«Ազատամարտիկների դաշինք»-ը համախմբվելու և միասնական ճակատով հանդես գալու կոչ է արել

- in Հասարակություն
166
dzerq

«Ազատամարտիկների դաշինք»-ի վարչությունն ընդդիմադիր դաշտին համախմբվելու և միասնական ճակատով հանդես գալու կոչ է արել: Այս առնչությամբ այսօր տարածված հայտարարության մեջ նշվում է.

«Հայրենակիցներ, այսօր մեր ժողովուրդը կանգնած է պետության առջև ծառացած լրջագույն խնդիրների լուծման առջև, որոնք հետևանք են իշխող վարչախմբի, մեղմ ասած ապաշնորհ, թե՛ ներքին, թե՛ արտաքին վարած քաղաքականության: Առջևում մեզ սպասում է միակ համապետական ընտրությունը և նոր ձևավորվելիք ազգային ժողովի որակից է կախված լինելու այդ մարտահրավերների արագ լուծումն ու երկրի զարգացման լուրջ հիմքերի ստեղծումը: Մենք, որպես մեր պետականության ստեղծման, նրա անվտանգության ամրապնդման, մեր ընկերների արյան ու կյանքի գնով տարածքներ ազատագրած ակտիվ քաղաքացիներ, գտնում ենք, որ ԱԺ-ի առաջիկա ընտրությունները լուրջ հնարավորություն են հանրապետությունում ուժերի հարաբերակցությունը փոխելու ի օգուտ ընդիմադիր դիրքորոշում ունեցող ուժերի, որը կարող է հիմք հանդիսանալ երկրում հիմնավոր բարեփոխումներ իրականացնելու համար:

Նկատի ունենալով վերը շարադրվածը, մենք ազատամարտիկներս մեզ իրավունք ենք վերապահում կոչով դիմելու իրենց ընդիմադիր հայտարարող և երկրում իրական իշխանափոխության ձգտող քաղաքական կուսակցություններին, դաշինքներին և շարժումներին, մի կողմ թողնել բոլոր նախկին տարաձայնություններն ու հակասությունները, անձնական հակակրանքներն ու ամբիցիաները, և համախմբվելով ձևավորել մեկ ընդհանուր ճակատ դրված նպատակին հասնելու համար»:

«Ազատամարտիկների դաշինք»-ի վարչությունը նաև հայտարարություն է տարածել խորհրդարանական ընտրությունների օրվա առնչությամբ: Այդ հայտարարությունում նշվում է.

«Հայրենակիցներ՝ գործող վարչախումբը իր ապազգային քաղաքականության արդյունքում հասցրել է լուրջ հարված հասցնել մեր ազգային արժեհամակարգին, ոտնահարելով ժողովրդի կողմից սրբություններ ընկալվող հիշատակի օրեր: Այժմ ևս, հերթական անգամ, երբ ժողովուրդը սույն թվականի ապրիլի 2-ին պետք է ցավով նշեր «ապրիլյան քառօրյա պատերազմի » ժամանակ զոհված հարյուրից ավել հայորդիների զոհվելու տարելիցը, գործող վարչախումբը հայտարարել է ազգային ժողովի ընտրությունների օր, դրանով մեկ անգամ ևս փաստելով իր ապազգային բնույթը:

Անկախ նրանից, թե ինչ հիմնավորումներով են ամրապնդված հենց այդ օրը ԱԺ ընտրություն անցկացնելու որոշումը, մենք անհարիր , ավելին՝ անբարոյական ենք համարում զոհված հայորդիների հիշատակի օրը նման համապետական միջոցառման անցկացումը»: