Իրիկնամուտ օրերի մեղեդիներ

- in Մշակույթ
213
Sedrak Erkanyan

Սեդրակ Երկանյանի խոհական բանաստեղծությունը.

Խոհական և սիրո երգերի բաժանումը Սեդրակ Երկանյանի պոեզիայում խիստ պայմանական է: 2013-ին գրված <<Ալեհեր երգեր>> եռերգությունը, ապա՝ մեկ տարի անց՝ <<Վերջաբան երգերն>> անցած կյանքի և ստեղծագործական ուղիների (որ իր համար գրեթե նույնական են) յուրովի ամփոփումներ են՝ խոհական մտածումների գեղարվեստական շարադրանքին միախառն զգացմունք. այդ երգերին համարյա միաժամանակ արարված մեզ հայտնի գործերին հատուկ է մե՛րթ ընդգծված խոհականությունը, մերթ սիրո թրթիռներին ու տրոփներին միախառն թախծությունն ու հիացումը, կարոտն ու հուշը: Փիլիսոփայական ծավալուն և զանգվածային ամփոփումներ՝ որպես այդպիսիք, բացակայում են այդ երգերում, սակայն պատկերի լեզվով արվեստագետի և մտածողի աշխարհընկալումն ու դիտարկումներն են շարադրվում, նաև համառոտ տողերով՝ երբեմն եզրահանգումները: Ներկա և նախկին իրադարձությունների գնահատականը դիմահար ու հռետորական բարձրագոչությունից ի սպառ զուրկ է, այլաբանության և գեղարվեստական արտահայտչամիջոցների լեզվով ներքին պրպտումներն ու պեղումները մատուցվում են իբրև գեղարվեստական անթերի քերթվածքներ: Մտածումի խորքայնությունը Երկանյանի բանաստեղծությունում պայմանավորված է գեղարվեստական խոսքի բազմիմաստությամբ և ասելիքի լեցունությամբ: Խոհական երգերի ակունքը բանաստեղծի առավել վաղ շրջանների ստեղծագործության մեջ պետք է փնտրել, դեռևս 1970-ականների կեսերին գրված քառատողերում, սիրերգերում, պոետիկ էսքիզանկարներում:

ՊՈԵՏԻԿ ԷՍՔԻԶԱՆԿԱՐՆԵՐԸ ՍԵԴՐԱԿ ԵՐԿԱՆՅԱՆԻ

ՎԱՂ ՇՐՋԱՆԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Սեդրակ Երկանյանի վաղ շրջանի պոետիկ մտածումները, մեծավ մասամբ, բնության գրչանկարներ են, ուր դժվար է տարանջատել հույզի հնչույթը բնապատկերից, սրանք էլ խոհական շեշտադրումից: Դրանք ոչ թե կից են, այլ՝ միահյուս, հաճախ ակնարկի նրբագծումով, որ ընթերցողին հնարավորություն է տալիս բառի ու պատկերի գեղեցկությունն ու յուրատիպությունը գեղագիտորեն ըմբոշխնելուց զատ՝ բավական անկաշկանդ մեկնել բանաստեղծական խոհը, որ միանշանակ չէ, այլ՝ զգացողության և խոհի անշոշափ կապով կառուցված: Քառատողերում բնության ակնթարթներին իր ներաշխարհով արձագանքող քսաներկուամյա երիտասարդի քննող, փնտրող հայացքն է՝ հուսացող, անհուսության զգացումը ճեղքող.

<<Անկանգառ անձրև
Ու ոչ մի լույսի շող
Հույսով պարփակված
Երկինք եմ նայում>>:

Մեր հայացքն անհուսությունից կտրող ու դեպի երկիքն ուղղորդող նրա միտքը պատերին է բախվում՝ գորշ հոգիների հանգույն պատնեշներին, ուր ընկալում չկա, այլ միայն <<մերկ>> հաղորդակցում.

<<Նայում եմ դիմաց
Փակված է պատով
Հոգու գորշ գույնով
Հաղորդիչներ մերկ>>:

Իբրև շարքի շարունակություն՝ նույն <<անհույս գորշությունը՝>> երկնքում <<համառ անձրևի>> պահին, ծառերը խոնարհվել են, իսկ խորշում՝ մարդն է. իրականության գորշության ու անհատի բախումը, խորշում պատսպարան գտնելու և կաշկանդվածության զգացումը տրված են քառատողի սուղ տարածքում. ասես, բանաստեղծն ինքն այդ սակավաբառությամբ վերարտադրել է այն խորշը, որում կաշկանդված է անհատը… Իսկ ծառերի <<խոնարհությունը>> արտաքին հաշտությունն է իրականության հետ.

<<Ծառերը խոնարհ
Անձրևը համառ
Երկինքն անհույս գորշ
Խորշում ամփոփված մարդ>>:

Պահ տևող ընկճվածությու՞ն է, թե՞ անցում, որ ավելի պիտի ընդգծի անձրևից թրջված կանաչի վառվռունությունը և սարյակի հատուկենտ՝ բանաստեղծի նկարագրությամբ՝ <<կետ-կետ>> կանչերը, օրվա մեջ նկարվող <<կարմիր օրիորդի>> հայտնությունը.

<<Կիսաբաց պատուհանից
Թրջված կանաչ անձրևից
Կետ-կետ ձայներ սարյակի
Անցում կարմիր օրիորդի>>:

Չորս քառատող՝ յուրաքանչյուրը բնանկարի էսքիզ՝ իր տրամադրությամբ ու անհատի և իրականության հարաբերությամբ, ամբողջության մեջ՝ տրտմությունից մինչև հույս անցման՝ բանաստեղծորեն նկարագրված ընթացք:

Արդեն խորք ու տարածություն ունեցող գունանկար է <<Բլուրներից վերև…>> բանաստեղծությունը՝ հարուստ համեմատություններով. կապույտի ու ամպերի մեջմեջումով երկինքը զիգզագվել է, մարգագետինը կրիայի է նմանվում, որ թաքնվել է անտառների մեջ, խորն ու իմաստալից է ամենն այս լույս բնության մեջ, ու քամին հեղինակի ցանկությունների արտացոլումը տարածում է ալիքներին, որ ծփում է <<իր ամենալավ երգը կապույտ երկնքի մասին>>:

Մի պատկերը չավարտված, առաջինի խորքում սկսվում է երկրորդը, հաջորդիվ՝ երկրորդի խորքում՝ երրորդը, և այսպես մինչև ավարտ. ցանկություններն ալիքվող երգն են՝ զիգզագվող երկնքի կապույտով , որ քամին է տարածել ալիքներին,- բանաստեղծական հնարք՝ շրջապտույտի տպավորություն ստեղծող.

<<Բլուրներից վերև երկինքը զիգզագ է
Անտառները թաքցնում են մարգագետնի երգը
կրիայի պես զգուշացած
օդը շոյում է ցանկություններիս արտացոլումը
իսկ քամին տանում է ու փռում լճակի տարածքում
Խորության խոսքը տարածում է ալիքներ ի նշան հավանության
և ծփում իր ամենալավ երգը
կապույտ երկնքի մասին>>:

Իր կատարյալ <<ես>>-ը որոնող արվեստագետը խորհում է մարդու բնույթի տարատեսակության մասին և ձգտում գոյի <<բյուրեղացման վիճակին>>, ասել է, թե՝ անհասանելիին.

<<…Կա մի վիճակ անհասելի
Բյուրեղացմամբ գոյացումի…>>:

Անորոշության կնիքը կրող, ինքնափնտրումի այս տողերը (1977թվական) շուրջ երեքուկես տասնամյակ հետո արմատները կդառնան Ս. Երկանյանի խոհական երգերի, որ <<Ալեհեր>> և <<Վերջաբան>> պիտի անվանի:

Սկզբնական <<գոյի>> որոնումները վերը նկարագրած շրջապտույտի բանաստեղծական հմայաբանությամբ տանում են դեպի բանաստեղծական մտքի ու արարումների պատկերումը, որ բնության նկարագրեր են՝ շարժման ու փոփոխությունների մեջ: Սկզբում ամեն ինչ սև էր ու պարզ.

<<Գոյության տարածությունը
Պարզ է ու սև է…>>:

Բայց ահա քամին ծառի նազանքը խաչում է անձրևին, և ծնում է մանուկ, նույն օրորոցն է գետնին ընկած շողքը և երկինքը, որ մաքուր թուղթ է, որի վրա լուսինն ատսղերն է հաշվելու, <<արևն այստեղ աստված է նորից>>, քամու խաղն արևի հետ տարածում է նրա նայվածքը. բանաստեղծի խոսքերով <<հուզիչ աղոթքի>> վերածված այս պատկերը մի յուրատիպ արարման կարգ է, ահա թե ինչու ոգևորությամբ ու լույսով է լեցուն ողջ այս քերթվածքը.

<<…Քամին տանում է նազանքը ծառի
Ու խաչվելով անձրևին
Մանուկ է ծնում
Արևից տաքացած գոլորշի
Լույսի շողքը գետին է ընկնում
Դառնում օրորոց
Երկինքը մաքուր թուղթ
Ուր լուսինը հետո
Իր աստղերն է հաշվելու
Իսկ կայծակը պատռիչ
Խառնելու
Պաղ հանգստությունը նրա
Արևը այստեղ աստված է նորից…>>:

Նույն 1976-ին է գրվել <<Հիշում ես ժամանակը…>> տողով սկսվող բանաստեղծությունը՝ բեկված հոգու թախծությամբ, որ իր տրամադրությամբ հակադրվում է վերը քննության առնված քերթվածքին: <<Կաթվածահար երկինք>>, <<անմիտ արև>>, <<անշնչացած օդ>>, <<մեռած շարժում>>. թվում է՝ իրարու անհարիր կապակցություններ, քանզի շարժման մահացածությունը կամ օդի անշնչությունը, անմտությունը կենսատու ճառագումի հուսախաբություն ապրող անհատի դիտարկումներ են. և իրոք, բանաստեղծության վերջում կան տողեր <<ոսկրացած թախծի>> մասին.

<<Հիշում ես ժամանակը
Անմիտ արև ու
Կաթվածահար երկինք
Անշնչացած օդ ու
մեռած շարժում….
Հիշում ես ժամանակը
Ոսկրացած թախծի
Ու պատժված արձագանքը
Պոլիֆոնիայի…>>:

<<Աղաղակի պայծառությամբ>> է հնչում բանաստեղծի տրտունջը. <<Բզկտված հոգիս\\Նորեն ու նորեն\\Կրծում են անհագ\\Անխիղճ անյունռուշտ\\Չկամ բարեկամ…>>:

Հուշապատումը ևս բնության ձայների ու գույների միջոցով է տրվում Երկանյանի պոեզիայում. հուշը պայծառանում է, դառնում շոշափելի ու տեսանելի, ոնց տեսանելի է <<ցանկությունը ուշ մայրամուտի>>, որ տանում են թռչունները, շոշափելի է արշալույսը օրվա, որ <<նոր տեղանք է բացում>> բույսի և օդի, նույն պատուհանի մեջ արշալույսի թրթիռն է ու մայրամուտի պատկերները: Չկետադրվող տողերը դառնում են հավերժական պտույտի նկարագրի մի մաս, բանաստեղծությունները կառուցվում են հաճախ այնպես, որ նվագներն ընթերցվեն ազատ՝ կապելով տողերը ըստ հայեցողության:

Կարելի է ընթերցել այսպես.

<<Թռչունները տանում են
Ցանկությունը ուշ մայրամուտի
Ու պատկերներ դառնում
Պատուհանի մեջ…>>:

Կարելի է՝ միաժամանակ և այսպես.

<<Պատուհանի մեջ
Թրթիռ է արշալույսը օրվա
Որ նոր տեղանք է բացում
Բույսի և օդի…>>:

Եվ այս ընթերցումներն իրարու չեն հակասում, այնպես սահուն են ու ներդաշնակ, ոնց երաժշտական ֆրազների անցումները՝ առանց ընդգծված ընդհատումների: Հուշերն այստեղ, ոնց տողը, երկփեղկվում, ճյուղավորվում է, <<շնչառության ծանրությունը>> քամին է տանում, <<ժայռեր գոյանում օդի բացվածքից>>: Բանաստեղծն երկնքի <<հավերժ հուշագրության>> ընթերցողն ու թարգմանն է, ամենքին <<կանաչ ավետիս>> տվողը:

<<…Ափից ելնում է մի գեղեցիկ հուշ
Ու ճյուղավորվում
Երկնի տարածքում…>>:

Ժամանակի մասին խոհը ու նրանում իր հետքը թողնելու ձգտումը տակավին երիտասարդ արվեստագետն արտահայտում է հետևյալ տողերով.

<<Ժամանակը համր շարժում չէ
Լսել է պետք ժամանակը…>>:

Իր գործերն անկաշառ դատավորի՝ ժամանակի դատին հանձնելու մասին տողերը, ասես, անմիջական նախերգն են հետագա իր խոհական շարքերի, ուր իր գործի գնահատանքն է արդեն տրվել՝ բանաստեղծական բառ ու բանի ողջ ճոխությամբ ու պատկերավորությամբ: Իսկ մինչ այդ՝ 1976-ին գրված այս տողերը՝

<<Մենք ծնվում ենք
Ժամանակի մեջ ու
դառնում նրա
խոսուն վկաներ
հանձնում ենք նրան
մեր կյանքի գործը
քանզի դատավոր է
անաչառ
ու լուռ հեռանում իրենից…>>:

<<Կարմիրով ներկված օրերի>> հիշատակումն այս քերթվածքում սիրով և արարումներով լեցուն ժամերի մասին է, որոնց ի հակադրություն, նորից ու նորից լողում են թախծության նվագներ. <<Հոգումս հույսեր անհույս \\ Որ հանգում են չվառված…>>: <<Անէացում պարզապես \\ Անխռով հոգի ցանկալի>> տենչանքն առանձնացումի և իրականությունից վերացարկվելու հավերժական ձգտման արտահայտություն է՝ տերյանական նվագների հանգույն՝ <<Մթնշաղ, մթնշաղ շուրջս\\ Խոնավ հոսանքներ անգույն>>: Իր ուշ շրջանի գործերում այլևս չեն հանդիպի նկունություն, <<մթնշաղային>> անորոշություն. գույները կհստականան, բառահյուսք վրձնահարվածները լայն ու ընդգծված կլինեն, չափածո խոսքը կզարմացնի միջնադարյան բանաստեղծության լայնածավալությամբ և խորքայնությամբ, արևմտահայ պոեզիայի ավանդույթների վարպետ գործածությամբ, կոմիտասյան քնարի հստակությամբ: Այս ամենի ծիլերն արդեն կան Սեդրակ Երկանյանի վաղ շրջանի գործերում, և դրանցից գեղեցկագույններից մեկը Հառիճում գրված <<Օդից ու քարից շինված ողորմություն…>> տողով սկզբնավորվող քերթվածքն է: Բնավ վանական կառույցի նկարագրություն չէ, այլ հոգու աչքում կաթած պատկեր, հայու հանճարեղ մտքին ձոն-նվիրում, ինքը՝ բառեղեն կառույց.

<<Օդից ու քարից շինված ողորմություն
Աստծո դեմ պրկված մերկ ամոթանքով
Որ ժայռից նետել է մի իմաստություն…>>:

Ժամանակի մեջ մարդու դերի և իր արարման հարատևության թեման յուրակերպ շարունակվում է այստեղ.

<<…Ժամանակը բացում է իր կլոր սեղանը
Գինին նռից է կթած
Որ թափառի հանճարեղ ճիչը արյան
Ու հողից մաքուր երդում
Որ պիտի հյուսի պարզ տարածություն
Աստղի ու Մտքի
Թռիչք է ժամանակը Արևի պես մութ
Ժամանակը կոթող է լուսե>>:

Նրբանկարումները, որ հատուկ են Ս. Երկանյանի վաղ շրջանի պոեզիային, կառուցված են լույս ու ստվերի խաղի, տունկերի ճյուղերում ամփոփված երջանկության, երազից ծնված պատանության, սիրո մայրամուտով լեցուն եթերի հալոցքի, սարից գոյացող հանգստության, ոնց բանաստեղծն է ասում, <<հուզիչ վիճակներով>>.

<<Սարից գոյացել է հանգստությունը
Վեր է բարձրանում
հուզիչ մի վիճակ
Քամին շոյում է
Եթերը լեցուն
Հալվում սիրո մայրամուտ>>:

<<Հուզիչ վիճակներով>> կառուցված խոհականությունը՝ հարստացած տարիների կուտակած իմաստնությամբ և ապրումի անչափելի խորքով, բանաստեղծական արվեստի ողջ հմայքով և բարդությամբ, դրսևորվել է Երկանյանի բուն խոհական շարքերում, որոնց ընթերցումը կլինի հաջորդիվ:

Հասմիկ Սարգսյան

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20