Կրկին Ղարաբաղի մասին, բայց այս անգամ Սեյրան Օհանյանի հայտարարությունը կարդալուց հետո

- in Մամուլ
269
Seyran Ohanyan

«Փաստ» օրաթերթը գրում է. Այսպիսի մի հետաքրքիր իրավիճակ հայտնաբերեցի: Պարզվում է, որ ղարաբաղյան հակամարտությունը կամ այսպես ասեմ` ղարաբաղյան խնդրի գոյությունը չափազանց օգնում է մեր քաղաքական գործիչներին, հասարակական գործիչներին, տնտեսական գործիչներին, մտավորական գործիչներին:

Դե, արվեստի գործիչների մասին չեմ խոսում, որովհետև նրանք լիուլի իրավունք ու հնարավորություն ունեն իրենց աշխատանքը կառուցել այս թեմայի վրա: Ազգային հարց, զգայացունց պատերազմական տեսարաններ, կռված տղերք, ինքնազոհության փթթուն օրինակներ և էլի նման բաներ: Կարո՞ղ է արվեստագետը արցունքները զսպել ու այս իրավիճակների ու թեմաների վերաբերյալ իր խոսքը չասել:

Բայց տվյալ դեպքում կարևորը առաջին շերտի մարդիկ են, որոնց մասին ասացի: Պատկերացնո՞ւմ եք` ով ուզում է, որ հասարակությունն իրեն տեսնի ու իր ձայնը լսի, դիմում է այս թեմային. այն կա մշտապես, մշտագո է, այժմեական է, այսրոպեական է: Կամ` ո՞վ կհամարձակվի թարս աչքով նայել հեղինակին` այս թեմայի` սուրբ թեմայի շուրջ տեսակետներ հայտնելու կամ այդ թեմայի շուրջ իր մտքերը դասավորել–շարադրելու համար:

Մի խոսքով, այս մարդկանց ընկալմամբ` սուրբ կովի նման մի բան: Խոսիր ու խոսիր հարցի շուրջ. ոչ ոք իրավունք չունի քեզ ընդհատել:
Փաստորեն այն մարդը, ով ուզում է քաղաքականության մեջ մնալ, դիմում է այս թեմային:

Այն մարդը, ով ուզում է գալ քաղաքականություն, դիմում է այս թեմային:

Այն մարդը, ով կորցնում է ոտքի տակի հողը, ու հեսա–հեսա կկորցնի պաշտոնը կառավարման ինչ–որ համակարգում կամ պառլամենտական դահլիճում, դիմում է այս թեմային:
Այն մարդը, ով այլևս չի սիրվում մարդկանց կողմից, կորցրել է իր վարկը հասարակության մեջ, բայց ցանկանում է մնալ նրա համակրանքի մատույցներում, դիմում է այս թեմային:
Այն մարդը, ով փող է ուզում աշխատել, բայց աշխատելու հարմար տարածք ու տարածություն չի գտնում, ղարաբաղյան հարցն ու Ղարաբաղն ինքը կա ու կա:

…Ինչո՞ւ ինձ ևս ոգեշնչեց Ղարաբաղի թեման: Կարդացի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի մտորումներն առ Ղարաբաղ: Իհարկե, հայտարարությունների ժանրով արված:

Ղարաբաղյան չլուծված հարցը չի խոչընդոտում Հայաստանի զարգացմանը: Այս պայմաններում ևս կարելի է զարգացնել երկիրը, և տնտեսական աճի վագրի ցատկեր ապահովել: Հիշում եք երևի, որ նման մի արտահայտություն ժամանակին արվել էր արտաքին գործերի նախկին նախարարի կողմից: Բայց վագրի ցատկը մնաց թղթի վրա, իրականում մեր տնտեսական աճը նման եղավ վագրի ազգակից մյուս կենդանու ցատկին:

Ու… խոսքեր, խոսքեր, բարի ցանկություններ ու կենացներ: Ո՞վ չի ցանկանում մեր Ղարաբաղի լավը. բոլո՛րս ենք նրա լավն ուզում: Ավելին` ո՞վ չի ցանկանում մեր երկրի հզորացումը. բոլո՛րս ենք դա ուզում: Ո՞վ չի ցանկանում մեր տնտեսության աճը, բոլո՛րս ենք ուզում:

Մի խոսքով ոչ մի զարմանալի բան չկա «պետք է», «հարկավոր է» հրամայականների թվարկումներում:

Կարևորը վերջինն է, խոսքի վերջին հատվածը` «Ազատ և արժանապատիվ քաղաքացի ունենալը հայկական զույգ պետությունների անվտանգության ապահովման հիմնական գրավականն է: Հայաստանակենտրոն բոլոր ուժերն իրենց ջանքերը պետք է ներդնեն ներքին կյանքում դրական փոփոխությունների հասնելու և այդ որակի քաղաքացիներից բաղկացած հասարակություն ձևավորելու համար»:

Ա՛յ, այստեղ արդեն զարմանում–տարակուսում ես` պետք էր պաշտոնը կորցնել նո՞ր միայն հասկանալ այդ պարզ ճշմարտությունն ու քաղաքագիտական այբուբենը ներկայացնել որպես հայտնաբերված օրինաչափություն:

Ի վերջո, երկրում ազատ և արժանապատիվ քաղաքացու գոյությունը մաքուր աշխատանքի, կոռուպցիայից զերծ հասարակության շարունակությունն է նաև, ո՛չ միայն նրա նախապայմանը:

Իսկ մենք այսքան տարիներ այդ հասարակությունը չենք ստեղծել: Եվ ամեն մեկս դրան նպաստել ենք մեր տեղում, մեր չափով: Թող ոչ ոք ձեռքերը չլվանա պիղատոսաբար ու մեղքի իր բաժնից հրաժարվի:
Որովհետև մեղքի բաժնից հրաժարվելն էլ է մեղք, որ գործվում է արդեն նախ և առաջ եկող սերնդի առաջ: Որովհետև փորձում ենք նրա կյանքը խարսխել ստի ու կեղծիքի վրա ու նրան զրկում ենք երկիրը կառուցելու հարցում ճիշտ ելակետ ունենալու հնարավորությունից:

Ընդունենք` մենք արեցինք այնքան այս երկրի համար, որքան կարողացանք: Այժմ անելիքը նրանցն է. նրանք պետք է տերը լինեն մեր արածի լավին էլ, վատին էլ: Պարզապես չլղոզենք իրականությունը ու թույլ տանք, որ նրանց գնահատականները հստակ լինեն, որ չփաթաթվեն ու չխարխափեն մեր կողմից հյուսված կեղծիքի ցանցի մեջ:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20