Իշխանությունը ոչ թե կենաց ասելու, այլ կոնկրետ տնտեսական քաղաքականություն իրականացնելու համար է

- in Կեղտոտ լվացք
257
Serzh Sargsyan

Հայաստանում տոնական տրամադրությունն աստիճանաբար նահանջում է: Ընդ որում, այս տարի այն նկատելիորեն նահանջում է ավելի շուտ և համեմատաբար ավելի արագ, ինչը երևի թե պայմանավորված է սոցիալ-տնտեսական ծանր վիճակով, ինչն էլ իր հերթին ստիպել է քաղաքացիներին ավելի շատ մտածել գալիք տարվա տնտեսական մարտահրավերների, քան տոնական կենացների մասին:

Այնուհանդերձ, տոնական սեղանների շուրջ անկասկած խմվել են բազում կենացներ, այդ թվում և տնտեսական հաջողությունների կենացը:

Վերջին հաշվով՝ Հայաստանի հասարակությանն այդ մասով այլ բան չի մնացել, քանի որ տնտեսական հեռանկար խոստացող որևէ այլ խոսք Հայաստանի քաղաքացիները չեն լսել և չեն լսում ո՛չ կառավարությունից, որը պատասխանատու է տնտեսական քաղաքականության համար, ո՛չ ԱԺ մեծամասնությունից և նախագահից, որոնք պատասխանատու են կառավարության կազմի համար: Վերջին հաշվով՝ Սերժ Սարգսյանի և իշխանական ողջ համակարգի, կառավարության ղեկավար Կարեն Կարապետյանի, իշխանական ամբողջ շքախմբի ելույթները ոչնչով չեն տարբերվում կենացներից: Եվ եթե այդպես է, ապա հասարակությունը նրանից ավելի լավ և ավելի սրտաբուխ կենացներ կարող է ասել ինքն իրեն:

Կառավարությունը, իշխանությունը ոչ թե կենաց ասելու, այլ կոնկրետ տնտեսական քաղաքականություն իրականացնելու համար է, ինչը, սակայն, առայժմ այն շոշափելի չէ, գոյություն չունի: Եվ այս իմաստով, իհարկե, 2017 թվականին բնորոշ զգացումն անկասկած լինելու է տագնապը, որովհետև ոչ ոք չգիտի ինչ անել, իսկ ովքեր էլ գիտեն, նրանց արածը որևէ կապ չունի այն մարդկանց հետ, այսինքն՝ Հայաստանի շարքային քաղաքացիների, ովքեր ամենից շատ ունեն ինչ որ բան անելու կարիք, որոնց համար ինչ-որ բան անելն ամենից սուր անհրաժեշտությունն է:

Այսպես. Հայաստանը տոներից աշխատանքային առօրյա է թևակոխում հակասական զգացումներով, մեծ հաշվով՝ մեծ ճանապարհի վրա կանգնած ու մոլորված մեկի տպավորություն թողնելով, որի առաջ իսկապես բազում ճանապարհներ են ու անորոշություն, որը, սակայն, չունի ամենակարևորը՝ պատասխանն այն հարցի, թե՝ իսկ ինքն ինչ է ուզում ընդհանրապես կյանքից ու ճանապարհներից:

2017 թվականի համար կառավարությունը սահմանել է 3.2 տոկոս աճի ցուցանիշ: Եթե անգամ հաջողվի ապահովել այդ ցուցանիշը, ապա ըստ էության կստացվի, որ այն ավելի քիչ է լինելու, քան այն, ինչ համենայնդեպս, պաշտոնական տվյալներով, արձանագրվել է անցյալ  տարում: Այսինքն՝ կառավարությունը հետընթաց է պլանավորել:

Իհարկե, շատ հավանական է, որ պլանավորվածը ուղղակի մանր խորամանկություն է, երբ սահմանվում են ցածր ցուցանիշներ, որպեսզի հետո հայտարարվի, թե գերազանցել են սահմանված ցուցանիշները: Սակայն սա չէ, իհարկե, խնդիրը, այլ այն, որ Հայաստանում ամեն ինչ կենտրոնացել է ցուցանիշների վրա, մինչդեռ ցուցանիշները պետք է լինեն ընդամենը արտացոլումը այն մտքերի, երազանքների, գաղափարների, որոնք պետք է ծնվեն հասարակության և իշխանության միջանցքներում, որոնք պետք է հանդիսանան տարվա տնտեսական քաղաքականության էներգիայի աղբյուրը: Եվ ամենակարևոր, ամենաառանցքային խնդիրը ըստ էության ոչ թե ցուցանիշների նվազ սահմանումն է, ցածր հեռանկարները, նշաձողերը, այլ գաղափարական վակուումը, որում հայտնվել է Հայաստանի հասարակությունը, գաղափարական, արժեքային խթանների բացակայությունը, հայկական երազանքի կամ գաղափարի բացակայությունը, այն ուժն ու հավատը, որն ուներ Մյունհաուզենը, երբ ճահճում քաշում էր իր մազերից և իրեն ձիու հետ միասին դուրս բերում ճահճից: Մյունհաուզենը գերմանացի հերոս էր, ու այսօր մենք տեսնում ենք այդ հերոսներով ապրած Գերմանիայի կյանքը:

Մեզ պակասում են այն հերոսները, որոնք կյանք կտան Հայաստանին, էներգիա կտան, կտան գաղափարների հեղեղ, ընդ որում՝ այնպիսի, որի առաջ ոչ մի ամբարտակ չի կարող կառուցել անգամ գաղափարական երաշտի հետևողական ջատագով իշխանությունը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20