Վարչապետի պաշտոնը պետք է զգալիորեն տարբերվի դասախոսի պաշտոնից

- in Կրթություն
163
karen-karapetyan

Եթե մենք չկրթվենք, եթե մենք խելոք բիզնես չանենք՝ փող չենք աշխատելու, երեկ Վայոց ձորի և Արարատի մարզ կատարած այցելությունների ընթացքում հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանը, կարևոր համարելով գյուղական շրջաններում բնակչության կրթության խնդիրը:

Դժվար է վիճարկել իհարկե կրթության կարևորության մասին նրա դիտարկումը: Միարժեք է, որ Հայաստանի համայնքների զարգացման գործում չափազանց մեծ նշանակություն ունի կրթությունը: Սակայն, միևնույն ժամանակ պետք է հասկանալ, որ վարչապետի պաշտոնը պետք է զգալիորեն տարբերվի դասախոսի պաշտոնից, և դասախոսությունները չէ, որ պետք է լինեն պետության գործառույթները, պետական բարձրագույն պաշտոններ զբաղեցնող անձանց գործառույթները:

Եվ ուրեմն, հռչակագրային ուղենիշներից զատ, հասարակության զարգացման համար նրանք պետք է ապահովեն նաև մեխանիզմներ: Օրինակ, երբ խոսվում է կրթության կարևորության մասին, ապա իշխանությունը համայնքային բնակչությանը պետք է բացի դասախոսությունից, ներկայացնի նաև մեխանիզմ` կրթական ենթակառուցվածք, մատչելի, նախնական արագ արդյունք ապահովող, որը հնարավորինս կարճ ժամանակում կօգնի հանրությանը փոխվել, այլ հայացքով նայել կյանքին ու հնարավորություններին: Իհարկե դեռ այլ հարցէ բուն հնարավորությունների խնդիրը, սակայն ինքնին կրթության խնդիրը լուծելու համար՝ մարդկանց պետք է ցույց տալ հնարավորությունը, ռեալ տարբերակը:

Այսինքն ակնհայտ է, որ պետությունն այստեղ պետք է ներդրումներ կատարի, ստեղծի հնարավորություններ: Մարդիկ վճարում են Հայաստանի կառավարման համակարգին` հարկերի և տուրքերի տեսքով, որպեսզի այդ համակարգի ծառայությունը հետ ստանան հնարավորությունների՝ ոչ թե դասախոսությունների կամ խորհուրդների տեսքով: Ամեն մի պետական պաշտոնյա ունի մի քանի տասնյակ տարբեր հիմունքներով աշխատող խորհրդականներ ոչ այն բանի համար, որ իշխանությունն ինքը մի մեծ խորհրդական դառնա հասարակության գլխին, այլ որ իշխանությունը հասարակությանը խորհուրդներից առաջ կամ դրան զուգահեռ տա նաև այդ խորհուրդներով առաջնորդվելու հնարավորություններ, ստեղծի դրանք, ապահովի դաշտը և հետո արդեն լիարժեք իրավունք ստանա քաղաքացուն նույնիսկ նախատել, որ ստեղծված դաշտի պարագայում քաղաքացին զլանում է գնալ և օգտվել դրանից, փոխել թե՛ իր, թե՛ պետության կյանքը: