Ֆրանսիան ԱՄՆ-ի ճանապարհո՞վ է գնում

- in Վերլուծական
277
fiyon

Ոչ ԱՄՆ-ում, ոչ էլ առավել եւս Ֆրանսիայում իրականում նոր բան տեղի չի ունենում, այլ վերադառնում են աջ պահպանողականության բավական հին, ավանդական գաղափարները եւ մտադրությունները: Ֆրանսիայի ներկայիս գլխավոր ֆենոմենն է դառնում Ֆրանսուա Ֆիյոնը՝ աջ պահպանողական, գոլական եւ հանրապետական, համոզված կաթոլիկ եւ պահպանողական այդ հասկացության լայն իմաստով: Իհարկե, ափսոս, որ ընտրողը չգերադասեց Նիկոլա Սարկոզիին, սակայն Ֆրանսուա Ֆիյոնը Սարկոզիի քաղաքականության առավել արմատական տարբերակն է:

Ֆրանսու Շարլ Արման Ֆիյոնը ծնվել է 1954 թվականի մարտի 4-ին: Միություն հանուն ժողովրդական շարժման կուսակցության անդամ է, 2002-2004 թվականներին՝ Ժան-Պիեռ Ռաֆարենի վարչապետության տարիներին եղել է աշխատանքի նախարար, իսկ 2004-2005 թվականներին՝ կրթության նախարար: Ֆիյոնը Ժորժ Պոմպիդուից հետո 5-րդ հանրապետության ամենաերկար պաշտոնավարած վարչապետն է: Նա միակն է, ով նախագահական ամբողջ ժամկետում վարչապետ է մնացել: Ներկայում Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր է, ընտրվել է Փարիզի ընտրատարածքից:

Աջ ընտրողները նախընտրել են ոչ թե Ալեն Ժյուպեին, որը աջ-կենտրոնամետ դիրքորոշում ունի, այլ տիպիկ գոլականի՝ հույս ունենալով հրաժեշտ տալ ֆրանսիական սոցիալիզմին, որը սնանկացրել է երկիրը, տնտեսությունն անկման է տանում եւ շարունակում է փախստականների կուտակումը: Քննարկենք ոչ թե Ֆիյոնին, այլ սոցիալիզմի այլընտրանքը:

Կար ժամանակ, երբ սոցիալիստներն ու կոմունիստները Փարիզի կենտրոնական հրապարակներում մինչեւ կես միլիոն մարդ էին հավաքում եւ ստանում ձայների ավելի քան հինգերորդ մասը: Հետո սոցիալիստներն սկսեցին հաղթել նախագահական եւ խորհրդարանական ընտրություններում: Այդ ժամանակները, սակայն, անցել են:

Ֆրանսիայի տնտեսությունը ճաքեր է տալիս, եւ կառավարությունը մոլորված է ու չգիտի, թե ինչ անել ահաբեկչական խրախճանքի ու ներգաղթյալների հոսքի ժամանակաշրջանում: Եթե Ֆրանսուա Միտերանի օրոք Ֆրանսիան տնտեսական ու սոցիալական պահուստներ դեռ ուներ քաոսին դիմագրավելու համար, ապա այժմ դրանք սպառվել են:

Առեղծվածային է, որ հենց ճգնաժամի ժամանակ է Օլանդի կառավարությունն ընդունել այնպիսի վայրի մեթոդներ, ինչպիսիք են հարստության հարկման օրենքը եւ բարձր եկամուտների համար խելացնոր դրույքաչափերի սահմանումը: Դեռ 2012 թվականին, երբ սոցիալիստները հաղթանակ էին տոնում, հասկանալի էր, թե ինչ է սպասվում Ֆրանսիային:

Այդ շրջանը նշանավորվել է նրանով, որ Գերմանիան դարձել է Եվրոպայի առաջնորդը ոչ միայն տնտեսական, այլ նաեւ քաղաքական առումով: Սոցիալիստները Ֆրանսիան գրեթե դուրս են մղել համաշխարհային տերությունների շարքից եւ դարձրել երկրորդ կարգի եվրոպական տերություն:

Սարկոզին, անկասկած, դասական գոլական չէր, սակայն փորձում էր Ֆրանսիային Եվրոպայի առաջնորդի կարգավիճակ տալ ու դառնալ ԱՄՆ անվիճելի գործընկերը՝ ընդ որում ոչ միայն ՆԱՏՕ-ի ոլորտում, այլ նաեւ ընդհանուր գլոբալ խնդիրներում:

Տնտեսական ձախողումից բացի, Ֆրանսիան կորցրել է այն դերը, որն ուներ Ժակ Շիրակի օրոք: Միլիոնավոր ֆրանսիացիների, անգամ բուրժուական հոգեբանություն ունեցողներին, անհրաժեշտ է հզոր Ֆրանսիայի դեր, եւ ժամանակակից աշխարհում դա կարող են առաջարկել գոլական գործիչները: Ֆրանսիայի հասարակությունը մի շարք սխալներ է գործել եւ այժմ իր երկրի մեծության որոնումների մեջ է, որը ժամանակավոր կորսվել է:

Ֆրանսիայում լավ հասկանում են, որ ազգային հզորության վերադարձը հնարավոր է երկու հանգամանքների դեպքում՝ եթե երկրին վերադարձվի եվրոպական առաջատարի դերը եւ վերակենդանացվի Եվրոպական միությունը: Երկրորդ խնդիրն ատլանտյան համակարգում Ֆրանսիայի հարաբերական ինքնավարության ապահովումն է:

Ընդ որում, Ֆրանսուա Ֆիյոնը փորձում է խաղարկել Ռուսաստանի դերը Ֆրանսիայի «ինքնավարացման», ՆԱՏՕ-ում նրա դերի ուժեղացման գործում: Այս ամենը շատ նման է Դոնալդ Թրամփի քարոզչական հնարքին, որը մտադիր է միավորել հանրապետականներին եւ ուղղել նրանց Ռուսաստանի դեմ:

Ֆրանսուա Ֆիյոնը դեռ չունի եւ չի կարող լինել առավել ծանրակշիռ փաստարկ, քան Ռուսաստանի հետ թշնամության հաղթահարումը: Իրականում «Ռուսաստանը» ոչ մի առանձնահատուկ նշանակություն չունի ֆրանսիական քաղաքականության համար, բացի քարոզչականից: Խնդիրը միայն նախընտրական ծրագիրն է, որը տեւելու է մի քանի ամիս եւ ավարտվելու է:

Հիշեցնենք, որ այդպիսի թատերական ներկայացում եղավ նաեւ Գերմանիայի քաղաքականությունում, երբ Անգելա Մերկելը փորձում էր Ռուսաստանի փաստաբանի դերում հանդես գալ: Շուտով, սակայն, երբ ամերիկացիներն ամբողջությամբ Գերմանիայի կողմն անցան Գերմանիա-Մեծ Բրիտանիա խաղում, գերմանացիները գերադասեցին ռուսների դեմ շրջվել՝ դառնալով եվրոպական առաջնորդ:

Գերմանիան դարձել է Լեհաստանի եւ բալթյան երկրների գլխավոր գործընկերը Ռուսաստանի էքսպանսիային դիմագրավելու գործում: Այդ դերն է սպասվում նաեւ Ֆրանսիային, որտեղ անգամ սոցիալիստ Օլանդն ԱՄՆ հետ գործընկերային հարաբերությունների եւ ռուսներին զսպելու կողմնակիցն է: Այդ դեպքում ինչ ասել գոլականների մասին նոր շրջանում, երբ Շարլ դը Գոլը վաղուց չկա, եւ Ֆրանսիայի առաջ նոր խնդիր է կանգնած:

Ի՞նչ է սպասվում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասով: Այդ պատժամիջոցները նվազագույն կորուստներ են պատճառում Եվրոպային, առավել եւս Ֆրանսիայի ֆերմերներին, եւ ծիծաղելի է դա որպես փաստարկ ներկայացնելը: Որպես կաթոլիկ եւ ավանդապաշտ՝ Ֆիյոնը սխալ է համարում Բաշար Ասադին տապալելու նպատակները, քանի որ նա պաշտպանում է Մերձավոր Արեւելքի քրիստոնյաներին: Սակայն Ֆրանսիայում ոչ ոք չի հասկանա հանուն Ռուսաստանի հետ հարաբերությունների Ասադին պաշտպանելը, դա ոչ ոքի պետք էլ չէ:

Այսպիսով, ինչով է Ռուսաստանն այդքան թանկ Ֆրանսիայի աջ պահպանողականների համար, բացի քարոզչական հնարքներից: Դրանով Դոնալդ Թրամփը վախեցրել է եվրոպացիներին՝ անկախ կուսակցական պատկանելությունից: Եվրոպայում դեռ չեն հասկացել Թրամփի քաղաքականությունը, չնայած սկսում են զգալ, որ ռուսական թեման միայն բլեֆ էր նախընտրական արշավի համար:

Անկասկած, Ուկրաինայի եւ Ղրիմի պես թեմաները Ֆրանսիայի համար էլ խնդիրներ կմնան, ինչպես Գերմանիայի դեպքում: Ի դեպ, պետք է ուշադրություն դարձնել, որ Գերմանիան չի կարող ազդել Ֆրանսիայի վրա, որը չի կարող Եվրոպայում լուրջ դերի հավակնել՝ չմասնակցելով Ռուսաստանին զսպելու գործին:

Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ, Քաղաքագետ