ԱՄՆ նոր նախագահին տհաճ անակնկալներ են սպասվում

- in Վերլուծական
312
donald-trump

Դոնալդ Թրամփը եւ Հանրապետական կուսակցությունը.

ԱՄՆ դեմոկրատական կուսակցությունը իշխանության մնաց նաեւ Օբամայի նախագահական առաջին ժամկետից հետո: ԱՄՆ բնակչության համար պոպուլիզմն այնքան կարեւոր էր, որ դժվար էր ենթադրել, թե ինչպես Դեմոկրատները կարող են հեռանալ իշխանությունից:

Հանրապետական կուսակցությանն իշխանության բերելու համար անհրաժեշտ էր հեղափոխություն անել, ավելի ճիշտ՝ պահպանողական հեղափոխություն: Հանրապետական կուսակցությունից «սովորական» թեկնածուների առաջադրումը կհանգեցներ այդ գաղափարի տապալմանը: Դեմոկրատների պոպուլիզմին ի պատասխան անհրաժեշտ էր առաջ քաշել Հանրապետականի պոպուլիզմը, բայց ԱՄՆ պատմության մեջ նման համատեղում հազվադեպ էր լինում, իսկ ներկայում գործնականում դարձել է անհնար:

Ջորջ Բուշի խիստ ոչ պոպուլյար կառավարումից հետո դժվար էր պատկերացնել, թե ինչը կարող է դառնալ Հանրապետականի պոպուլիզմի հիմքը: Հանրապետականի թեկնածուները հետաքրքիր էին ու անհամեմատելի Թրամփի հետ:

Փորձագետների էլիտար խմբավորումը, որը միշտ աշխատել է Հանրապետականի հետ, եզրահանգեց, որ կուսակցության թեկնածուները քաղաքական հաղթանակի շատ քիչ շանսեր ունեն: Հասկանալի դարձավ, որ հաղթանակի համար պետք են ոչ թե հանրապետականներ, այլ ինչ որ տարօրինակ բան, որը հնարավոր կլինի ներկայացնել որպես հանրապետական:

Պետք է հիշել, որ Ջեբ Բուշը Թրամփին անվանել էր ոչ հանրապետական: Շուտով բոլոր թեկնածուները հետ քաշվեցին, իսկ Ջեբ Բուշն այլեւս նման հայտարարություն չարեց:

Բուշերի ընտանիքը միայն մի դեպքում կարող էր հետ կանչել իր թեկնածուին՝ հաշվարկները ցույց տվեցին, որ այդ իրավիճակում շանսեր չկան: Կար եւս մեկ հանգամանք. Հանրապետականներն այնքան էին ատում դեմոկրատներին, որ պատրաստ էին շատ բանի հաղթանակի հասնելու համար:

Դոնալդ Թրամփն իրականում հանրապետական չէ, պարզապես նա այնքան էր պատրաստ հարմարվել հանրապետականների ձեւաչափին, որ խնդիրներ չկային, բացի մի քանի հանգամանքներից, որոնցից գլխավորը Թրամփի միլիարդանոց կարողությունն էր եւ միլիարդատերերի նրա շրջապատը:

Թրամփը ողջ կյանքում կառուցել ու վերաձեւել է իր բիզնեսը եւ իր պատկառելի տարիքում ի վիճակի չէ մոռանալ այդ գործերի մասին եւ մի կողմ թողնել բիզնեսը, զբաղվելով քաղաքականությամբ:

Սակայն նույնիսկ տնտեսական հարցերում Թրամփի համար դժվար է կողմնորոշվելը:

Գլխավոր հարցի՝ տրանսատլանտյան տնտեսական միավորման կապակցությամբ Թրամփը տարօրինակ առաջարկներ է անում, որի դեմ հանդես են գալիս որոշ հանրապետականներ:

Տրանսատլանտիզմը, ինչպես ցանկացած այլ տնտեսական դոկտրին, չի կարող լիովին արգելվել, այլ միայն՝ մասնակի:

ԱՄՆ-ի ու Եվրոպայի տնտեսությունը բաղկացած է բազմաթիվ կլաստերներից, որոնց մի մասին տրանսատլանտիզմը ձեռնտու է, մյուս մասին՝ ոչ: Այս խնդրին հարկ է մոտենալ բլոկային սկզբունքով:

Բացի այդ, եվրոպական երկրների մի մասի համար այդ գաղափարը պարզապես մահացու է, բավական վնասակար է ԱՄՆ տնտեսության փոքր հատվածի շատ ոլորտների համար:

Սոցիալական ծրագրերը վերացնելու ձգտումը, հատկապես կրթության ու առողջապահության ոլորտներում, չի արտահայտում ամերիկյան հասարակության արդեն կուտակված սոցիալական կարգավիճակը: Այս ծրագրերի մերժումը կհանգեցնի զանգվածային բողոքների, եւ դա արդեն իրականություն է դարձել:

Թրամփը քարոզում է նավթի արդյունահանման ու նավթն ու ածուխն օգտագործելու արխայիկ ու անիմաստ թեզեր, հաշվի չառնելով, որ Ամերիկային սպասվում է մթնոլորտի լուրջ աղտոտում: Ինչպե՞ս ամերիկյան հասարակությունը կարձագանքի նման շրջադարձերին:
Հնարավոր է, միակ խնդիրը, որ առաջ է քաշում Թրամփը՝ միգրացիոն ալիքին դիմակայելն է, ալիք, որը քանդում է Ամերիկան:

Փոխնախագահ Փենսը զգալիորեն ավելի փորձառու ու քաղաքական դեմք է, քան Թրամփը, եւ երեւում է նա ստիպված է լինելու կառավարել քաղաքական իրադարձությունները: Այս վարչակազմում փոխնախագահի անձը չափազանց կարեւոր է, սակայն արդեն կան մի շարք վարչարարներ ու քաղաքական գործիչներ, ովքեր գերազանցում են նախագահին եւ պատրաստ են վարել իսկական Հանրապետական քաղաքականություն:
Նրանք բավական փորձառու, եթե ոչ ականավոր գործիչներ են:

Ավելին, գործնականում բոլոր նշանակվածները բավական բացասական են տրամադրված Ռուսաստանի հանդեպ, որն այդքան շատ է «սիրում» Թրամփը: Նույնիսկ Թելլերսոնը էլիտար շրջանակներում համարվում է քաղաքական գործիչ, ով կոչված է քաղաքականապես հարձակվել Ռուսաստանի վրա:

Թրամփին լիովին աջակցել են զինվորական շրջանակները, իսկ հատուկ ծառայությունների հետ խնդիրները վկայում են, որ Թրամփը փորձում է առեւտուր անել նրանց հետ, ունենալով զինվորականների աջակցությունը: Առայժմ խնդիրներ կան նշանակումների հետ, կան նաեւ Թրամփին անծանոթ մարդիկ, որոնց հետ նա նախկինում գործ չի ունեցել եւ չէր կարող ունենալ:

«Ռեալիստների» ու «նեոկոնսերվատորների» միավորումը ցուցադրական օրինակ է, թե որքանով են հանրապետականները պատրաստ միավորել ջանքերը քաղաքականության մեջ սեփական մեթոդներն ու մոտեցումները կիրառելու համար:

Սակայն խնդիրը կադրերի ընտրությունն ու քաղաքական կուրսը չեն: Այս ամենը պարտադրված է եւ ինքնին ոչ մի նշանակություն չունի: Ինչո՞ւ: Թրամփի թիմը ֆինանսավորվում է ոչ թե Թրամփի, այլ հանրապետականների որոշակի շրջանակների կողմից, ովքեր ամերիկյան իսթեբլիշմենթում առայժմ դիտարկվում են որպես մարգինալներ:

Դա բավական տարօրինակ հասկացություն է, սակայն «իսթեբլիշմենթի մարգինալիտետը» իրականում գոյություն ունի եւ հիմա էական դեր է խաղում ամերիկյան քաղաքականության մեջ՝ այդպիսին է ներկայիս Ամերիկան:

Հանրապետական կուսակցության միավորման հարցում ինտեգրացիոն գործընթացների գլխավոր արդյունքը զինվորականների այն ընկալումն էր, որ Դեմոկրատական կուսակցության ձախ-լիբերալ գաղափարախոսությունը ԱՄՆ-ին հասցնում է բազմաթիվ զիջումների, արտաքին քաղաքականության պացիֆիզացիային, դրա հստակ ընկալման բացակայությանը:

Սակայն դա չէ հիմնական խնդիրը: Ակնհայտ է դարձել, որ Թրամփի գաղափարներն ու արտահայտությունները չեն համընկնում նրա «թիմի» կարծիքի հետ, որն ավելի ու ավելի է ձեռք բերում դասական Հանրապետական բնույթ: Ավելին, «թիմի» կարծիքն ավելի արմատական է, եւ ինքը Թրամփը պարզապես ծաղրածու է հիշեցնում այդ թիմի շատ անդամների համեմատ:

Թրամփը մեծ ջանքեր պետք է գործադրի իր խմբավորմանը զսպելու համար, որը մտադիր է ավելի ուժեղ շրջափակել Ռուսաստանը եւ նրան հասցնել կախյալ երկրի վիճակի՝ աղքատացող բնակչությամբ: Ռուսաստանի շուկայում մեծ փողեր աշխատելու վերաբերյալ հայացքները շուտով անիմաստ կդառնան:

Ռուսաստանին կարելի է վերաբերվել որպես միայն թշնամու: Թրամփի «թիմից» շատերը շուտով կդառնան նրա ընդդիմախոսները, եւ դա կարեւոր հանգամանք կդառնա ամերիկյան քաղաքականության մեջ:

Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ, Քաղաքագետ; lragir.am