Ինչ է սպասվում աշխարհին 2017 թվականին. Financial Times-ի կանխատեսումները

- in Տնտեսական
419
Dolar

Financial Times թերթի խմբագրությունը, ամփոփելով 2016 թվականը, գրում է, որ ավելի շատ ճիշտ է եղել, քան սխալ անցած տարվա կանխատեսումների կապակցությամբ:

16 կանխատեսումներից իրականացել է 9-ը կամ 10-ը՝ կախված նրանից, թե արդյոք Pokémon Go խաղը պե՞տք է համարել նշան առ այն, որ 2016թ. վիրտուալ իրականության մեկնարկ էր՝ գրում են լրագրողները: «Սակայն մենք սխալվեցինք մի շարք կարևոր հարցերում: Մեծ Բրիտանիան կողմ չքվեարկեց ԵՄ կազմում մնալուն, Հիլարի Քլինթոնը չհաղթեց ԱՄՆ նախագահական ընտրություններում»,- փաստում է թերթը և ընթերցողներին է առաջարկում կանխատեսումներ 2017 թվականի վերաբերյալ: Թերթի կանխատեսումները հիմնված են ընթերցողների հարցերի վրա:

Արդյոք Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Պուտինը գործարք կկնքե՞ն Սիրիայի հարցով:

Պատասխան. «Այո, սակայն պայմանավորվածությունը փաստաթղթային չի լինի, որում գրի կառնվեն պայմանները: Քանի որ Սիրիայի կառավարությունը հետ է գրավել Հալեպը, Թրամփը ազդեցության որևէ գործիք այլևս չունի Մոսկվայի վրա: Թրամփի նպատակն է հարձակվել ԴԱԻՇ-ի վրա, և նա կանի դա: Նախագահության առաջին օրերին նա գործարք կկնքի Պուտինի հետ՝ ահաբեկչական խմբավորման վրա համատեղ հարձակում գործելու վերաբերյալ: Թրամփը կշարունակի գրառումներ կատարել Twitter-ում, իսկ Սիրիան կշարունակի հրկիզվել»:

Թրամփը պատ կկառուցի՞ Մեքսիկայի հետ սահմանին:

Պատասխան. «Այո, բայց փոքր: Նախագահ Թրամփը այնքան է աղմկել, թե կփակի սահմանը, որ պետք է ինչ-որ բան անի: Այնպես որ՝ սպասեք խորհրդանշական հավելումների Մեքսիկայի հետ սահմանի վրա»:

ԴԱԻՇ-ը կոչնչացվի՞ որպես կարևոր միջազգային ուժ:

Պատասխան. «Ոչ: Ինքնահռչակ խալիֆայությունը կփլուզվի 2017թ.: Սակայն երբ գրոհայիններին դուրս բերեն Մոսուլի և Ռաքքայի քաղաքային հենակետերից, խմբավորումը կսկսի տեղի ընդվզումները համադրել միջազգային ահաբեկչական գործողությունների հետ: Ինչպես «Ալ-Քաիդան», որին հաջողվեց վերախմբավորվել սիրիական անապատում այն բանից հետո, երբ Իրաքում գրեթե ոչնչացվել էր 2007-2009թթ.: Հինգ տարի անց խմբավորումը վերադարձավ մեր կյանք որպես ԴԱԻՇ: ԴԱԻՇ-ը կարող է հույս ունենալ, որ արտաքին ուժերը հանդես կգան որպես օգնականներ. Դամասկոսի, Բաղդադի, Բեյրութի շիայամետ ռեժիմները կհոգան այն մասին, որ սունիների օտարումը շարունակվի: Մենք դեռևս կլսենք ԴԱԻՇ-ի մասին 2018 թվականին»:

Նավթի գինը կգերազանցի՞ 50 դոլարը:

Պատասխան. «Այո: 2016 թվականին ՕՊԵԿ-ի արտադրության ռեկորդային մակարդակները և մատակարարումները ճնշում են գործադրել նավթի գների վրա: Նավթի արդյունահանման մակարդակի կրճատումը, որի շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել խոշորագույն արտադրողները, հանգեցրեց նրան, որ տարեվերջին նավթի գներն աճեցին: 2017թ. գները կախված են նրանից, թե արդյոք գործարքը կնքած երկրները կկատարե՞ն դրա պայմանները: Այս տարի սպասեք նավթի գների բարձրացման»: