Թրամփի վերաբերյալ դոսյեն կազմել են բրիտանացի նախկին հետախույզները. Ռուսաստանի հետ հարաբերություններում տեղի չի ունենա «վերաբեռնում»

- in Միջազգային
169
Donald Tramp

Մոսկվայի կողմից ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վերաբերյալ վարկաբեկող նյութերի հավաքման հեղինակ է հանդիսանում Orbis Business Intelligence Ltd ընկերությունը։

Այն գտնվում է Լոնդոնում, կազմված է բրիտանական հատուկծառայությունների նախկին աշխատակիցներից և կատարում է մասնավոր ընկերությունների պատվերները։ Այս մասին հայտնում է Wall Street Journal-ը։

Orbis Business Intelligence-ը գլխավորում են նախկին գործակալներ Քրիստոֆեր Ստիլն ու Քրիստոֆեր Բորոուզը։ Դոսյեն պատրաստվել է զեկույցների հիման վրա, որոնք կազմվել են 2006 թվականի հունիս-դեկտեմբեր շրջանում։

C-SPAN-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Նյու Յորքում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի հարաբերություններում տեղի չի ունենա «վերաբեռնում»։
Թրամփն ընդգծել է, որ գոյություն չունի վերաբեռնման որևէ կոճակ։ Նրա խոսքերով՝ ամերիկյան նոր վարչակարգը կա՛մ կլուծի ռուսական կողմի հետ առկա խնդիրները, կա՛մ էլ չի լուծի։

Թրամփը կարծիք է հայտնել, որ Ռուսաստանն իր նախագահության ժամանակ ավելի շատ կհարգի ԱՄՆ-ը. «Իմ ժամանակ Ռուսաստանը շատ ավելի կհարգի մեզ։ Մյուս երկրները՝ ներառյալ Չինաստանն ու Մեքսիկան, նույնպես ավելի շատ կհարգեն մեզ»։
Թրամփը նաև ընդգծել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր կառավարման ժամանակ այլևս կիբեր հարձակումներ չի գործի ԱՄՆ սերվերների դեմ։

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը մինչև իր երդմնակալությունն իր բոլոր ակտիվները հանձնելու է հավատարմագրային կառավարման։
Այդ մասին հայտարարել է Թրամփի ներկայացուցիչ, իրավաբան Շերի Դիլոնը. «Trump Organization-ի բոլոր ներդրումները և բիզնես-ակտիվներն արդեն հանձնվել կամ հանձվելու են հավատարմագրային կառավարման, ինչն արվելու է մինչև հունվարի 20-ը»։

Բացի այդ, Թրամփը հրաժարվելու է իր ընկերությունում զբաղեցրած բոլոր պաշտոններից։ Դիլոնը նաև հայտարարել է, որ Թրամփն իր նախագահության ժամանակ չի կնքի որևէ պայմանագիր արտերկրում, իսկ երկրի ներսում նրա բոլոր գործարքները իրականացվելու են շահերի կոնֆլիկտի մասով խիստ վերահսկողության ներքո։

Դիլոնը խոստացել է, որ ապագա նախագահը չի շփվի իր ընկերության հետ։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ իր բիզնեսը կանցնի իր որդիների՝ Դոնալդ-կրտսերի ու Էրիկի ղեկավարության ներքո, որոնք ակտիվները կղեկավարեն առանց իր մասնակցության։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20