Դեպքից անցել է ավելի քան վաթսուն տարի, բայց ոչինչ չի փոխվել

- in Հասարակություն
473
Pavel Manukyan

Այս պատմությունը ես լսել եմ իմ մեծերից, երբ դեռ 10-12 տարեկան էի:

ՄԱԽԼՈւՏՈՆ, Սմբատ Բորոյանը, ով 1947թ.-ից Կոմիտասի պանթեոնի պահապանն էր, ակամայից, անվանի մարդկանց հուղարկավորությունների լուռ ականատեսն էր դառնում: Երկրի ջոջերն անցնում էին Հայրենիքին անմնացորդ ծառայած հերոսի կողքով ու չէին նկատում նրա ներկայությունը:

Գալիս է մի օր, երբ «ազգերի հայրն» իր մահով բարի գործ է կատարում և ժողովրդին մի քիչ շունչ քաշելու հնարավորություն տալիս: Բացվում է նաև կուսակցական վերնախավի լեզուն:
Եւ ահա, մի հուղարկավորությունից հետո, Մախլուտոյին է մոտենում այդ ջոջերից մեկը ու դիմում նրան էրգրի բարբառով.

– Բարի օր, քեռի Սմբատ, իմալ իս: Չմոդենաս, չըս հարցու, ախր ես էլ իմ երգրացի:

– Էրգիր հուրդեղի՞ց ես, լաո,-զարմանում է ծերունի զորավարը:
Լսելով գյուղի անունը, Մախլուտոն հարցնում է.

– Վի՞ր դղեն իս, տա լաո:

– Իսոյի, քեռ Սմբատ:

– Հըդ գեղին մեջ երգու մարդ գը էդ անվով, մեգը գեղի դագը կաբրիր, մեգն էլ …

– Հա, հա, քեռի, ջիշտ իս. Մըր դուն գեղի դագն էր,- ընդհատում է Սմբատին չինովնիկը:

– Հա, գհիշամ լաո, հբը իմալ չէ, գհիշամ,-ուրախանում է ծերունին, որ հիշողությունն իրեն դեռ չի դավաճանել, քանզի ժամանակին գիտեր ոչ միայն Տարոնի ու Մշո գյուղերը, այլև ճանաչում էր գրեթե բոլոր գյուղացիներին: Կուսակցական աշխատողի բերկրանքն էլ էր շատ, որ այդ Մեծ մարդը գիտեր իր ցեղակիցներին:

– Հա՜ լաո, գըհիշամ, հբը իմալ չեմ հիշե,-կրկնում էր Մախլուտոն,- բայց ձըր դնից, ձըր դնից գեշ աթարահոտ գիկեր: Շատ գեշ…

Դեպքից անցել է ավելի քան վաթսուն տարի, բայց ոչինչ չի փոխվել. ոչինչ չենք փոխել մեր երեխաներին այդ աթարահոտից ձերբազատելու համար:

Պավլիկ Մանուկյան

Սասնա ծուռ; Դատապարտյալների հիվանդանոց