Կանադայում բուժվող Հուսիկը ջերմությամբ է լցրել իրեն հյուրընկալող հայ այրիի տունը

- in Սոցիալական
265
Democracy

Ամուսնու մահից 3 տարի անց կանադահայ Մարի Աղազարյանը հունվարի 6-ին առաջին անգամ է նշել Սուրբ Ծնունդը՝ շնորհիվ սքանչելի 12-ամյա տղայի, ով իր տանն է հյուրընկալվել՝ Մոնրեալի մանկական հանրահայտ Shriners Hospital-ում բուժվելու համար։ Այս մասին հայտնում է Montreal gazette-ը։

Հուսիկը տառապում է արթրոգրիպոզից (հոդաձևախախտումներ)։ Չնայած Հայաստանում մի քանի վիրահատական միջամտություններին՝ նա չի կարողանում սովորականի պես քայլել կամ բարձրանալ աստիճաններով։

Հիվանդանոցում մասնագետները տղայի խնդիրը փորձում են լուծել հատուկ ձգափոկերի միջոցով։

Տղային և նրա մայր Անահիտին հյուրընկալելու խնդրանքով Մարի Աղազարյանին մեկ տարի առաջ դիմել էր մի քահանա։ 76-ամյա Աղազարյանը սկզբում սառնությամբ է վերաբերվել Մոնրեալում մնալու ընթացքում Հուսիկին և նրա մայրիկին աջակցելու գաղափարին։ Պատճառը եղել է տրամադրության բացակայությունը։ Մոնրեալում նրանց մնալը կազմակերպել է Կանադայի հայկական թեմը։ Աղազարյանը, սակայն, տեղի է տվել դստեր՝ Ադրինեի պնդումներին, թե տունը օտարականների առջև բացելը դրական կազդի մոր վրա։ Դա նաև համահունչ է հանգուցյալ Համբարձում Աղազարյանի ոգուն, ով երկար տարիներ հայկական եկեղեցու սարկավագ է եղել և հաճախ մեկնել արտերկիր՝ մարդասիրական աշխատանք կատարելու համար։

Այժմ Մարի Աղազարյանի տունը ջերմությամբ է լցվել։

Մարին և ամուսինը միասին են եղել 55 տարի, Կանադա էին ժամանել 1966 թվականին, սիրահարվել Մոնրեալին։

Այս տարի նա զարդարել է տոնածառը Հուսիկի և նրա մայրիկի հետ, իսկ Հուսիկը խնամքով մաքրել է ձյունն ու սառույցը Մարի Աղազարյանի տան առջևի աստիճաններից։

untitled-11

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20