Այն կօգտագործի կա՛մ ընդդիմությունը, կա՛մ իշխանությունը

- in Ընտրություններ
156
Yntrutyun

Կասկածից վեր է, որ 2017 թվականի խորհրդարանական ընտրությունը՝ անկախ իր այս կամ այն արդյունքից, տոկոսային այս կամ այն դասավորությունից, անխուսափելիորեն վերաֆորմատավորելու է Հայաստանի քաղաքական դաշտը, փոխելու է ոչ միայն դրա կոնֆիգուրացիան կամ գույները, այլ նաև բնույթը:

Տվյալ պարագայում խոսքը լավ կամ վատ, որակական աճի մասին չէ: Այդ խնդիրը ենթակա է առանձին դիտարկման: Սակայն ընդհանուր միտման առումով վերաֆորմատավորումը Հայաստանի քաղաքական դաշտի համար վաղուց հասունացած և պահանջված, այսպես ասած՝ «էվոլյուցիոն» անհրաժեշտություն է, քանի որ առանց դրա հնարավոր չի լինի դուրս գալ ներկայիս ներքաղաքական ճահճից: Դրան բերել է այն իրավիճակը, որը հասունացել է երկու տասնամյակի ընթացքում՝ լինելով տնտեսական ճգնաժամի և ներիշխանական հարաբերությունների սրման հետևանք:

Նախաձեռնությունը եկավ իշխանությունից՝ նկատի ունենալով այն, որ կառավարման մոդելի փոփոխությունը բերեց ներքաղաքական դաշտի վերաֆորմատավորման անհրաժեշտության: Սակայն իշխանության նախաձեռնությունն, իհարկե, պայմանավորված չէր էվոլյուցիոն տրամաբանությամբ: Իշխանության մեջ Սերժ Սարգսյանը լուծում է երկու խնդիր՝ անձնական դիրքերի խնդիրը և այդ խնդրին զուգահեռ՝ նաև կայուն իշխանական համակարգի ապահովման խնդիրը: Կառավարման մոդելի փոփոխությունը թելադրված էր առավելապես այդ երկու նկատառումներով, ինչը, սակայն, անխուսափելիորեն ստեղծում է նոր իրավիճակ:

Հայաստանի քաղաքական ընդդիմությունը անցնող տարիներին անկարող գտնվեց իշխանությանը նոր իրավիճակ պարտադրել, թեև այստեղ, իհարկե, պետք է նկատի ունենալ այն, որ իշխանությունը այդպիսի ամեն մի ռիսկային փուլում անմիջապես դիմում էր ուժային հակադարձման: Մյուս կողմից՝ ընդդիմությունն, իհարկե, չկարողացավ գտնել տարբերակ, երբ իշխանությունը մի կողմից՝ կհայտնվի նոր իրողությունների առաջ, բայց զրկված կլինի ուժի դիմելու առիթներից: Այսինքն՝ չստացվեց ստեղծել վիճակ, որը չի արտահայտվում կոնկրետ բողոքող բազմության մի տեղ հավաքվելով՝ խաղաղ, թե ագրեսիվ տրամադրություններով: Այսինքն՝ չստեղծվեց իրավիճակ, որը իշխանության համար ոչ թե ֆիզիկական, այլ արժեքային-գաղափարական մարտահրավեր էր առաջին հերթին:

Սակայն իշխանությունն այդ իմաստով մնալով «ինքն իր դեմ մենակ»՝ ինքը կանգնեց նոր իրավիճակ ստեղծելու անհրաժեշտության առաջ: Այստեղ մի կողմից՝ ընդդիմության համար է արդեն առկա որոշակի մարտահրավեր, բայց նաև ակնհայտ է նոր իրավիճակում քաղաքական նոր ելքեր գտնելու առումով առաջացած հնարավորությունը: Այդ հնարավորությունը պետք չէ շփոթել իշխանափոխության հնարավորության հետ և հայտնվել պատրանքի մեջ՝ դրա մեջ նետելով նաև հանրությանը և հերթական անգամ տանելով մարդկանց հիասթափության և հուսալքության:

Կա Հայաստանում ընդդիմադիր գործունեությունը ռացիոնալության դաշտ բերելու և դրա հանրային-քաղաքական նշանակությունը աստիճանաբար վերականգնելու հնարավորություն: Այն կօգտագործի կա՛մ ընդդիմությունը, կա՛մ իշխանությունը՝ արդեն իր ընդդիմությունը ձևավորելով, այն էլ՝ երկարաժամկետ հեռանկարի համար:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20