«Համախմբում»-ն այլ ուժերի հետ խորհրդակցություններն ակտիվացնելու համար բանակցող խումբ է ստեղծել

- in Պաշտոնական
152
Vardan Oskanyan

«Համախմբում» կուսակցությունը որոշում է կայացրել ստեղծել բանակցող խումբ, որն առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ակտիվ խորհրդակցություններ կանցկացնի քաղաքական, հասարակական ուժերի և այլ շրջանակների հետ: Այս մասին հայտնել են կուսակցության մամուլի ծառայությունից:

Հունվարի 9-ին տեղի է ունեցել կուսակցության վարչության հերթական նիստը:

Նիստի օրակարգում ընդգրկված են եղել ընթացիկ, նախընտրական քարոզարշավի նախապատրաստության, ինչպես նաև այլ ուժերի հետ բանակցությունների ընթացքին վերաբերող հարցեր:

Տրվել են կոնկրետ հանձնարարականներ: Վարչությունը բավարար է գնահատել այլ քաղաքական ուժերի հետ ընթացող նախնական քննարկումները: Միաժամանակ, որոշում է կայացվել ավելի ինտենսիվ դարձնել դրանք՝ վերջնական որոշումների հանգելու նպատակով:

Վարչությունը նաև որոշում է կայացրել ստեղծել բանակցող խումբ: Վարչությունը լիազորել է կուսակցության փոխնախագահներ Ստեփան Մարգարյանին և Էլինար Վարդանյանին, ինչպես նաև կուսակցության խորհրդի համակարգող Անդրանիկ Թևանյանին ակտիվ խորհրդակցություններ անցկացնել քաղաքական, հասարակական ուժերի և այլ շրջանակների հետ: