Եթե Կարեն Կարապետյանը չընդգրկվի ցուցակում, միևնույն է նա կմնա ՀՀԿ-ի վարչապետի թեկնածուն

- in Կարծիք
132
Armen Ashotyan

Եթե վարչապետ Կարեն Կարապետյանը չընդգրկվի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) համամասնական ցուցակում, ապա միևնույն է, նա կշարունակի մնալ իշխող ուժի վարչապետի թեկնածուն: Այս մասին «Ազատության»հետ զրույցում պարզաբանել է Հանրապետականի փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Նշենք, որ փետրվարի 6-ից սկսած քաղաքական ուժերն ու դաշինքները Կենտրոնական ընտրական հանձնաժողով պետք է ներկայացնեն պատգամավորության թեկնածուների ցուցակներն ու անհրաժեշտ փաստաթղթերը:

Խնդիրն այն է, որ 2015-ին փոփոխված Սահմանադրության 48-րդ հոդվածի համաձայն պատգամավոր կարող է ընտրվել 25 տարին լրացած, վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք: Մինչդեռ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ կառավարության կայքում տեղադրված կենսագրության մեջ նշվում է, որ նա 2011-ից 2016-ը «Գազպրոմ»-ում բարձր պաշտոններ է զբաղեցրել, հետևաբար կարելի է ենթադրել, որ վերջին չորս տարիներին նա Հայաստանում չի բնակվել:

«Ազատության» հետ զրույցում իշխող Հանրապետականի փոխնախագահ Արմեն Աշոտյանն ընդգծեց, որ հաշվի առնելով Կարեն Կարապետյանի բարձր վարկանիշը, իհարկե նրա համամասնական ցուցակում ընդգրկվելը լուրջ առավելություն կտա Հանրապետականին, սակայն, իշխող ուժը, Աշոտյանի խոսքով, ցանկանում է անցկացնել բարձր որակի ընտրություններ և խախտումների չի գնալու:

Աշոտյան. – Պետք է փաստել, որ մենք չենք գնալու և ոչ մի խախտումների՝ անկախ մեր քաղաքական հնարավոր դիվիդենտներից։ Խնդիրն իրավական հարթության մեջ կլուծեն մասնագետները, համապատասխան ծառայությունները, որոնք պետք է տան կամ չտան նմանատիպ տեղեկանք, և այս որոշումը՝ ընդգրկվելու-չընդգրկվելու, պետք է բացառապես իրավական հենքով լինի և ոչ թե քաղաքական որոշում լինի։ Բայց քաղաքական որոշումը պարզ է, որ մենք ուզում ենք անցկացնել բարձր որակի ընտրություններ, հետևաբար չենք գնալու խախտումների, ուստի վարչապետի տեղեկանքի հարցը իրավական է և ոչ թե քաղաքական։ Անկախ նրանից՝ վարչապետը կլինի ՀՀԿ համամասնական ցուցակում, թե՝ ոչ, բոլոր դեպքերում ինքն իր մասնակցության ձևը, բովանդակությունը, ինտենսիվությունը կորոշի, և վստահ եմ, որ անկախ նրանից՝ կլինի ցուցակում, թե՝ չէ, օգուտ կտա Հանրապետական կուսակցության աշխատանքներին նաև նախընտրական էտապում։ Ձևը և բովանդակությունը կքննարկվի մեր շտաբում՝ վարչապետի հետ միասին, և դա հավելյալ որոշելու խնդիր է։