ՀՀ մշակույթի նախարարի հանձնարարականով ստեղծված հանձնաժողովը զբաղվում է երաժշտագիտական գրադարանի թվայնացման, տեղափոխման, վերակենդանացման հարցերով՝ մաքրելով ու թվայնացնելով երաժշտական գրադարանի արխիվը:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, երաժշտագիտական գրադա րանում պահպանվում է շուրջ 260 հազար միավոր գրականություն և 16.300 ձայնասկավառակ, որոնց մեծ մասը տեխնիկապես քայքայված է:

«Պետք է կարգավորել, փոխել մեր մշակութային մթնոլորտը»,-նշել է հանձնաժողովի անդամ, երգիչ Արթուր Իսպիրյանը: Երգիչը համոզված է, որ փոփոխությունների հարցում դրական մեծ դեր կարող է ունենալ մշակույթի նախարարությունը:

«Արմեն Ամիրյանին ճանաչում եմ վաղուց և մեծ հարգանք ունեմ նրա նկատմամբ, որովհետև նա գիտի և՛ անցյալը, և՛ ներկան, գիտի և՛ ճիշտը, և՛ սխալը:: Նոր նախարարից շատերը հրաշքներ են ակնկալում նույն օրը, բայց այդպես չի լինում: Ես տեղյակ եմ, թե նա ինչպիսի աշխատանք է տանում, ճիշտ ուղու վրա է մշակույթի նախարարությունը, և բոլորս ականատես կլինենք դրական փոփոխությունների»,-ասել է Արթուր Իսպիրյանը:

Երգիչը ոչ միայն սպասում է դրական փոփոխություններին, այլև սիրով իր մասնակցությունն է բերում՝ փոփոխություններն իրականություն դարձնելու գործին: Հասարակական հիմունքներով նա աշխատում է այն հանձնաժողովում, որը նախարարի հանձնարարականով զբաղվում է Երաժշտագիտական գրադարանի թվայնացման, տեղափոխման, գուցե ավելի ճիշտ կլինի ասել՝ վերակենդանացման հարցերով: Արթուր Իսպիրյանն օրեր շարունակ, ձեռնոցներ հագած, փորձում է աղբից զատել ու փրկել հայ երաժշտագիտության գանձերը:

«Այժմ իմ ամենասիրած «նախագծով» եմ զբաղված: Մենք մաքրում ու թվայնացնում ենք երաժշտական գրադարանի արխիվը: Հին մեթոդներով ձայնագրված, հանրությանն անհասանելի երաժշտական մեր գանձերն այսօր փորձում ենք ժամանակակից տեսքի բերել, նոր սերնդի համար մատչելի դարձնել: Առաջին հերթին փորձում ենք փրկել հայկական արժեքները, որովհետև մեր երիտասարդները դրանց կարիքը շատ ունեն: Նրանք պետք է հեշտությամբ՝ նոր տեխնոլոգիաների միջոցով, կարողանան օգտվել այդ ամենից, և ոչ միայն Երևանում, այլև մարզերում»:

Արթուր Իսպիրյանի համոզմամբ՝ այն, ինչով դաստիարակվում է այսօրվա սերունդը, անընդունելի է. «Մինչև անցյալը չիմանան ու չգնահատեն, նրանք չեն կարող ստեղծել լավ նորը: Երաժշտագիտական գրադարանը կարելի է համարել այն այբուբենը, որից էլ պետք է սկսել: Երաժշտական բացառիկ գրականություն, նոտաներ, ձեռագրեր, այս ամենից պետք է օգտվեն երիտասարդները, որոնց համար էլ արվում է ողջ աշխատանքը»:

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.