«Էլիտայի» ճգնաժամը Հայաստանում շարունակվում է առայսօր

- in Հրապարակ
215
eshelon ishxanutyun

Ինչպես Նոր տարվա օրերին սեղաններին խմվող բոլոր կենացները վերաբերում են գալիք տարվան, այդպես էլ 2016 թվականի վերաբերյալ մեր բոլոր ամփոփումներն ու գնահատականները ինքնաբերաբար հանգում են ապրիլյան պատերազմին, թեև տարին, իհարկե, դժբախտաբար առատ էր արտառոց և ողբերգական իրադարձություններով, որոնցից էին նաև հուլիսյան հայտնի դեպքերը:

Այնուհանդերձ, ապրիլյան պատերազմը, դժբախտաբար, իր առանձնահատուկ տեղն ունեցավ անցնող տարվա մեր հայացքներում: Ապրիլը ըստ էության անկախության սերնդի պատերազմն էր և միաժամանակ՝ անկախության սերնդի և անկախության «հայրերի» բախումը: Ապրիլը ցույց տվեց, թե անկախության «հայրերը» ինչ էին արել կամ ինչ չէին արել անկախության սերնդի համար, անկախության սերնդին պատերազմից ապահովագրելու կամ այդ պատերազմին լիարժեք պատրաստ պահելու համար:

Ապրիլի պատերազմը վեր հանեց հայաստանյան հասարակական-քաղաքական «էլիտայի» ճգնաժամը, անկախության ողջ ընթացքում առանց «էլիտայի» մնացած պետության ճգնաժամը, առաջնորդներից զրկված անկախության սերնդի ճգնաժամը: Այդ սերունդն, իհարկե, առանց առաջնորդների ընդամենը մեկ-երկու օր մոլորվելուց հետո ուշքի եկավ և տվեց իր բաժին ճակատամարտն ու ըստ էության շահեց այն՝ նաև ծանր կորուստների գնով, սակայն խնդիրը, իհարկե, շատ ավելի լայն է, քան ապրիլյան չորս օրերը և դրամատիկ իրադարձությունները:

«Էլիտայի» ճգնաժամը ամբողջ հասակով ու խորությամբ կանգնել է հայկական պետականության առաջ, և առայժմ այդ ճգնաժամը ոչ միայն հաղթահարված չէ, այլև ըստ էության մոտ չէ անգամ այդ հեռանկարին: Ապրիլի պատերազմից հետո բնականոն զարգացման, ադեկվատ կեցվածքի դեպքում Հայաստանում պետք է տեղի ունենար «էլիտայի» փոփոխություն: Ոչ թե կառավարության, այլ «էլիտայի», այսինքն՝ ոչ թե «էլիտայի» մեջ հաջորդականությունների փոփոխություն, այլ փոփոխություն ամբողջապես: Դա նշանակում է սկզբունքորեն նոր ուղենիշներ, արժեքներ, քաղաքական գնահատական անցած ճանապարհին, նոր ճանապարհի նախանշում և նախագծում:

Այս ամենը պետք է լիներ հայկական պետականության հետապրիլյան ընթացքի առանցքը: Դրա բացակայությունն ընդամենը մի քանի ամիս անց հանգեցրեց հուլիսյան ճգնաժամին, որովհետև «էլիտան» ապրիլից հետո անմիջապես ձեռնամուխ էր եղել հասարակության, անկախության սերնդի շահած ճակատամարտը յուրացնելու գործին: Դրա հետևանքով տեղի ունեցավ հուլիսը:

Հուլիսից հետո կրկին «էլիտան» ձեռնամուխ եղավ հասարակության զսպվածության և սթափության շնորհիվ պահպանված կայունությունը յուրացնելու և հենց նույն հանրության նկատմամբ հաղթանակի վերածելու գործին, իհարկե՝ այս անգամ, այսպես ասած, առավել մեղմ տեխնոլոգիական լուծումներով՝ իշխանության, կառավարության մի շարք դեմքերի փոփոխությամբ: Սակայն խորքային փոփոխությունները առնվազն անցնող հարյուր օրերի ընթացքում շարունակեցին խորթ մնալ հայաստանյան «էլիտային», քանի որ շարունակեցին հարազատ մնալ առանցքային խնդիրներն ու նպատակները, որոնք հանգում են մի բանի՝ պահպանել դիրքերը և ուժերի հարաբերակցությունը հասարակության նկատմամբ, ապահովել իշխանության վերարտադրությունը: Եթե չեն փոխվում նպատակներն ու առաջնահերթությունները, չի կարող փոխվել գործողությունների ներքին տրամաբանությունն ու որակը, որովհետև չեն փոխվում այդ գործողությունների մոտիվացիոն հիմքերը, մտածողության ելակետերը:

Բանն այն է, որ ապրիլի պատերազմից հետո հայաստանյան «էլիտայի» համար պետության դիրքերը, անվտանգությունն ամրացնելն անգամ եղել է ընդամենը սեփական դիրքերի պահպանման գերակա նպատակին ծառայող միջոցներից մեկը, պարզապես այդ «էլիտան» պարզել է, որ այդ միջոցը որոշակիորեն բարձիթողի է մատնված և կարիք ունի փոքր-ինչ կարգի բերվելու: Սակայն այն շարունակել է մնալ գերակա այլ նպատակին ստորադասված, եթե անգամ նախորդ մակարդակից ավելի բարձր ուշադրության արժանացած:

Ահա այս տեսանկյունից բացահայտված «էլիտայի» ճգնաժամը Հայաստանում շարունակվում է առայսօր: Մեծ է հավանականությունը, որ այն կխորանա ապրիլյան վերարտադրությունից հետո: Խիստ խորհրդանշական է այն, որ խորհրդարանական ընտրությունը, ասել կուզի՝ «էլիտայի» վերարտադրությունը տեղի է ունենալու ապրիլի պատերազմից ուղիղ մեկ տարի անց՝ լինելով ըստ էության միակ խնդիրը, որով այդ «էլիտան» հիմնարար կերպով զբաղված և լուծած կլինի ապրիլի պատերազմից հետո մեկ տարվա ընթացքում: