքին, ունեն դրա իրավունքը, սակայն որպես այդ կյանքին ներգրավված սուբյեկտ՝ թեկուզ անուղղակի, այդ գործոնը պետք է բացառել թե՛ այդ բարոյական արժեքի չնենգափոխման և չփոշիացման համար, թե՛ պետականության չաղճատման: