Եկեղեցին անելիք ունի, և այդ անելիքը պետք է համապատասխանեցնի հասարակության առնելիքին

- in Կարծիք
194
ekexeci

Ամենայն Հայոց հայրապետ Գարեգին Բ-ի այս տարվա ամանորյա և Սուրբ ծննդյանուղերձները խիստ քաղաքականացված և չափազանց լրացնող էին Սերժ Սարգսյանի Նոր տարվա «շնորհավորանքին»։

Ամենայն Հայոց կաթողիկոսի ամանորյա ուղերձից պարզ է դառնում, որ եկեղեցին մտահոգ է եղել անցյալ տարվա հուլիսյան իրադարձություններից։ Ուշագրավ է, որ դրա մասին հայ հանրությունը, եկեղեցու հավատացյալները հիմա՝ դեպքերից մոտ վեց ամիս անց, Ամանորի առթիվ են իմանում։ Հարց է առաջանում՝ իսկ ինչո՞ւ Ամենայն Հայոց կաթողիկոսը այս ամբողջ ընթացքում որևէ մտահոգություն չհայտնեց Հայաստանում տիրող քաղաքական բարդ իրավիճակի կապակցությամբ: Մի՞թե սեփական հայրենիքը, սեփական հայրենակիցները թանկ չպետք է լինեն հոգևոր առաջնորդի համար: Եվ մենք, ըստ էության, չենք էլ կասկածում, որ ավելի թանկ են, պարզապես ցավալի է, որ այստեղ Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդը առաջնորդվում է քաղաքական կոնյունկտուրայով և զոհ դառնում, այսպես ասած, Հայաստանում ձևավորված բարքերին՝ կամա թե ակամա ծառայելով իշխանությանն ու կատարելով չխառնվելու՝ իշխանության ուղղակի կամ անուղղակի հրամայականը:

Եկեղեցու անվան տակ իշխանությունը փորձում է հաճախ զսպել իր համար անցանկալի և սուր քննադատությունները, իր գործերը իրականացնել եկեղեցու սուրբ մասնակցության քողի տակ, եկեղեցական օրհնության հնչյունների ներքո:

Հայ Առաքելական եկեղեցու մտահոգության և հոգատարության կարիքն ունի Հայաստանի քաղաքացին: Հայ Առաքելական եկեղեցու բարոյական աջակցության կարիքն ունի Հայաստանի քաղաքացին, որը հայտնվել է անիրավության համակարգային ցանցում և ենթարկվում է նյութական ու բարոյական համատարած շահագործման, իսկ երբ դուրս է գալիս այդ անիրավության դեմ պայքարի, բախվում է արդեն ֆիզիկական բռնության: Մեր եկեղեցու, իր եկեղեցու մտահոգության և հոգատարության սպասման մեջ է Հայաստանի քաղաքացին, և այդ պարագայում առավել քան զարմանալի է, որ բարդ քաղաքական իրավիճակով մտահոգ Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդը անուշադրության է մատնում այն, ինչ տեղի է ունենում Հայաստանի քաղաքական և քաղաքացիական կյանքում, ինչին ենթարկվում է Հայաստանի քաղաքացին, Հայ Առաքելական եկեղեցու հետևորդը, հոտի անդամը կամ պարզապես՝ հայ մարդը:

Եկեղեցին անելիք ունի, և այդ անելիքը պետք է համապատասխանեցնի հասարակության առնելիքին: Իսկ այժմ կարծես լրիվ հակառակն է, և Հայ Առաքելական եկեղեցին՝ որպես ոչ թե երևույթ, արժեք, այլ որպես ներկայումս գործող ինստիտուտ, հասարակության անելիքն է ուզում համապատասխան տեսնել իր առնելիքին: Հայաստանը ներկայումս հիրավի պատմական, շրջադարձային պահ է ապրում, և այդ շրջադարձի վրա իսկապես կարևոր ժամանակահատված է նաև եկեղեցու համար, այլապես պետությունն ու հասարակությունն անխուսափելիորեն առաջ են գնալու, և ցավալի ու ափսոսալի կլինի, որ եկեղեցին անդառնալիորեն ետ մնա և կտրվի: Ի վերջո՝ այն բավական հարուստ ազգային ժառանգություն է, արժեք, որն արդիական և ադեկվատ հունի մեջ լինելով՝ կարող է իսկապես զգալի ծառայություն մատուցել հանրությանն ու պետությանը:

Իսկ ի՞նչ են այս ամենի մասին մտածում Հայ Առաքելական եկեղեցու այն սպասավորները, որոնք անկեղծ ու ազնիվ նվիրումով ծառայության են մտել եկեղեցում՝ հավատալով, որ այն ասկետության, բարեպաշտության ու համեստության մի տաճար է: Ինչպե՞ս են նրանք վերաբերվում իրենց եկեղեցապետերի շքեղություններին, երբ, օրինակ, դրանք համեմատում են այն գործնական անելիքների անհրաժեշտության հետ, որ ունի Հայ Առաքելական եկեղեցին՝ որպես ազգի հոգևոր կյանքի կարևորագույն պատասխանատվություն կրող ինստիտուտ:

Այսօր համաշխարհային բարոյականության ուղղակի հեղափոխություն է անում Հռոմի պապ Ֆրանցիսկոս Առաջինը: Այդ բարոյական հեղափոխության ֆոնին Հայ Առաքելական եկեղեցու լռությունն ու ըստ էության ջայլամային քաղաքականությունը, երբ լռության են մատնվում աղաղակող երևույթները, առավել ցցուն և աչք ծակող են դառնում: Իսկ այն, որ Հայաստանի հասարակությունն էլ ունի բարոյական հեղափոխության կարիք, և այդ հարցում եկեղեցին պետք է լիներ առաջամարտիկներից մեկը, երևի թե կասկածի ենթակա չէ: Սակայն այսօր նաև ակնհայտ է, որ եկեղեցին ինքն ունի բարոյական սկզբունքների և չափանիշների հեղափոխական վերանայման անհրաժեշտություն:

Խոսքը գրվածի մասին չէ, խոսքը իրական կյանքի մասին է, այն կյանքի, որով ապրում են շատ կարկառուն բարձրաստիճան հոգևորականներ՝ իրենց այդ վարքով ու կյանքով ստվեր նետելով ամբողջ եկեղեցու, ազնիվ հոգևորականների, նվիրված հոգևոր հայրերի վրա: Թեև հասարակությունն, իհարկե, շատ լավ տարբերում է նվիրյալներին պատեհապաշտներից և նյութապաշտներից, պարզապես այդ ամենից անկախ՝ նա կորցնում է իր կյանքի բարելավման, արտաքին և ներքին մարտահրավերների դիմակայման հարցում մի կարևոր գործընկերոջ, որպիսին կարող էր և պետք է լիներ Հայ Առաքելական եկեղեցին, որովհետև մի բան է՝ ազնիվ հոգևորականների թեկուզ ամբողջ բանակը, մեկ այլ բան՝ երբ եկեղեցու ընդհանուր վարքում և քաղաքականության մեջ տոն են տալիս նրանք, ում համար համաշխարհային բարոյականության տենդենցներից ավելի կարևոր են համաշխարհային ավտոպրոմի, օրինակ՝ Բենթլիի նոր նվաճումները:

Հայ Առաքելական եկեղեցու ղեկավար դասը պետք է լրջորեն շահագրգռված լինի եկեղեցու հեղինակության բարձրացմամբ: Հայաստանի հոգևոր-եկեղեցական կյանքի անկումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ համաշխարհային փոփոխություններն էապես սկսել են առնչվել նաև կրոնական համայնքներին ու կառույցներին: