Ինչն է եղել Նորատուսում փոխմարզպետի որդու սպանության պատճառը. նոր մանրամասներ. ArmLur.am

- in Մամուլ
896
Atrchanak

Հունվարի 7-ին՝ ժամը 12-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառ քաղաքում կրակոցներ են արձակվել «ԱՈՒԴԻ-Q7» մակնիշի 47 MM 777 պ/հ ավտոմեքենայի ղեկին գտնվող, Նորատուս համայնքի բնակիչ 29-ամյա Հայկ Հակոբյանի գլխի և պարանոցի ուղղությամբ: Ստացած վնասվածքներից Հ. Հակոբյանը մահացել է:

Սպանվածը Գեղարքունիքի մարզպետի առաջին տեղակալ, Նորատուսի նախկին համայնքապետ Անդրանիկ Հակոբյանի որդին է: ՀՀ քննչական կոմիտեի տարածած պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ հարուցվել է քրեական գործ` սպանության և ապօրինի կերպով զենք կրել, պահելու հատկանիշներով:

Սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է նորատուսցի 20-ամյա բնակիչ Մեխակ Հարությունյանը, ով ներկայացրել է հանցագործության գործիք հանդիսացող հրազենը: Նախաքննությունը շարունակվում է:

ArmLur.amին դեպքի մասին որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Այսպես, Նորատուսում շրջանառվող լուրերի և վարկածների համաձայն՝ կատարվածը որակվում է որպես վենդետա: Ասել է, թե երիտասարդները չպարզաբանված խնդիրներ են ունեցել: Ըստ այդմ՝ գյուղում խոսում են այն մասին, որ սպանվածը ինչ-որ տարաձայնություններ է ունեցել կասկածյալի հոր՝ Արտակ Հարությունյանի հետ, նրանց միջև օրեր առաջ թեժ վիճաբանություն է եղել, սակայն հարցերը վերջնականապես չեն պարզաբանվել: Հոր և Հայկ Հակոբյանի միջև տեղի ունեցածի մասին տեղեկացել է տաքարյուն երիտասարդը և որոշել «սաստել» հոր ախոյանին: Եվ դեպքերը ողբերգական ընթացք են ունեցել:

Մեխակ Հարությունյանը ըստ նախնական տեղեկությունների՝ երկու կրակոց է արձակել Հակոբյանի ուղղությամբ, ինչի հետևանքով 29-ամյա երիտասարդը մահացել է: Ի դեպ, նորատուսցիները հիշում են, որ ժամանակին կատարվածի կիզակետում հայտնված երկու ընտանիքները շատ մտերիմ են եղել: Թե ինչ սև կատու է անցել, հայտնի չէ:

45cc796cfb5c1217b9c9dc5b1b43b1a3-1