Հասարակությունը միշտ որոշակի հեգնանքով է վերաբերվել Ալեն Դելոնի «ամենաերկար» սիրուն՝ Միրեյ Դարկին (ում հետ դերասանը շուրջ 15 տարի համատեղ կյանք է վարել)՝ նրան համարելով «միամիտ, գրավիչ, դատարկ տիկնիկ»: Իր հարցազրույցների ընթացքում ֆրանսուհին գրեթե չի խոսել անձնական կյանքի մասին և ոչ մի կերպ չի փորձել փոխել իր շուրջ ձևավորված համընդհանուր կարծիքը: Եվ մի գեղեցիկ օր, բոլորի համար անսպասելի, Միրեյը որոշում է իր հիշողությունները հանձնել թղթին՝ մարդկանց հնարավորություն տալով բոլորովին այլ անկյունից տեսնելու իրեն: Հետագա հարցազրույցներից մեկի ժամանակ դերասանուհին խոսել է իր գրքի և Դելոնի հետ հարաբերությունների մասին: Նրանց ծանոթությունը տեղի է ունեցել Հռոմում, նկարահանման հրապարակում։ 

Ռոմի Շնայդերը, Ալեն Դելոնը և Միրեյ Դարկը, 1975թ

– 1968թ-ի հիանալի ամառն էր: Նկարահանող անձնակազմն ինձ տեղավորել էր Պիացցա Նավոնայում գտնվող երկհարկանի մի բնակարանում, որտեղ ժամանակին ապրել էր գեղանկարիչ Ռաֆայելը: Այդ ժամանակ Ալենն արդեն ազատ տղամարդ էր և հանգիստ կարող էր նոր սիրավեպ սկսել: Մենք անբաժան էինք. գրեթե ամեն երեկո մեքենայով շրջում էինք Հռոմով: Այնքան երջանիկ էի: Անդադար կրկնում էի ինքս ինձ. «Սա երազ չէ, դու աշխարհի ամենագեղեցիկ քաղաքում ես, ամենագեղեցիկ տղամարդու կողքին և կյանքում առաջին անգամ չես վախենում սիրել, առաջին անգամ երազում ես, որ այս զգացմունքն ապագա ունենա»: Այդ ամենը զարմանալի էր, նոր էր, տարօրինակ էր: Նախկինում ես խուսափում էի երկարատև հարաբերություններից՝ սերն ընկալելով որպես կարճաժամկետ արկած: Սակայն Ալենի կողքին միանգամից սկսեցի երազել ընդհանուր տան, ընտանիքի ու երեխաների մասին: Հիշում եմ՝ ինչպես էի գիշերվա կեսին արթնանում, նստում անկողնում և փողոցից թափանցող լույսի ներքո երկար հիանում Ալենի դեմքով, նրա երկար թարթիչներով ու հղկված դիմագծերով։ Ռոմանտիկ Հռոմից վերադառնալով Փարիզ՝ որոշեցինք չարագացնել իրադարձությունները. շարունակում էինք առանձին ապրել ու ժամադրել միմյանց: Ես շատ հանգիստ էի ընդունում այն փաստը, որ Ալենը սիրուհիներ ունի՝ Մեդլին, մերկապարուհի Լովա Մուրը և այլք: Նա ոչինչ չէր թաքցնում: Ալենի տուն գնալիս երբեմն հանդիպում էի նրա մոտից հեռացող որևէ կնոջ և ժպիտներ փոխանակում:

«Ալենը պատկանում է մարդկանց այն տեսակին, որը կարողանում ես ճանաչել միայն ժամանակի ընթացքում։ Նա նման է մի լեռան, որը, թվում է, հենց կողքիդ է, բայց իրականում մոտենում ես միայն երկարատև ճանապարհից հետո»։ Միրեյ Դարկ
Սերջիո Լեոնեի հետ, 1977թ

– Դուք ամուր նյարդեր ունեք:

– Դրանով Ալենն ու ես նման էինք իրար: Նա կարողանում էր սիրո զոհ չդառնալ, զգացմունքները չվերածել կախվածության: Երկուսս էլ այն կարծիքին էինք, որ ոչինչ ու ոչ ոք մեզ չի պատկանում և չի կարող պատկանել: Միգուցե հենց այս մտածելակերպը խթանեց մեր հետագա կապը. մենք միշտ հարգել ենք միմյանց անձնական տարածության սահմանները։ Վերջապես եկավ այն օրը, երբ մենք որոշեցինք միասին ապրել: Ես դարձա մեր նոր տան լիիրավ տիրուհին, Ալենն ինձ վստահեց տան կահավորումն ու ձևավորումը:
Մի օր՝ արձակուրդների ժամանակ, մեզ հյուր եկավ Ալենի 5-ամյա որդին՝ Էնթոնին: Տանից դուրս գալիս Ալենը կատակով դիմեց որդուն․ «Իմ բացակայությամբ դու ես գլխավորը: Հետևի՛ր կարգապահությանն ու հրամաննե՛ր արձակիր»: Միամիտ փոքրիկն անմիջապես շրջվեց դեպի ինձ ու բղավեց. «Դո՛ւ, Միմի՛, դո՛ւրս անցիր այստեղից»: Ես չխռովեցի՝ հասկանալով, որ ամուսնալուծված զույգի երեխան ինձ տեսնում է որպես իր մայրիկի տեղը գրաված թշնամու: Երբ տղան մեր տանն էր, ես ու Ալենը տարբեր սենյակներում էինք գիշերում: Ես փորձում էի ընկերանալ նրա հետ՝ միաժամանակ հիշելով, որ տղան մայր ունի, ու պետք չէ նրան գրկել, փարվել և այլն: Չնայած շատ կուզենայի նրան իմ սերը տալ՝ հասկանում էի, որ նրա մայրը չի ուրախանա, երբ լսի, որ մայրական քնքշանք եմ տալիս իր որդուն:

– Հե՞շտ էր Դելոնի հետ կենցաղ կիսելը։ 

Սալվադոր Դալիի հետ, 1970թ

– Ես հայտնվեցի մի կանոնավոր մեխանիզմում, որը կառավարվում էր իր պարտականությունները հստակ կատարող անձնակազմի միջոցով: Մենք ունեինք խոհարար, մաքրուհի, դայակ, քարտուղարուհի, վարորդ, թիկնապահ և այլ սպասավորներ: Ես բացահայտեցի հիանալիորեն կազմակերպված օրակարգ, որտեղ գրեթե ամեն ինչ իր հստակ ժամն ուներ, նույնիսկ ուտելիքն էր նախօրոք որոշվում: Ալենը հասարակ մենյուի կողմնակից էր: Մեր տունը լի էր արվեստի զանազան գործերով, որոնք Ալենը ձեռք էր բերում աշխարհի տարբեր ծայրերի աճուրդներում: Նա ինձ փոխանցեց արվեստի հանդեպ իր սերն ու ճաշակը: Մենք հաճախ էինք թանգարաններ ու պատկերասրահներ այցելում: Ստիպված էի համակերպվել Ալենի երկրպագուհիների մշտական ներկայությանը: Աղջիկներն ամենուր հետապնդում էին նրան, ոմանք նույնիսկ գիշերում էին տան դիմաց:

– Դուք միասին էիք, երբ բռնկվեց Դելոնի օգնական Ստեֆան Մարկովիչի մահվան շուրջ աղմուկը: Ամբողջ Ֆրանսիան այդ օրերին կասկածանքով էր նայում Դելոնին: Նրան մեղադրում էին Մարկովիչի անհետացման հետ կապ ունենալու համար։ 

– Դա իսկապես ահավոր շրջան էր: Ալենին անընդհատ ոստիկանական բաժանմունք էին կանչում, ամբողջ օրը փաստաբանների ու քննիչների զանգերն էինք ընդունում: Փաստաբանները փորձում էին անհրաժեշտ ալիբի ապահովելու համար գրավոր ապացույցներ գտնել: Ալենին սպառնում էին, մի օր նույնիսկ մեքենան պայթեցրին: Ընկերներիցս ոմանք ինձ զգուշացնում էին, որ նրա հետ կապը վատ է անդրադառնում իմ հեղինակության վրա. այդ շրջանում նկարահանվելու առաջարկներիս թիվը կտրուկ նվազեց: Մի օր որոշեցինք գնալ Գարնիե օպերա՝ դիտելու Նուրեևի պարը: Երբ սրահում մեզ նկատեցին, միանգամից լռություն տիրեց, և բազմաթիվ հայացքներ ուղղվեցին դեպի մեզ, մեծ մասը՝ անթաքույց արհամարհանքով լի։

– Իսկ Դուք երբեք կասկածներ չե՞ք ունեցել նրա անմեղության վերաբերյալ։

– Ի՞նչ եք ասում. սպանության օրը նա ինձ հետ Իտալիայում էր։

– Ալենի հետ երբևէ չե՞ք մտածել երեխայի մասին:

«Մեր օրերում մենք փորձում ենք անտեսանելի դարձնել տարբերությունը տղամարդկանց ու կանանց միջև։ Մինչդեռ հենց այդ տարբերությունն է հիասքանչ»։ Ալեն Դելոն
Մարի Լաֆորեի հետ, 1971թ

– Իհարկե, մտածել ենք, սակայն բժիշկները կտրականապես արգելել էին ինձ մայրանալ: Պատճառն իմ թույլ սիրտն էր: Ինձ արգելված էր նույնիսկ աստիճաններով բարձրանալ, վազել և այլն: Հղիությունը կարող էր մահվան ելք ունենալ: Եվ հիվանդության դեմ իմ այս անզորությունը վերածվել էր մի լուռ տխրության, որը միշտ հետապնդում էր մեզ: Թվում էր՝ Ալենն ինչ-որ հրաշքի էր սպասում: Սա դարձավ մեր հետագա բաժանման գլխավոր պատճառը. Ալենը միշտ ցանկացել է շատ երեխաներ ունենալ: 1979թ-ի դեկտեմբերի 30-ին ես սրտի կաթված ունեցա, ինչին հետևեց 8 ժամ տևողությամբ անխուսափելի վիրահատությունը: Ալենը ոչ մի քայլ ինձնից չէր հեռանում:

– Ներեցեք, եթե չեմ սխալվում, հենց այս շրջանում է Ալենը դավաճանում Ձեզ: 

-Այդ օրերին նա նկարահանվում էր Անն Պարիյոյի հետ և սիրահարվեց վերջինիս։ «Ես չկարողացա ինձ տիրապետել»,- հետագայում խոստովանեց Ալենը,- «Դա սեր էր առաջին հայացքից: Դիմադրելն ապարդյուն էր: Ինձ թվում էր՝ անցողիկ մի բան կլինի, բայց չանցավ»։ Կարող եմ ասել, որ մեծ ցավ ապրեցի այդ նորությունից, բայց բառերը չեն կարող արտահայտել իմ ապրումները: Ես ամիսներ շարունակ հիվանդասենյակում էի՝ տգեղ, խղճուկ, անօգնական: Ինձ արդեն ոչ թե կին էի զգում, այլ անսեռ մի երևույթ: Ինչպե՞ս կարող էի այդ վիճակում մրցել 20-ամյա գեղեցկուհու հետ: Լավ գիտակցում էի, որ արդեն 40 տարեկան եմ, և որ Ալենն ինձնից հեռանում է, փախչում է: Իհարկե, նա այցելում էր ինձ, բայց երկուսս էլ հասկանում էինք, որ այլևս չի սիրում: Այնինչ ես շարունակում էի խենթի պես սիրել նրան:

Դելոնն ու Դարկը տարիներ անց, 2012թ

Վերջիվերջո, 16 տարի միասին էինք եղել: Սա մի ամբողջ կյանք է, հեշտ չէ մեկ օրում մոռանալ ամեն ինչ: Մի օր, հավաքելով ողջ համարձակությունս, ասացի Ալենին․ «Այլևս մի՛ այցելիր ինձ: Ինքս եմ թույլ տալիս լքել ինձ: Հեռացի՛ր: Հանուն մեզ: Հանուն մեր երջանիկ տարիների»: «Ես ինքս եմ ամեն ինչում մեղավոր, Միրե՛յ»,- ասաց Ալենն ու հեռացավ: Մի քանի ամիս անց բժիշկներն ինձ թույլատրեցին ոտքի կանգնել: 45 տարեկան հասակում ես ստիպված էի նորից սովորել քայլել, ժպտալ, ապրել… Հետագայում Ալենը հանդիպեց Ռոզալի վան Բրեմենին, ով նրան երկու երեխա պարգևեց: Ալենը հաճախ էր կրկնում, որ նա իր կյանքի կինն է: Իսկ ինձ հիվանդանոցից հետո տասը տարվա միայնություն էր սպասվում…

թարգմանությունը՝ Արմինե Նազարյանի 

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.